Տեղեկատվական սով. Սևանի խնդիրը, որ այսօր չպատահեց

Տեղեկատվական սով. Սևանի խնդիրը, որ այսօր չպատահեց
Տեղեկատվական սով. Սևանի խնդիրը, որ այսօր չպատահեց

Տարիներ առաջ, երբ որոշել էի ֆրանսերեն սովորել, անընդհատ ֆրանսերեն գրքեր էի գտնում, առնում էի, անընդհատ առնում էի, այն ժամանակ դեռ օտարալեզու գրականությունը քիչ էր գրախանութներում։ Մի պահ հասկացա, որ ես միայն գրքեր եմ առնում՝ ենթագիտակցաբար բավարարելով ուղեղս ու խաբելով ինձ, թե ինչքան ֆրանսերեն գիրք եմ առնում, այնքան սովորում եմ լեզուն։

Հիմա, մի տեսակ նույն բանն է Սևանի հարցում։ Մենք քննարկեցինք Սևանի խնդիրը, բոլորս իրենց ֆեյսբուքյան պատերին ունեցանք Սևանի կանաչած պատկերը, գրառումներ արեցինք, թե ինչ ցավ ենք զգում, անկեղծ ու մանրակրկիտ բացատրեցինք այդ ցավի բոլոր երանգներն ու ուժգնությունը, եղան հրապարակումներ, ֆեյսբուքյան նկարները թարմացնում ենք պարբերաբար, ու մեզ սկսեց թվալ, թե մենք ինչ-որ բան ենք անում, ինչ-որ կերպ նպաստում ենք Սևանի խնդրի լուծմանը, մասնակցում ենք ու հետևաբար այդքան «ջանքերն» ապարդյուն չեն անցնի։ 

Ըստ էության դեռ ոչինչ կամ չի արվել, կամ բնակչությունն անտեղյակ է։ 

Հայաստանի բնակչության մեծ մասն իրականում Սևանն ընկալում է որպես լողալու տեղ, ամառային հանգստի վայր, սիրունություն՝ լավագույն դեպքում։ Սևանի կենսական կարևորությունը տարիների ընթացքում թեև պարբերաբար բացատրվել է, բայց այդ ժամանակ ժողովուրդն ուներ արմատացած ու ամրապնդված մի գիտակցություն, որ երկրում տեղի ունեցող որևէ բանում ինքը դերակատարում չունի և հետևաբար ազդեցություն ունենալ չի կարող, և ուրեմն կարելի է ուղղակի չլսել խնդրի մասին ու փոխել ալիքը, շրջանցել հրապարակումը։ Հիմա, երբ արդեն տարուց ավելի է հայտարարված է երկրի կյանքին ժողովրդի լիարժեք մասնակցության մասին, անհրաժեշտ է շատ հանրամատչելի ու մանրակրկիտ, հետևողականորեն բացատրել բնակչությանը, թե ի՛նչ է Սևանը, ու ի՛նչ է նրա աղտոտումը։

Վերջին օրերին վերընթերցելով ու նորից լսելով Սևանի մասին տարիներ առաջ եղած շատ հրապարակային ելույթներ ու վերլուծություններ, ես հասկացա, որ մենք՝ Հայաստանի բնակչության ոչ մասնագետ հատվածը, իրականում շատ բախտի վրա էինք թողել Սևանի հարցը՝ «մեկ էլ տեսար փրկվեց» դատողությամբ։

Իհարկե, եթե վերցնում ենք կյանքի կտրվածքով՝ դա էլ կարելի է հասկանալ, որովհետև ես Սևանի խնդիրը հիշում եմ մոտավորապես չորրորդ դասարանից, երբ դպրոցներում «…Որ թեթևանա հոգսը Սևանի» վերնագրերով շարադրություններ էին հանձնարարում, երբ Սևանի մասին որևէ շարադրության մեջ անպայման բացի «կապուտակ, լազուր, Գեղամա գեղեցկուհի» արտահայտություններից պիտի պատմեինք Սևանի խնդրի մասին, ով ինչքան դա պատկերացնում էր կամ անգիր էր արել։ Եթե յոթանասունականներից այս խնդրի մասին անընդհատ խոսում էին, մեր դասերը Արփա-Սևան թունելի մասին էին, մենք վկաներն ենք եղել Արփա-Սևան թունելի կառուցման սովետական ռեպորտաժներից լուրերով ու հատուկ ծրագրերով, երբ Սևանի մասին սովեր ենք լսել, որ ցամաքում է ու այդպես էլ չի ցամաքել՝ ակամա ձևավորվում է մի վերացական հույս, որ եթե այսքան տարի խոսվում է ու դեռ Սևանը կա, ուրեմն լինելու է, ուրեմն բան չի պատահի։

Վերջին մի տարում շատ հաճախ Սևանի ափով դեպի Սոթք–Քարվաճառ գնալիս ամեն անգամ սարսափել եմ, թե ինչ է տեղի ունենում։ Սևանը կանաչ էր վաղուց։ Ահազանգը հնչեց, երբ Սևանը կանաչեց հիմնովին ու գրեթե ամբողջությամբ։ Բայց պետք չէ բոլորովին մասնագետ լինել հասկանալու համար, որ սա նոր չպատահեց։

