Ներդաշնակություն նախագահի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության միջև. վարչապետն անդրադարձավ ՀՀ նախագահի ընտրությանը

ՀՀ նախագահի թեկնածուի հարցը քննարկելիս պետք է գնալ այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության միջև լինի ներդաշնակություն: «Արմենպրես»ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իշխող ուժը քննարկել է ՀՀ նախագահի թեկնածության հարցը:

«Հրաժարական տալու մտադրության մասին հայտարարությունը հրապարակելուց  ժամեր առաջ եմ իմացել այդ մասին, իսկ մեր քաղաքական թիմն ավելի ուշ է տեղեկացել: Մենք նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չենք ունեցել: Հասկանալի է, որ լրջորեն պետք է քննարկել: Քննարկումների ընթացքում, որոշումներ կայացնելիս պետք է առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմության փորձով: Կարող եմ իմ եզրակացությունը ասել, որ պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության, խորհրդարանական մեծամասնության միջև լինի ներդաշնակություն: Առավել ևս հիմա, երբ մենք կանգնած եք լրջագույն մարտահրավերների առաջ: Կարծում եմ, որ պետք է լինի այնպիսի մի իրավիճակ, որ խորհրդարանը, կառավարությունը, նախագահն իրենց կապված զգա միասնական պատասխանատվությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 ՀՀ վարչապետի խոսքով, ներդաշնակության սակավության պատճառով շատ լուրջ մարտահրավերներ եղան: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության համատեքստում, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ժողովուրդը պետականության կորստի եզրին էր գտնվում:

«Շատ կարևոր է, որ այդպիսի իրավիճակներին չառնչվենք: Կարծում եմ, որ նախագահի ընտրության հարցում ճգնաժամային իրավիճակ, ռիսկեր չունենք: ՔՊ-ն ի վիճակի է ընտրել նախագահ առնվազն երկրորդ փուլում: Չեմ կարծում, որ պետք է գնանք էքսպերիմենտների: Պետք է գնանք ներդաշնակության հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասաց վարչապետը: