Անշարժ գույքի շուկան աշխուժություն է ցույց տալիս. Հայաստանում սկսել են ավելի շատ գյուղատնտեսական հողեր գնել

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Կադաստրի պետական կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը

– Տիկի՛ն Նազարյան, անշարժ գույքի շուկայում ի՞նչ պատկեր է հիմա՝ հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչու ոչ՝ նաև համավարակը: Ի՞նչ ազդեցություն են ունեցել այս դեպքերը շուկայի վրա:

– 2020 թվականին համավարակով պայմանավորված, երբ մարտին հայտարարվեց արտակարգ դրություն, բնականաբար, բացասական ազդեցություն ունեցավ անշարժ գույքի շուկայի վրա: Թե պատերազմի սկզբին, թե ընթացքում, ինչը կրկին բնական էր, շուկայում պասիվություն նկատվեց, ունեցանք ոչ միայն գործարքների քանակային, այլ նաև գնային նվազումներ:

Բայց 2020-ի դեկտեմբերին ունեցանք գործարքների աճ՝ մոտավորապես 75 տոկոսով, ինչը կապված էր Արցախից եկած մարդկանց հոսքով: Հունվար-փետրվար ամիսները միշտ էլ պասիվ են եղել, հետևաբար, չենք կապում պատերազմի հետ, իսկ արդեն մարտից սկսած մենք գործարքների աճ ենք գրանցել:

Եթե խոսենք օգոստոս ամսվա մասին, գրանցել ենք 17907 ընդհանուր գործարք, որն անցած ամսվա համեմատ աճել է 2,3 տոկոսով, իսկ 2020-ի օգոստոսի համեմատ՝ 9,6 տոկոսով:

Անշարժ գույքի շուկան բնութագրող կարևոր գործակիցներն են առուվաճառքը, վարձակալությունը և գրավադրումը: Այս տարվա օգոստոսի դրությամբ կատարվել է առուվաճառքի 5041 գործարք, որն աճել է և՛ նախորդ ամսվա, և՛ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1,8 տոկոսով:

– Իսկ այդ առուվաճառքը վերաբերում է միայն բնակարանների՞ ձեռքբերմանը:

– Ո՛չ, գիտեմ, որ անշարժ գույքի գործարք ասելով բոլորի մոտ հիմնականում տպավորվում է բնակարանի գնում կամ վաճառք, բայց ասեմ, որ գործարքների զգալի մասը բաժին է ընկնում հողերին: 6713 հողային գործարք ենք արել, շատ մեծ ակտիվություն կա գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի մասով:

– Իսկ բնակարանների ձեռքբերման մասով ի՞նչ պատկեր ունեք, տիկի՛ն Նազարյան:

– Բնակարանային 5236 գործարք ենք կատարել: Բնականաբար, գործարքների ակտիվության առյուծի բաժինը Երևանինն է՝ 1567 գործարք, մարզերից ակտիվը Կոտայքն է՝ 1004 գործարք, իսկ ամենաքիչ գործարքը՝ 96, իրականացվել է Վայոց ձորում:

– Գնային քաղաքականությունն ինչպիսի՞ն է այս տարի անշարժ գույքի շուկայում:

– Այս տարվա օգոստոսին՝ հուլիսի համեմատ, գրանցել ենք 1,4 տոկոսով աճ, իսկ անցյալ տարվա համեմատ՝ 2,6 տոկոս: Երևանի վարչական շրջաններից Կենտրոնը շարունակում է մնալ ամենաթանկը, նշեմ նաև, որ քանակային առումով ևս Կենտրոն վարչական շրջանն է առաջատարը՝ ամենաշատ գործարքներն իրականացվում են այստեղ՝ 277:

Կենտրոն վարչական շրջանից հետո Արաբկիրն է, այնուհետև՝ Նոր Նորքը, ամենաքիչ գործարքները գրանցվել են Նուբարաշենում, ի դեպ, գնային առումով ամենամատչելի բնակարանները Նուբարաշենում են, մեկ քառակուսի մետրը՝ 181500 դրամ:

Մարզերում ևս աճ ենք գրանցել, ի դեպ, այսօր ավելի ակտիվ են մարզերը, քան Երևանը՝ և՛ քանակային, և՛ գնային առումով: Այս տարվա օգոստոսին՝ հուլիսի համեմատությամբ, ունեցել ենք 1,8 տոկոսով աճ, իսկ տարեկան կտրվածքով՝ 3 տոկոսի աճ ենք գրանցել:

– Տիկի՛ն Նազարյան, իսկ մարզերում այդ աճն ինչո՞վ եք պայմանավորում:

– Մարզերում ակտիվությունը հիմնականում պայմանավորված է հողերի ձեռքբերմամբ: Միանշանակ է, որ այս տարի իրավիճակը փոխվել է, այսինքն՝ եթե մշտապես Երևանն էր պահանջված, այս տարի այդպես չէ: Սա դրական է այն առումով, որ ապակենտրոնացում է տեղի ունենում, որովհետև Երևանն իսկապես շատ-շատ ծանրաբեռնված է:

– Վարձակալության հետ կապված գործարքների մասով ի՞նչ ակտիվություն է նկատվում:

– Այս գործարքների մասով ևս ունենք որոշակի դրական միտումներ, բայց նշեմ, որ այս կարգի գործարքներն իրականում ավելի շատ են, քան մեզ մոտ գրանցված են, որովհետև մարդիկ հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով հիմնականում դիմում են բրոկերների և կադաստրում գրանցումներ ավելի քիչ են անում, ուստի մեզ մոտ այդ բոլոր գործարքները չեն արտացոլվում:

Բրոկերների ներգրավվածությունն ավելի շատ է վարձակալության ոլորտում, քան՝ գնման: Հանրապետության ողջ տարածքում ունեցել ենք 989 վարձակալության գործարք, որից 417-ը՝ Երևան քաղաքում:

– Իսկ հիփոթեքային եղանակով բնակարանների ձեռքբերման տեմպերն ինչպիսի՞ն են:

– Այսօր բավական ակտիվ է նաև նորակառույցների շուկան, ուստի հիփոթեքային գրավադրմամբ գործարքների ակտիվություն ևս ունենք: Այս տարվա օգոստոսին ունեցել ենք հիփոթեքային գրավադրման 474 գործարք, ինչը հուլիսի համեմատ կրկին ավելի բարձր ցուցանիշ է: Նման գործարքներով ամենաակտիվը Երևանն է:

– Այսինքն՝ կարելի է ասել, որ անշարժ գույքի շուկան համավարակի ու պատերազմի հետևանքները կարողացել է հեշտությամբ հաղթահարե՞լ:

– Շատ զարմանալի է, բայց, այո՛, այդ իրադարձություններից հետո շուկան կարողացավ վերականգնվել: Մենք նաև վերլուծական գրաֆիկական պատկեր ենք կազմել 2010 թվականից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը, ու այդ 11 տարվա ընթացքում 2021-ի օգոստոսին ունեցել ենք ամենամեծ թվով գործարքներ՝ 17907:

– Տիկի՛ն Նազարյան, իսկ գների բարձրացման միտումներն ինչո՞վ են պայմանավորված:

– Պատճառը գնողունակությունն է, այսինքն՝ պահանջարկ կա, իսկ եթե պահանջարկ կա, բնական է, որ գները պետք է բարձր լինեն: Երևան քաղաքում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գներն աճել են 2,6 տոկոսով, մարզերում 3 տոկոսով է աճ գրանցվել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am