Մարդու իրավունքների (ՄԻ) վիճակին գնահատական տալուց առաջ նախ պետք է գնահատական տալ Հայաստանի քաղաքական համակարգին, որն էլ հենց որոշիչ է այդ ոլորտում առկա վիճակի համար:
Եթե զրուցենք Հայաստանի արմատական ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների հետ, ապա նրանք համոզված կհայտարարեն, որ Հայաստանում հաստատված է բռնապետական համակարգ: Այդպիսի գնահատականի հետ դժվար է համաձայնվել, քանի որ Հայաստանում առկա են որոշ ազատություններ, մասնավորապես` միավորումների ազատությունը, որոշակի սահմանափակումներով խաղաղ հավաքների, խոսքի ազատությունը:
Արդյո՞ք սրանից հետևում է, որ Հայաստանը ժողովրդավարական կամ դեպի ժողովրդավարություն ձգտող երկիր է, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, ինչպես պնդում են իշխանական ուժերը: Այս գնահատականը նույնպես որևէ քննություն չի բռնում: Այսպես, որևէ երկրում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորվածությունը պայմանավորված է երկու կարևոր բաղադրիչների ապահովվածությամբ՝ ուղղակի ժողովրդավարությամբ և օրենքի գերակայությամբ (իրավական պետություն):
Հին Սահմանադրությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը
Հայաստանում առաջին բաղադրիչը բացակայում է: Անկախություն ստանալուց հետո Հայաստանում անց են կացվել 5 խորհրդարանական և 5 նախագահական ընտրություններ, որոնցից ոչ մեկը չի համապատասխանել միջազգային չափանիշներին: Եթե 90–ական թվականներին ընտրությունները կեղծվում էին ամենակոպիտ մեթոդներով՝ բռնություններով, քվեատուփերի լցոնումներով, արձանագրությունները փոխելով, ապա վերջին ընտրությունների ժամանակ կիրառվում են ավելի կատարելագործված տեխնոլոգիաներ՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսներ, ուռճացված ցուցակներ և տարբեր հասցեներում հաշվառված անհայտ անձինք:
Արդյունքում դեռևս ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխություն չի եղել, և հանրության կողմից առկա է համատարած անվստահություն ընտրական գործընթացների նկատմամբ:
Փորձենք գնահատական տալ երկրորդ բաղադրիչին՝ օրենքի գերակայությանը, կամ ավելի պարզ` դատաիրավական համակարգի անկախությանը: Հայաստանը ձևական առումով համարվում է կիսանախագահական պետություն, սակայն իրականում ՀՀ նախագահն օժտված է մեծ լիազորություններով:
ՀՀ՝ այլևս նախկին Սահմանադրության 49-րդ հոդվածը սահմանում էր. «Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:
ՀՀ նախագահը ոչ միայն նշանակում էր վարչապետին և վերջինիս առաջարկությամբ բոլոր նախարարներին, այլև ՀՀ պաշտպանության նախարարի ու նրա տեղակալների, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական կոմիտեի պետերի և տեղակալների ուղիղ նշանակումներ էր անում, գլխավոր դատախազը նրա թեկնածուն էր, Արդարադատության խորհրդի կողմից առաջադրված դատավորների թեկնածուներից նշանակում էր իր նախընտրածներին:
Այսպիսի համակարգը դե յուրե հաստատում է, որ Հայաստանում բացակայում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և հանրության միակ հույսն իր իրավունքների պաշտպանության համար կարող է լինել ՀՀ նախագահի մարդկային հատկությունները՝ անձնական, ընտանեկան, ընկերական, կուսակցական կամ այլ շահերի բացարձակ բացակայությունը, ինչպես նաև` ուժեղ, միաժամանակ բարի և արդարամիտ բնավորությունը:
