«Եթե գիտության ֆինանսավորումը այս տեմպերով շարունակվի, կորուստները շատ մեծ կլինեն»․ Տիգրան Շահվերդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Robomart ընկերության համահիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը

Պարո՛ն Շահվերդյան, Կառավարությունն երեկվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի՝ այս տարի բյուջեից գիտությանը հատկացվող գումարն ավելացվեց 2 մլրդ 784 մլն դրամով։ Այս տարվա բյուջեով գիտությանը հատկացված է ավելի քան 13 մլրդ դրամ, այդ հատկացումը փաստացի ավելացավ 2 մլրդ 784 մլն դրամով։ Ի՞նչ հնարավորություններ կստեղծի այս չափով ֆինանսավորման ավելացումը ոլորտի զարգացման համար։

– Այստեղ խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, թե ի՛նչ խնդիրներ են ծառացած մեր առաջ, և հատկացումներն ավելացնելով՝ պետք է շատ արագ հասնենք այդ խնդիրների լուծմանը։ Թե ի՛նչ խնդիրներ կարելի է լուծել այս տարի, դրա մասին դեռ անցյալ տարվա դեկտեմբերից է խոսվում։

Այն ժամանակ արդեն խոսք էր գնում, որ կան մոտ 6 մլրդ դրամի ծրագրեր, որոնք հենց այս տարի կարելի էր իրականացնել մրցութային հիմունքներով, որոնք հենց նպատակաուղղված են այն գիտական աշխատանքներին, որոնց արդյունքը չափելի է։

Եվ կար խնդիր, որ պետք էր լուրջ փոփոխություններ արվեին բազային աշխատավարձի սանդղակի մեջ, դրա հետ մեկտեղ ինչ-որ բարեփոխումներ անել, որպեսզի երիտասարդները տեսնեն, թե ի՛նչ է սպասում իրենց, եթե մտնեն գիտության ոլորտ։

Եթե այդ փոփոխությունն այս տարվանից սկսվեր, հարկավոր էր ևս 4 մլրդ դրամի ներդրումներ անել։ Այսինքն՝ մոտ 10 մլրդ դրամի գործ կարելի էր անել այս տարի։ Չնայած եթե նայենք մեր կազմակերպության պահանջները, խոսքը ոլորտի ֆինանսավորումը 50 տոկոսով ավելացնելու մասին է, որը մոտավորապես 7 մլրդ դրամ է կազմում։ Դա արդեն մենք կհամարեինք, որ լուրջ քայլ է արվել։

– Հիմա դրա փոխարեն 2,7 մլրդ դրամով է ավելանում ֆինանսավորումը։

– Այո՛, դրա փոխարեն ավելացվում է ընդամենը 2,7 մլրդ դրամ։ Նոր ընդունված օրենքով վերացել է այդ հատկացումների մասին երաշխիքը։ Բայց այդ ելույթի ընթացքում դրան զուգահեռ խոսք է գնում ռազմավարական կարևորության մասին։ Ինչ-որ անհամապատասխան երևույթներ կարծես լինեն։ Հետո խոսք է գնում, որ մինչև 2025 թվականը փոփոխություններ կանեն, որը խոստում է։ Հատկապես հաշվի առնելով, որ հիմա նախընտրական շրջան է, դա կարելի է ոչ միանշանակ գնահատել։

Մեր նախաձեռնության կարծիքն այն էր, որ պետք է անպայման ինչ-որ մեխանիզմով ամրագրել, հանձնառություն ստանձնել, օրենքում ամրագրել դրույթ, որ մինչև 2024 թվականը բյուջեի առնվազն 4 տոկոսը պետք է հատկացվի գիտությանը։ Դա ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսն է կազմում։ (Հայաստանում գիտությանը հատկացվող գումարը կազմում է ՀՆԱ-ի 0,25%-ը ։ Խմբ.) Այդպիսի կետ Հայաստանում «Գիտության մասին» օրենքում եղել է՝ 2000 թվականի բյուջեում 3 տոկոս է գրված եղել, բայց մեկ տարի հետո նախկին իշխանությունները հանել են։

Դա կլիներ լուրջ ազդակ։ Մենք հանձնառություն կստանձնեինք և կսկսեինք պատրաստվել, թե ինչպես ենք այդ ներդրումներն անելու։ Դա հայտարարություն է, որը նշանակում է՝ ռեսուրսներ ենք տրամադրելու, դրանից հետո կարող ես գրել ռազմավարություն, թե ինչպես ես դա արդյունավետ ծախսում։

Կային կարծիքներ, թե ինչո՛ւ ենք 4 տոկոս թիրախ սահմանում, կարող ենք ավելի քիչ սահմանել, բայց ես կարծում եմ՝ ավելի քիչ իմաստ չունի։ Գիտությունն այն բնագավառն է, որ ինչքան էլ ներդնես, կարող ես արդյունք քաղել։

Հիմա հարցն այն է, թե դու ոնց ես աշխարհում մրցում քո մրցակիցների հետ։ Շատ ներդնես՝ ավելի լավ կմրցակցես, քիչ ներդնես՝ ավելի քիչ։ Դա անընդհատ մրցավազք է, եթե ուզում ես մրցունակ լինել, պետք է համապատասխան ներդրումներ անես գիտության ոլորտում։

Հարց չպետք է դրվի, որ քչով բավարարվենք, ընդհակառակը՝ հարցը պետք է դնել, որ մեզ ավելին է պետք։ Մենք ասում էինք՝ հիմա առնվազն շեմ ամրագրենք, դա արդեն ազդակ է, որ այս անգամ լուրջ է, միայն խոստումներ չեն։

