Իրանցիների հերթում աղմկում էին տղամարդիկ, բայց հարցազրույց տվեցին կանայք

Լուսինե Հովհաննիսյան

Պատերազմից հետո ամեն ինչ, անգամ առաջին հայացքից որևէ առնչություն չունեցող երևույթները և, հատկապես, դրկից ժողովուրդները, իրենց ամենատարբեր դրսևորումներով, մեզ և մեզ հետ պատահածը հասկանալու հեռավոր միջոցներից մեկն են դարձել։ 

Պատերազմից հետո ամեն երևույթի և իրադարձության հանդեպ հայացքի, մտքի, դատողության նոր կերպ կա։

Հյուսիսային պողոտայի կենտրոնում COVID-19-ի դեմ պատվաստման կետը գործում է արդեն մի քանի ամիս։ Երբեք հերթեր չէին լինում։ Մատների վրա հաշված մարդիկ էին մոտենում, և երբեմն թվում էր, թե շտապօգնության մեքենայի մեջ նստած բուժաշխատողները պիտի կանչեին «էստի համեցեք», որ գայթակղեին բազում դավադիր մտքերի հեղինակ կամ դավադրապաշտական թեզերն արագ յուրացնող բնակչությանը։

Բնակչությունը, սակայն, չէր գայթակղվում, և պատվաստման կետում հիմնականում հինգ հոգուց ավելի մարդ չէր կուտակվում։

Միանգամից պատվաստման կետի մոտ հերթեր առաջացան։

Իրանցիներ էին։ Իրանցիներին հայերն ասում են պարսիկներ։ Հայերը, իրականում բոլոր ազգերի հանդեպ, բացառությամբ մեկ-երկուսի, միշտ դրական տրամադրվածություն ունենալով՝ առիթը բաց չեն թողնում քննարկելու, հեգնելու, սրամտելու։ Սա շատ բնորոշ և շատ կարևոր հատկանիշ է։ Իրականում լավ են տրամադրված, իրականում պատրաստակամ են, բայց միմյանց աչքին զիլ երևալու համար միշտ մեծամիտ կամ ոչ մեծամիտ հեգնանք կա։ Սակայն, խորքային իմաստ չի ստանում այդ վերաբերմունքը, որովհետև բավական է մի հայ մնա դեմ դիմաց մեկ այլ ազգի հետ, փորձելու է շահել նրա սիրտը, օգնություն առաջարկել, մտերմանալ։ Հեգնելն ու իբր վերևից իրավիճակին նայողի դերը հայերի խաղն է աշխարհի հետ։ Ոչ ավելին։

Հյուսիսային պողոտայի պատվաստման հերթը Երևանի ու երևանցիների համար անսովոր, մի քիչ վայրի տեսարան է՝ հաշվի առնելով աղմուկը, մարդաշատությունն ու հերթի մեջ կանգնածների անսովոր լարվածությունը։ Չէ, ո՛չ այն պատճառով, որ հայերը Երևանում կամ այլուր շատ ավելի անաղմուկ ու հանգիստ են՝ բոլորովին, այլ որովհետև Երևանում վաղուց, 90-ականների տալոնով հացի հերթից հետո հերթեր չէին գոյանում։ Նաև այն պատճառով, որ աղմուկը հայերեն չէ, ու մարդաշատություն առաջացնողներն էլ հայեր չեն։ Ցերեկային ժամերին երևանցիների դիսկոմֆորտն այս է։ 

Իրանցիների աղմկոտ հերթին մի քանի անգամ արդեն մոտեցել էի և անպայման ուզում էի նրանց հետ շփվել իրենց լեզվով, որովհետև մարդը միայն մայրենի լեզվով է կարողանում իրական լինել։ Զրույցը նրանց հետ պարսկերեն էր, ինչն իրենք ընդունեցին շատ սովորական, անգամ որևէ զարմանք չարտահայտեցին։ Հայերը նման դեպքում անպայման կզարմանային, կուրախանային ու օտար մի տեղում իրենց հետ հայերեն խոսողի «ցավը կտանեին»։ Մենք սովորական էինք շփվում։ Այս աննշան բնութագրիչներն էլ շատ կարևոր են մեծ բաներն ընկալելու համար։

Հերթում միջին սոցիալական խավի մարդիկ են։ Մարդիկ են, որոնց համար խնայած գումարը նշանակություն ունի։

Ամենաառաջին և ամենացայտուն տպավորությունն այն էր, որ իրանցիների բազմամարդ հերթում, որտեղ աղմկողները միմիայն տղամարդիկ էին, հարցազրույցի առաջարկը մերժեցին գրեթե բոլոր տղամարդիկ, և սիրով ու միանգամից հարցերին պատասխանեցին կանայք։ Կանայք, որոնց ձայնը հերթում չէր լսվում, ավելի ազատ ու համարձակ էին։ Տղամարդիկ խուսափում էին որևէ շփումից, բայց կողքից անթաքույց ու ուշադիր լսում էին կանանց պատասխաններն ու կանանց տրված հարցերը։ Որոշ դեպքերում լսում էին ոչ անթաքույց։ Ամեն դիպվածից հետո մտքում զուգահեռ էի տանում մերոնց հետ։ Մեր տղամարդիկ էլ կհրաժարվեին, բայց կհրաժարվեին նաև մեր կանայք։ Գլխաշորով ու առանց գլխաշորի իրանուհիներն ակնհայտ համարձակ ու ինքնուրույն էին։ 