Կարծում ենք` այսպիսի հատկանիշներով անձնավորություն լինում է միայն առասպելներում՝ հպատակների երազանքներին հագուրդ տալու համար: Գուցե ընդդիմախոսները կհակաճառեն` ասելով, որ երեք նախագահների հարցով Հայաստանի բախտը չի բերել:
Մարդու իրավունքները պետության և մարդու միջև ուղղահայաց հարաբերություններն են, այսինքն մարդու նկատմամբ կատարված հանցագործությունը պետական որևէ պաշտոնյայի կողմից համարվում է մարդու իրավունքների խախտում: Այսպես, իշխանության ո՞ր թևն է որպես կանոն խախտում մարդու իրավունքները: Պատասխան՝ գործադիր, հատկապես ոստիկանություն, դատախազություն, Արդադատության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, մարզպետարաններ և այլն:
Ո՞ր թևը պետք է վերականգնի խախտված իրավունքները՝ դատական: Հայաստանի պարագայում այդ բոլոր պետական մարմինները գտնվում են մեկ կաթսայում՝ զրկված ինքնուրույնությունից, նույն անձի կողմից նշանակված` կատարելով վերջինիս հրահանգները:
Եվ արդյո՞ք սահմանադրորեն ամրագրված պետության գլուխը՝ նախագահը, կարող է իր յուրայիններից մեկին որևէ զանցանքի կամ հանցանքի համար պատժել, ավելի ճիշտ` հանձնարարել պատժել իրեն ենթակա և նույնպես յուրային պաշտոնյային, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց այդ պաշտոնյաներն են, հատկապես ուժայինները, իշխանության հիմնական հենարանը:
Համենայն դեպս, անկախ Հայաստանի արդեն շուրջ 25 տարիների պատմության ընթացքում դեռևս այդպիսի նախադեպ հայտնի չէ, հակառակ օրինակները բազմաթիվ են:
Այս պայմաններում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանում մարդը պաշտպանված է ոչ թե օրենքով, այլ իր պաշտոնական դիրքով և ֆինանսական միջոցներով, որոնք հիմնականում համընկնում են, քանի որ պատգամավորների և նախարարների մեծ մասը նաև խոշոր գործարարներ են: Այս իրավիճակն ստեղծել է անպատժելիության մթնոլորտ կամ ընտրովի արդարադատություն:
Պարբերաբար Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ կամ նրանց որդիները, հարազատները հայտնվում են զանազան քրեական սկանդալներում և որպես կանոն չեն պատժվում կամ պատիժը ձևական բնույթ է կրում: Պատճառը նաև իշխանության և բիզնեսի սերտաճումն է, ինչպես նաև՝ ուղղակի ժողովրդավարությունը՝ ընտրությունները, որոնք պարբերաբար կեղծվում են: Իշխանությունը Հայաստանում միայն իշխանություն չէ, այն ունեցվածք է, բիզնես, և այն ամեն գնով պահելը կամ վերջինիս մաս դառնալը նշանակում է պահպանել ունեցվածքը նաև անօրինական միջոցներով: Խաղի կանոններն են այդպիսին:
Այսպիսով, իշխանության տարանջատման բացակայության պայմաններում Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ:
Սակայն առօրյա կյանքում Հայաստանի քաղաքացիները հիմնականում անտարբերություն են դրսևորում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ, եթե դրանք չեն առնչվում անձամբ իրենց կամ չեն կրում զանգվածային բնույթ, որոնք, որպես կանոն, համընկնում են հատկապես նախագահական ընտրությունների և հետընտրական շրջանի հետ: Այդ ժամանակահատվածում ընտրակեղծիքներն ուղեկցվում են բռնություններով, սահմանափակվում են խաղաղ հավաքների, միավորումների, ազատ արտահայտվելու ազատությունը, ունենում ենք քաղբանտարկյալներ, իսկ 2008թ.` նաև 10 զոհ, որոնց մահվան համար պատասխանատուները դեռևս չեն հայտնաբերվել և պատժվել:
Փորձենք գնահատական տալ, թե Հայաստանում որ հիմնարար իրավունքներն են հատկապես խախտվում:
Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանում չի գործում հիմնական քաղաքական` ընտրելու և ընտրվելու իրավունքը: Հաջորդը արդար դատավարության իրավունքն է, որի ոչ ուղղակի ապացույցներից են արդարացման չնչին՝ շուրջ 2 տոկոս կազմող վճիռներն ու քննիչների կողմից խափանման միջոց որպես կալանք ընտրելու միջնորդությունների` դատարանների կողմից համատարած բավարարումները: Որպես փաստարկներ կարելի է ներկայացնել նաև դատարանների մասին Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, ինչպես նաև հատվածներ՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի վերջին զեկույցից:
Կարծում ենք` Հայաստանում մարդու իրավունքների գուցե ամենալուրջ խնդիրը մարդու բացարձակ իրավունքի՝ վատ վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու խախտումների պրակտիկան է: Միայն ԵԽ խոշտանգումների կոմիտեի 2002-2013թթ. զեկույցներում պարբերաբար կրկնվող խոշտանգումների փաստերը բավական են դա ապացուցելու համար: Չնայած և՛ իրավապաշտպանների, և՛ փաստաբանների բազմաթիվ բողոքներին` դեռևս ոչ մի պաշտոնյա խոշտանգումների համար չի պատժվել: Լուրջ խնդիր է նաև խտրական վերաբերմունքի դրսևորումները կրոնական առանձին խմբերի և սեռական փոքրամասնությունների նկատմամբ, որը ոչ միայն իշխանության, այլև հասարակության կարծրատիպային մտածողության հետևանք է:
Մարդու իրավունքների մասին զեկույցներում որպես կանոն ներկայացվում են հիմնարար իրավունքները` հաճախ անտեսելով սոցիալ-տնտեսականը: Այս բնագավառում իրավիճակն առավել քան աղետալի է: Սոցիալապես անապահովները գործնականում զրկված են առողջապահական տարրական օգնությունից: Չեն պահպանվում նաև աշխատանքային իրավունքները: Գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունները հաճախ կարելի է բնորոշել ստրկական: Աշխատողները հաճախ չունեն պայմանագրեր, աշխատում են չնորմավորված գրաֆիկով, առանց հանգստյան օրերի, արձակուրդի: Այս բնագավառում պետության վերահսկողությունը շատ թույլ է, եթե չասենք բացակայում է:
Կարծում ենք` պատճառը վերը նշված իշխանության և բիզնեսի սերտաճումն է, քանի որ գործարարը շահագրգռված է առավելագույն շահույթ ստանալ, իսկ որպես իշխանություն ինքն իր նկատմամբ հսկողություն չի իրականացնի: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ազդեցիկ քաղաքական ուժերից ոչ մեկը ձախ, սոցիալիստական գաղափարների կրող չէ, չկան նաև իրապես անկախ և ագրեսիվ արհմիություններ, ապա պատկերը ամբողջական կլինի:
Չի կարելի առանձնացնել մարդու հիմնարար և սոցիալ-տնտեսական իրավունքները: Կարծում ենք, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը լոկոմոտիվի դեր կկատարեր սոցիալական իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես, անկախ դատական իշխանությունը կապահովեր ոչ միայն հիմնարար իրավունքների իրացումը, այլև ազատ տնտեսական մրցակցությունը, որն էլ իր հերթին կհանգեցներ տնտեսական զարգացման և սոցիալական իրավունքների բարելավման:
Ընդհանրացնելով արձանագրենք, որ մարդու իրավունքների պաշտպանության հիմնական երաշխիքը իշխանությունների տարանջատումն է, այն է՝ անկախ դատական իշխանության առկայությունը: Արդյո՞ք վերջին քսան տարիների ընթացքում հասարակության կողմից ձևավորվել է համակարգային փոփոխությունների, այդ թվում` դատական համակարգի անկախության պահանջ: Համենայն դեպս, Հայաստանի ազդեցիկ կուսակցությունների մեծ մասն իր ծրագրերում նման խնդիր չի բարձրացրել:
Նոր Սահմանադրություն և հանրաքվե
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ շրջանի` 2013թ. առաջին իսկ տարում շատերի համար անսպասելիորեն նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթաց` ձևավորելով մասնագիտական հանձնաժողով, որն էլ 2014թ. հանրությանը ներկայացրեց սահմանադրական նոր հայեցակարգ՝ անցում խորհրդարանական կառավարման համակարգին: Արդ, ո՞րն էր սույն նախաձեռնության շարժառիթը, եթե նկատի ունենանք, որ, որպես կանոն, իշխող դասը, եթե ներքևից ճնշում չկա, կամովին չի սահմանափակում իր իշխանությունը:
Հարկ է նշել, որ ունենալով փաստացի անսահմանափակ լիազորություններ` ՀՀ նախագահը սահմանափակումներ ունի ժամանակային առումով. ՀՀ՝ այլևս նախկին Սահմանադրության 50 հոդվածի համաձայն «նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»:
Այսպիսով, երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո նախագահն անցնում է “վաստակած հանգստի”` կորցնելով իշխանական ողջ լծակները: Կարծում ենք` սա էր սահմանադրական փոփոխությունների թերևս միակ շարժառիթը, քանի որ խորհրդարանական կառավարման պայմաններում ժամկետային արգելք չի նախատեսվում, և տեսականորեն նույն քաղաքական ուժն անսահմանափակ ժամանակով կարող է լինել իշխանության ղեկին, իսկ նրա առաջնորդը լինել վարչապետ:
Իդեպ, նման դիտարկում էր կատարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությունը. «ՀՀ սահմանադրական փոփոխությունների հիմքում նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցումն էր, ինչը բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվում էր որպես գործող նախագահի` պաշտոնավարության երկրորդ փուլի ավարտից հետո իշխանությունը պահպանելու հնարավորություն»:
Արդյո՞ք սահմանադրական փոփոխություններով երաշխավորվում են Հայաստանի ժողովրդավարական զարգացումներն ու իշխանությունների տարանջատումը:
Ըստ առաջարկվող փոփոխությունների 89-րդ հոդվածի` ընտրությունների արդյունքում նախատեսվում է պարտադիր, կայուն մեծամասնության ձևավորումը: Ընդ որում, եթե այն չի ձևավորվում ընտրության արդյունքում, ապա անց է կացվում ընտրության երկրորդ փուլ: Հաշվի առնելով Հայաստանում «ընտրական տխուր ավանդույթները»` կարելի է պատկերացնել, թե իշխող Հանրապետական կուսակցությունն ինչպիսի մեթոդներով կապահովի անհրաժեշտ կայուն մեծամասնություն:
Ինչ վերաբերվում է իշխանության այլ մարմինների ձևավորմանը (դատական բարձրագույն խորհրդի 5 անդամներ, Գլխավոր դատախազ, Հատուկ քննչական կոմիտեի պետ, Մարդու իրավունքների պաշտպան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Վճռաբեկ դատարանի դատավորներ), ապա նրանք նշանակվում են խորհրդարանի ձայների 3/5-ով: Եթե հաշվի առնենք, որ 3/5-ը կազմում է 60%, իսկ 89-րդ հոդվածով նախատեսված կայուն մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, նույնպես կկազմի շուրջ 60%, ապա իրականում կունենանք ոչ թե դասական խորհրդարանական կառավարման, այլ մեկ կուսակցության կողմից կառավարման համակարգ, այս անգամ էլ դատաիրավական համակարգի կախվածություն կուսակցությունից:
Ինչևէ, 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Ըստ դիտորդների արձանագրած տվյալների` հանրաքվեն անցել է կոպիտ խախտումներով: Դիտորդության ժամանակ արձանագրվել են ընտրակաշառքի, այլ անձի փոխարեն և կրկնակի քվեարկության բազմաթիվ դեպքեր, համատարած լցոնումներ և լցոնման փորձեր, կեղծ լրացուցիչ ցուցակներով ընտրողներ, ճնշումներ, սպառնալիքներ դիտորդների, վստահված անձանց, լրագրողների նկատմամբ, դիտորդների աշխատանքների խոչընդոտում, քվեարկության մասնակիցների և քվեաթերթիկներ ստացողների թվերի անհամապատասխանություններ, քվեաթերթիկների վերահաշվարկներ, որոնց ընթացքում շատ տեղամասերում արձանագրվել են էլեկտրաէներգիայի “հովհարային” անջատումներ և փոխվել են քվեարկության արդյունքները (վերահաշվարկները կատարվել են այն տեղամասերում, որտեղ նախնական արդյունքներով շատ է եղել «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը, վերահաշվարկի արդյունքում ավելացել է «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը), քվեարկության գաղտնիության բացահայտումներ, քվեարկության սենյակներում կողմնակի անձանց ներկայություն, տաքսիներով, երթուղային և այլ անձնական մեքենաներով պարբերաբար մարդկանց տեղափոխում տեղամասեր և այլ խախտումներ:
Վերջաբանի փոխարեն
Ինչպիսի՞ն է եղել անցած շուրջ 25 տարիների ընթացքում մարդու իրավունքների վիճակի զարգացման դինամիկան անկախ Հայաստանում, և ի՞նչ մարտահրավերներ են մեզ սպասվում:
Պայմանականորեն այն կարելի է բաժանել երկու շրջանի՝ 1990, 1991-2001թթ. և 2001թ-ից հետո: Անկախություն ստանալուց հետո Հայաստանի իշխանությունը հռչակեց իր հավատարմությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ: Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, վավերացրեց մարդու իրավունքներին վերաբերվող կոնվենցիաները, սակայն իշխանություն պահելու գայթակղությունն այդ ամենը թողեց հռչակագրային մակարդակում:
Ժողովրդավարության առաջին քննությունը 1995թ. խորհրդարանական ընտրություններն էին: Հայաստանի իշխանությունն այն չհանձնեց, և դրվեց ընտրությունների կեղծման արատավոր ավանդույթի սկիզբը: Նույն թվականին կեղծիքներով ընդունված Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի ոչ իրավական համակարգը: Եվ արդեն այդ տարիներին ամրապնդվեց իշխանությունների ամենաթողությունը և ընտրովի արդարադատությունը:
2001թ. Հայաստանը, դառնալով Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ, վերցրեց որոշակի պարտավորություններ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես` հիմնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն, բանտային համակարգը ՆԳՆ-ից փոխանցել ԱՆ-ին և այլն[8]: Սկսեց գործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը և այլն:
Չնայած ավելի մեծ սպասելիքներին` այնուամենայնիվ, ԵԽ-ին անդամակցությունը եթե ոչ հիմնովին, ապա որոշակի զսպիչ դեր է կատարում մարդու իրավունքների` գոնե առավել չվատթարացնելու հարցում: Եթե դրան ավելացնենք վերջին տարիներին քաղաքացիական տարբեր խմբերի, շարժումների որոշակի հաջողությունները, ապա կարելի էր լավատեսորեն տրամադրվել, եթե..
Եթե չլիներ 2013թ. Մաքսային հետագայում ԵՏՄ անդամակցությունը: Եթե հաշվի առնենք ԵՏՄ անդամ պետություններում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը, ապա սույն զեկույցում ներկայացված Հայաստանում մարդու իրավունքների` թերևս բավականին մռայլ պատկերը քիչ համեմատելի են մյուս անդամ երկրների առավել մռայլ իրավիճակի հետ:
Այնպես որ, եթե այդ միությունն իսկապես կուռ կառույց դառնա, ինչպես նախատեսել են դրա հիմնադիրները, թերևս Հայաստանն ստիպված կընդունի ընդհանուր միության խաղի կանոնները, և մենք լուրջ հետընթաց կունենանք ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում:
Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ
ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