Սևանի մասին ու Սևանի հանդեպ լրջությունը Հայաստանի բնակչության մեջ պետք է լրջանա պետական մակարդակով այս ահազանգը հնչեցնելով։ Հնչեցնելուց բացի, որ ավելի կարևոր է, պետք է հատուկ թողարկումներով բացատրել մարդկանց՝ ի՛նչ է լինելու, եթե Սևանը շարունակի աղտոտվել։ Բնակչությունը պետք է մատչելի պատկերացում ունենա՝ ի՛նչ է տեղի ունենում լճի հետ։ Դա բարդ չէ, մեզնից շատ քչերն էին էկոլոգ, կենսաբան, քիմիկոս, բայց այս օրերի ընթացքում կարողացանք շատ բան կարդալ ու հասկանալ։

Մեր բնակչությունը հիմար չէ և բավական ընկալունակ է։ Հայաստանի բնակչության մի մասը հետևում է լուրերին հեռուստատեսությամբ, մյուսները՝ և՛ հեռուստատեսությամբ, և՛ համացանցով։ Սևանի խնդիրը պետք է դառնա ոչ թե հնչեցրած ահազանգի օրերի մեկ-երկու հարցազրույցի նյութ ու մոռացվի, ինչպես և նկատվում է միտումը, այլ պարբերաբար, հատուկ թողարկումներով տեղյակ պահվի բնակչությանը, թե ինչ աշխատանք կատարվեց, ինչ է պատրաստվում արվել, ինչքանն արվեց, ինչը չենք կարող անել և ինչ պատճառով։

Lragir.am կայքի հուլիսի 9-ի հրապարակման մեջ ասվում է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները Սևանա լճի վիճակը մեղմելու համար մոդել են մշակել ու ներկայացրել կառավարությանը։ Նյութում հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն ասում է, որ խոսքը սարքի մասին է, որը լճի ավելի խնդրահարույց տարածքներից կարող է ջուրը ներքաշել իր մեջ, մաքրել ջրիմուռներից և մաքուր ջուրը վերադարձնել լիճ։

«Բայց մոդելը դեռ վերամշակման կարիք ունի։ Մենք ճապոնական փորձն ենք վերցրել, բայց օգտագործելու ենք տեղական հնարավորությունները, մեր գիտնականների ներուժը։ Ասեմ, որ դա բավական թանկ է, մոտավոր հաշվարկով սարքի գինը մոտ 80 հազար դոլար է, եթե սարքն իրեն արդարացնի, դա կարող է շարժական լինել, սպասարկել ամբողջ լիճը»,- ասում է ԷվելինաՂուկասյանը։

Որպես շարքային ընթերցող՝ հարգելի տիկին Ղուկասյանի այս մասնագիտական կարծիքն ու տեղեկությունը կարդալուց հետո անմիջապես ունեցա հարցեր. մասնավորապես, 80 հազար դոլարը լիճը մաքրելու համար բոլորովին մե՞ծ գումար է։ Ինձ համար մեծ գումար է, տիկին Ղուկասյանի համար՝ ևս, բայց հիշեցի, որ Քաղաքացու օրվա տոնակատարությունների թեմայով բանավեճի ժամանակ բանավեճի մասնակիցներից մեկն ինձ բացատրեց, որ 250 հազար դոլարը բնավ մեծ գումար չէ պետության համար։ Հետևաբար, 80 հազար դոլարը՝ առավել ևս։

Մյուս հարցը. իսկ ի՞նչ արժե ճապոնական սարքը։ Կարո՞ղ ենք այն ձեռք բերել, եթե ոչ՝ ինչո՞ւ, եթե թանկ է՝ ապա ինչքան է թանկ, այդ դեպքում կխնդրենք ներկայացնել այս և այս ծախսերի ցուցակը։ Եվ այսպիսի բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխանը պետք է ունենա Հայաստանի ցանկացած բնակիչ։ 

Մենք առայժմ չենք դարձրել Սևանի խնդիրը զանգվածային մտահոգության նյութ, և, հետևաբար, բնակչությանը մասնակից չենք դարձնում քննարկման ընթացքին։ Այնինչ, հայաստանաբնակ հայերը պետք է տեղյակ լինեն իրենց սպառնացող վտանգին, դրա լրջությանը։ Հանրային հեռուստատեսությունը կարող է և, կարծում եմ՝ պետք է ունենա հատուկ ծրագիր, որը կծառայի որպես պետական հաշվետվություն Սևանի խնդրի շուրջ արվող քայլերի, առաջացած խոչընդոտների, դրանց պատճառների մասին։ Կարծում եմ՝ սա պետական գաղտնիք չի պարունակում, և բնակչությանը պետք է մասնակից դարձնել իրեն սպառնացող վտանգի քննարկմանը։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am