Եվ արդեն այն գիտնականները, ովքեր Հայաստանում են, և դրսի հայ գիտնականներն արդեն ավելի լուրջ կվերաբերվեին, եթե դիմեինք իրենց ու ասեինք՝ եկեք միասին հասկանանք, թե ո՛նց ենք առաջ շարժվելու։ Հիմա եթե դիմում ես, ասում են՝ դե, խոստումներ են, էլի։

Պատերազմից հետո շատ է խոսվում այն մասին, որ գիտության ներուժը պետք է օգտագործել ռազմարդյունաբերության մեջ։ Այս ուղղությամբ աշխատանք կա՞, Կառավարությունն ասում է, թե քայլեր են սկսում, դուք տեսնո՞ւմ եք։

– Մենք ունեցել ենք շփումներ, գիտենք, թե ինչի՛ պակաս կա այս ոլորտում։ Եվ այդ պակասը լրացնելու համար այսօր պետք է լուրջ ներդրումներ անել գիտական պոտենցիալի մեջ։ Օրինակ՝ մենք բազմիցս խոսել ենք կառավարման համակարգերի գիտելիքների ու կարողությունների զարգացման մասին։

Ասում են՝ այս տարի սկսել են բարձրագույն կրթության ոլորտում տարբեր ծրագրեր իրականացնել՝ ԱԹՍ-ների հետ կապված և այլն։ Այդտեղ ամենակարևոր բաղադարիչներից մեկը կառավարման համակարգերի կուրսն է, որի համար դասախոսներ պետք է լինեն։ Դրա համար գիտնականներ են պետք, հետևաբար, այսօր մենք պետք է ակտիվ կարողանանք կազմակերպել այդպիսի գիտնականների վերադարձը Հայաստան։

Դուք կանխատեսել էիք, որ մինչև 2025 թվականը Հայաստանում գիտություն գրեթե չի մնա։ Նկատի ունեք, որ եթե աշխատանքներն այս տեմպերո՞վ շարունակվեն։

– Կորուստներ ամեն դեպքում լինելու են, եթե անգամ ամենալուրջ մակարդակով այսօր սկսենք զբաղվել գիտության վերականգնմամբ։ Բայց հարցն այն է, թե ինչքանով կկարողանանք մենք կանխել այդ կորուստները։

Եթե այս տեմպերով շարունակենք, ինչպես այսօր իրենք են առաջարկում՝ 2 մլրդ դրամով այս տարի ավելացնել ֆինանսավորումը, այդքան էլ՝ հաջորդ տարի, կորուստները կլինեն շատ մեծ։

Ինչպե՞ս ենք կարողանալու մենք խրախուսել երիտասարդների մուտքը գիտության ոլորտ։ Էլի եմ ասում՝ պետք է ոլորտ մտնեն երիտասարդներ, ովքեր փորձառու գիտնականներից իրենց փորձը կվերցնեն ու աշխատանքը կշարունակեն։

Այսօր, եթե հայ գիտնականները համայնքից դուրս են գալիս, մահանում են կամ թոշակի են անցնում, վերջ, իրենց ամբողջ գիտական խումբը կորչում է։ Չունեն իրենց խմբում մի երիտասարդ, որը այնքան է զբաղվել գիտությամբ, որ ունակ է շարունակելու ղեկավարումը։

Քանի որ գիտական աստիճան ունեցող մեր 2500 գիտաշխատողներից 1000-ը 65 տարեկանից մեծ են, իմ կանխատեսումը դրա հետ է կապված, որ մոտ 5 տարուց կարող ենք ենթադրել, որ չի լինելու այդ մարդկանց պոտենցիալը։ Իսկ գիտական արդյունքի հիմնական մասն այսօր ստեղծվում է այդ տարիքի մարդկանց կողմից։

Մի քիչ անհասկանալի է, որ խոսում են ռազմավարական կարևորության մասին, բայց կատարվում են փոքր մարտավարական քայլեր, որոնք իրականում արդյունավետ չեն։

– Մեր պետությունը, բյուջեն ունե՞ն այդ ռեսուրսը, որ այսօր գիտությանն ավելի շատ գումար հատկացնեն։

– Ես համոզված եմ, որ դա պատճառ չէ։ Ռեսուրսները երբեք անվերջ չեն, ոչ մի երկիր աշխարհում չունի անվերջ ռեսուրսներ։ Ուղղակի յուրաքանչյուր երկիր իր սահմանափակ ռեսուրսներից ինչ-որ մաս տալիս է գիտահետազոտական ու փորձարարական մշակումների զարգացման համար։

Հիմա մեր դեպքում իրավիճակը հետևյալն է՝ մենք ֆինանսական միջոցների պակաս ունեինք, և դրա համար պարտք վերցրեցինք՝ 750 մլն դոլարի եվրոբոնդեր թողարկվեցին։

Մեր ասած թվերով, որ այս տարի 50 տոկոսով պետք էր ավելացնել ոլորտի հատկացումները, 12,5 մլն դոլարի մասին է խոսքը։ Այսինքն՝ 750 մլն դոլարի փոխարեն կարելի էր վերցնել 762,5 մլն դոլար պարտք։

Դրանից մեծ բան չէր փոխվի, բայց դու այդ գումարը կծախսեիր այն գործի վրա, որը վաղը քեզ թույլ է տալու այդ գումարները վերադարձնել։ Այլապես դու ուղղակի մեծացնում ես պարտքի բեռը մեր երեխաների ու թոռների համար։

Եթե գումարը վերցնում ես ու սպառում, չես ներդնում այն գործի մեջ, որը քեզ հետագայում թույլ է տալու ավելացված արժեք ստեղծել, բյուջեն մեծացնել, հետո այդ պարտքը վերադարձնելու խնդիր է ծագում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am