Թուրքիայի նախընտրական պայքարում Արևմուտքն աջակցում է Քըլըչդարօղլուին, Ռուսաստանը՝ Էրդողանին. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, կխնդրեմ ներկայացնեք՝ ինչպե՞ս է այն ընթանում, և այս պահին հաղթանակի հասնելու ո՞ւմ շանսերն են ավելի մեծ։

– Թուրքիայում նոր է սկսվել նախընտրական պայքարը, և ներկա փուլում շատ դժվար է քիչ թե շատ հստակ կանխատեսումներ անել, որոնք կհամապատասխանեն օբյեկտիվ իրավիճակին, մանավանդ որ սկսել են արդեն հրապարակվել տարբեր վերլուծական կենտրոնների հարցումների տվյալները, որոնք մեկը մյուսից շատ են տարբերվում։ Ակնհայտ է, որ դրանք քաղաքականապես կապված են կա՛մ իշխանությունների, կա՛մ ընդդիմության հետ, ու նրանց հաճոյանալու համար են այդպիսի տվյալներ հրապարակվում, որովհետև տարբերությունները շատ մեծ են՝ 10-15%։ 

Իրավիճակը սա է, բայց մի կարևոր դիտարկում անեմ ու ընդգծեմ, որ ենթադրվում էր, որ նախընտրական պայքարը կընթանա տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների ներքո, բայց, իմ դիտարկմամբ, այդ թեման նախընտրական պայքարից եթե դուրս չի մնացել, ապա հայտնվել է լուսանցքում։ 

Սա կապված է այն հանգամանքի հետ, որ Էրդողանին հաջողվել է, հաշվի առնելով նաև իր ազդեցությունը ԶԼՄ-ների վրա, հասնել նրան, որ երկրաշարժի թեման կենտրոնական չդառնա նախընտրական պայքարում, որովհետև եթե այն դառնար կենտրոնական թեմա, իր դիրքերը կթուլանային, քանի որ ակնհայտ էր այն դժգոհությունը, որ մարդիկ ունեին իշխանությունից երկրաշարժից հետո։ 

Հիմա նախընտրական պայքարը ընթանում է համեմատաբար հանգիստ, բայց ես կարծում եմ, որ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը իրենց վերջնական հաղթաթղթերը, ինչպես ասում են, դեռ չեն օգտագործում, պահում են նախընտրական պայքարի ավելի ուշ փուլերի համար։

– Իսկ քարոզարշավի առանցքային թեման ո՞րն է։

– Այստեղ կրկին երևում է Էրդողանի վարպետությունը, որ նա կարողանում է իր ելույթներում նախընտրական պայքարի ընթացքն ուղղորդել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու։ Ամենավերջին թեմաները, որ սկսեցին լայնորեն քննարկվել թուրքական մամուլի կողմից, հետևյալն էին․ առաջինը, որ Էրդողանը սկսեց ավելի ինտենսիվ օգտագործել այն հանգամանքը, որ Թուրքիայում տարածված են հակաամերիկյան տրամադրությունները։ 

Թուրքիան, կարելի է ասել, Մերձավոր Արևելքի ամենահակաամերիկյան երկրներից մեկն է՝ բնակչության առումով, և Էրդողանը մի քանի օր առաջ շատ հստակ մեսիջ ուղղեց իր ընտրողներին, որ ինքն էլ ղեկավարում է այդ հակաամերիկյան զգացմունքները, որովհետև ԱՄՆ դեսպանը հանդիպել էր ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, հետո ցանկացել էր հանդիպել Էրդողանի հետ, վերջինս՝ բավական կոպիտ ձևով, «դու»-ով դիմելով դեսպանին, նրան «իր տեղը ցույց տվեց»։ 

Երկրորդ թեման, որ կրկին այս վերջին երեք օրվա ընթացքում լայն տեղ գտավ թուրքական ԶԼՄ-ներում, այն է, որ Քըլըչդարօղլուն լուսանկար էր հրապարակել, որում ինքը կոշիկով կանգնած է այն փոքր գորգի վրա, որն օգտագործում են մզկիթներում նամազի ժամանակ։ Իրավունք չկա, սակայն, կոշիկով կանգնել նամազի համար նախատեսված այդ գորգի վրա, դա սրբապղծություն է համարվում։ 

Այդ լուսանկարի հանգամանքը, իհարկե, Էրդողանը օգտագործեց, որպեսզի քննադատի Քըլըչդարօղլուի վարքը, այսինքն՝ նա օգտագործեց նաև Թուրքիայում լայն տարածում գտած իսլամամետ տրամադրությունները։ Սրանք են այդ հիմնական թեմաները, որ մամուլը քննարկում է։

 – Կարո՞ղ ենք ասել, որ գոնե այս փուլում իշխանությունն է նախաձեռնությունը իր ձեռքը վերցրել, պարո՛ն Սաֆրաստյան։

