Նույնիսկ Փաշինյանի աթոռն է կորցրել նրան պահելու հենարանը

Մհեր Արշակյան

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարձակումների ոճն ու բառամթերքը թույլ չեն տալիս այդ մարդուն ամբողջ ծավալով մեղադրել այն խայտառակության համար, որին մատնվեցինք: 

Կրթության ու գիտության հանրապետական նախկին նախարարը գրում է՝ այդ կեղտը, Աստծո «դռների» մոտ Հայաստանը ներկայացրած դեսպանը նրան ասում է վիժվածք, հերոսի մայրը՝ «Հայ ասպետ» խոսուն ձևակերպումով կազմակերպության ղեկավարը՝ հրեշ, նրան թուրք ասողների պակաս ուղղակի չկա: 

Գոնե հասկանո՞ւմ են ինչ են անում: Պարզ մի բան՝ ընկնում են ոտքի տակ: 

Այս բառապաշարը, որը Հայաստանում 20 տարի եղել է իշխանության մեջ, հիմա նույնպես հավակնում է իշխանության: Պահանջում է Փաշինյանի հրաժարականը մի ոճով, ասես ձեռքներին դանակ կամ կացին կա: Ռամիլ սաֆարովներ են: Եվ երեկվա շոուն, որ բեմադրեց Նիկոլ Փաշինյանը, հենց այդ բառապաշարի պատասխանն էր: 

Ու սարսափելին այն է, որ այդ բառապաշարի ու «կացնի» կրողները հայհոյախոսության դոզան ավելացնելու են ու բանը հասցնեն ընդհանրապես մարդասպանության կամ առնվազն բախումների: Որովհետև ուրիշ ինչի՞ց կառչեն: 

Տղե՛րք, սպասեք թող էդ մարդը հրաժարական տա, ընկել եք մեջտեղ ու ամեն գնով խրախուսում եք, որ չգնա: Էդ բառերով մարդը ոչ միայն իրավունք ունի չգնալու, այլև իր կյանքից վախենալով՝ կարող է ավելի անադեկվատ դառնալ: Թույլ տվեք նրան հեռանալ: 

Էսքան անտաղանդ ընդդիմություն, որքան դուք եք, երևի նույնիսկ Թուրքմենստանում չկա, դուք Փաշինյանի իշխանության իրական ամրասյուներն եք, լռե՛ք, թող սուս ու փուս գնա, որովհետև մնալու պատճառ չունի այդ մարդը: 

Դա նույնիսկ ձեր վերադարձին կօգներ, որովհետև ձեր բարձրության վրա կմնայիք նրան իշխանությունից դուրս ուղեկցելիս: Իսկ դուք ձեզ վերջին խուժանից ավելի խուժանավարի պահեցիք: 

Դուք եք Փաշինյանի իշխանության հենարանը, արդեն նույնիսկ ինքն էլ չի, ինքն ամեն օր ընկնում է այդ իշխանությունից, նույնիսկ ամեն ժամ ու այդ ամեն օրվա ու ամեն ժամի ընթացքում մի Իշխան Սաղաթելյան, մի Միքայել Մինասյան, մի Արմեն Աշոտյան բռնում են նրան, որ հանկարծ իշխանությունը չկորցնի: 

Էդքան դժվա՞ր է լռելը: 

Իշխանության հո՞տ եք առել: 

Ինչի՞ էդքան մարդ կամավորագրվեց երեկվա «Եռաբլուր» շոուին: Որովհետև նրանք չեն ուզում, չեն պատկերացնում, որ ռամիլ սաֆարովը Հայաստանում կարող է իշխանության գալ: Իսկ դուք ձեզ պահում եք կացնով մարդասպանի նման: 

Փաշինյանի իշխանությունը նստած է Հայաստանի շնչափողին, ու չկա երևի մի հայ, որը դա չգիտի, չի զգում: Բայց երբ ես լսում եմ, թե ինչ բառեր են հնչում մի մարդու հասցեին, որն առնվազն 5 հազար սպանվածի՝ կյանքի չիրացման ու թափված արյան պատասխանատուն է, ես վախենում եմ էդ մարդու համար: 

Հայաստանի օդում, ջրում ու ցամաքում նրա հեռացումը գրված է հին մարգարեության նման, նույնիսկ նրա իշխանության գալն այդպես գրված չի եղել: 

Էդ մարդը զոհաբերվեց, վե՛րջ: Նա ողբերգական կերպար է, եթե նույնիսկ դավաճան է (թեպետ մի անգամ ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ, ուղղակի պետական գործիչ չէր), իսկ դուք նրանից սարքում եք սովորական միմոս: 

Նա ուզում է կամ արդեն իսկ իշխանության դռնից դուրս է գալիս, տեսնում է՝ դուք պատի նման դեմը կանգնած եք ու ասում եք՝ վիժվածք, հետ դարձ: 

Ցրվե՛ք տներով ու լայվով կտեսնեք, թե ինչքան սահուն է նա թողնում իշխանությունը: 

Որովհետև նույնիսկ նրա աթոռն է կորցրել նրան պահելու հենարանը: Այդքան պարզ է ամեն ինչ:

Մհեր Արշակյան

MediaLab.am