– Իհարկե, իր փորձի, ճարպկության, խարիզմայի շնորհիվ Էրդողանին հաջողվեց այն, որ ինքն է թելադրում նախընտրական պայքարի օրակարգը։

– Եթե իրադարձությունների այս ընթացքը չփոխվի, ըստ ձեզ՝ Էրդողա՞նը կհաղթի։

– Հիմա իսկապես դժվար է ասել, որովհետև ամեն ինչ դեռ նոր-նոր է սկսվում, իհարկե, ընդդիմությունն էլ իր հաղթաթղթերն ունի, որոնք վստահաբար կօգտագործի, բայց այս փուլում, կարծես թե, Էրդողանին դեռ հաջողվում է թելադրել պայքարի հիմնական օրակարգը։ 

Արևմտյան մամուլը բավական հստակ գրում է, որ եթե իշխանության գա ընդդիմությունը, ապա Թուրքիային ավելի հեշտ կլինի հաղթահարել երկրաշարժի հետևանքները, որովհետև Արևմուտքից օգնությունը ավելի մեծ կլինի։

– Այսինքն՝ Արևմուտքն անթաքույց աջակցում է ընդդիմության ներկայացուցչի՞ն։ 

– Այո՛, արդեն երևում է, մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Ռուսաստանն էլ աջակցում է Էրդողանին։ Այնպես որ, Թուրքիայի այս ընտրությունները, բացի ներքին քաղաքական նշանակությունից, ունեն նաև աշխարհաքաղաքական նշանակություն, փաստորեն սկսվում է երկու բևեռների՝ Արևմուտքի ու Ռուսաստանի պայքարը Թուրքիայի նախընտրական քարոզարշավում, բայց, իհարկե, Էրդողանը շատ զգույշ է, շատ չի գնում Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման։ 

– Գիտենք Էրդողանի որդեգրած քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների մասով, իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունի ընդդիմության ղեկավարն այս մասով, ու, ըստ այդմ, Հայաստանի համար ո՞ւմ հաղթանակը ավելի ցանկալի կարող ենք համարել։

– Մինչև Հայաստանին անդրադառնալը, նշեմ, որ պոլսահայ համայնքը դժգոհ է Էրդողանի քաղաքականությունից ու հույս ունի, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ավելի մեղմ քաղաքականություն կվարի պոլսահայ համայնքի նկատմամբ, դրա համար, կարծես թե, հիմա կարելի է ասել, որ պոլսահայ համայնքը նախապատվությունը հիմնականում տալիս է ընդդիմությանը, որի մասին կան համայնքի երևելի ներկայացուցիչների համապատասխան հայտարարություններ: 

Ես համոզված եմ, որ թուրքական վերնախավը Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը ձևավորել է սրանից 30 տարի առաջ, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունը նոր էր ստեղծվում։ Այդ մոտեցումը, իմ գնահատմամբ, հետևյալն է․ Հայաստանը Թուրքիայի համար առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում տնտեսական առումով, ռազմական առումով՝ վտանգ, իսկ սրան հակառակ՝ Հայաստանի համար Թուրքիան ավելի կարևոր է, դրա համար եթե Հայաստանն ուզում է Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ ու բաց սահման, ապա պետք է գին վճարի։ 

Այդ գինը այն նախապայմաններն են, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ Հայաստանի առաջ դնում է, որոնց հիմա ավելացել է «Զանգեզուրի միջանցքը»։ Այդ վճարվելիք գինը սկզբունքորեն կիսում են և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը Թուրքիայում։ Այնպես որ, եթե ընդդիմությունը գա իշխանության, սկզբունքային առումով քաղաքականությունը չի փոխվի, կարող է այդ վճարվելիք գինը մի քիչ ավելի քիչ լինի, որովհետև նրանք ավելի կապված են ԱՄՆ-ի հետ, իսկ վերջինիս դիրքորոշումը ի սկզբանե այն է, որ պետք է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, նախընտրական փուլում, վարկանիշի բարձրացման հետ կապված, Էրդողանը որքանո՞վ է շահագրգռված, որ Ադրբեջանը մինչև նախագահական ընտրությունները Արցախում ու Հայաստանում շոշափելի հաջողություն արձանագրի։

– Կարծում եմ, որ Էրդողանի, ընդհանրապես Թուրքիայի համար, հաջողություն կլինի, որ Հայաստանը պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ Ադրբեջանի պահանջների հիման վրա՝ միակողմանի զիջումների գնալով։ Սա է նրանց նպատակը, ու այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, անում է Թուրքիայի հետ համաձայնեցված։ 

Կարծում եմ, որ Ադրբեջանը նման քաղաքականություն է վարում ոչ միայն Հայաստանին պայմանագիր ստորագրել ստիպելու նպատակով, այլ նաև Ադրբեջանը հանդես է գալիս թուրքական ռազմավարական ծրագրերը կատարողի դերում, որովհետև Թուրքիայի վերջնական նպատակը տարածաշրջանը իր հսկողության տակ վերցնելն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am