Առաջին զրուցակիցս մոտ 30 տարեկան, շատ ժամանակակից արտաքինով աղջիկ էր։ Ասաց հետևյալը․ 

– Ուրախ ենք, որ չնայած մեր երկրում չկարողացանք ստանալ պատվաստում, բայց ճանաչեցինք մեր բարեկամին, ուղղակի հերթը շատ երկար է, ու արևի տակ դժվար է կանգնել։ Արդեն երեք օր հերթի մեջ ենք։ Երեք գիշեր չենք քնում, հերթ ենք պահում՝ սոված, ծարավ։ 

– Նոր օրենքով պատվաստվելու համար պետք է տասը օր մնաք, կմնա՞ք։

– Ուրախանալու, ճամփորդելու համար իհարկե կարելի էր մնալ, բայց ֆինանսական առումով բոլորն այդ հնարավորությունը չունեն։ Հարյուր տոկոս՝ գործեր ունենք, ընտանիքներ, այդքան գումար չունենք։ Տասը օրը շատ է մեզ համար, այդքան գումար չունենք։ Հյուրանոցները շատ թանկ են, մեր երկրի գումարը այստեղ արժեք չունի։ Անգամ խմելու ջուր առնելը թանկ է։

– Ձեզ չի՞ զարմացնում, որ հերթում միայն իրանցիներ են։

– Իրանում նման հնարավորություն չկա, մահվան վախը մեծ է մեզ մոտ, հիվանդանալ ու դեղ չունենալու վախ կա։ Այս բոլոր դժվարությունների միջով անցել ենք, եկել հասել ենք այն երկիր, որտեղ հնարավորություն կա։ Հայերը հերթում քիչ են, որովհետև իրենց ձեռքի տակ է, երբ ուզեն՝ կպատվաստվեն։ Ընտրելու հնարավորություն ունեն՝ պատվաստվեն, թե՝ ոչ։ Որ պահին սրտները տա՝ կանեն, իսկ մենք սահմանափակված ենք այդ առումով։ 

Կողքից մեկն արձագանքում է՝ բնակչության թվից է, մեր բնակչության թիվը շատ մեծ է։ Մահացության թիվն էլ է մեծ։ Ձեր բնակչությունն ավելի քիչ է։ Մենք ընդհանրապես չենք վախենում պատվաստվելուց։ Ուսումնասիրել, նոր ենք եկել։ 

Մոտենում ենք մեկ այլ խմբի, որտեղ հարցը լսելով տղամարդիկ կամ ձեռքով մերժում են, կամ՝ շրջվում ու այդպես շրջված շարունակում ականջ դնել կանանց զրույցին։

– Հավանաբար գոհ եք, որ Հայաստանում ունեք այդ հնարավորությունը

– Իհարկե, ցավոք սրտի, մեր երկրում այդ հնարավորությունը չկա։ Իհարկե շատ ուրախ ենք, որ Հայաստանում մեզ նման հնարավորություն է տրված։ Դժվարությամբ գտանք տեղը, որովհետև որևէ ինֆորմացիա չկար, թե հատկապես որտեղ են անում պատվաստումը, ուր մոտենանք, որտեղ սպասենք։ Բայց, ընդհանուր առմամբ, մեծ հնարավորություն է իրանցիների համար։ 

ՀՀ դեսպանը Իրանում հայտարարել է, որ Իրանի քաղաքացիները Հայաստանում պատվաստվելու հնարավորություն կունենան Հայաստանում տասը օր մնալուց հետո միայն։ Ինչքան գիտեմ՝ հուլիսի 15-ից հետո է օրենքը ուժի մեջ մտնում։ Վստահ եմ՝ եկողները քչանալու են, հարցը միայն ծախսերը չեն, չնայած դա էլ է։ Մարդիկ զբաղված են, բոլորն աշխատում են, չեն կարող տասը օր մնալ Հայաստանում։ Ես արդեն չորս օր այստեղ եմ։ 

Մեկ էլ շատ զարմանալի է, որ իրանցիները այսքան կիլոմետր գալիս են, արևի տակ օրերով կանգնած սպասում են, իսկ հայերը չեն պատվաստվում։ Մեզ համար շատ զարմանալի էր, որ դիմակ չեն կրում Հայաստանում։ Դա մեզ շատ տարօրինակ է թվում։ Հարցուփորձ արեցինք, իմացանք, որ հայերի պատվաստվել չուզելու պատճառն այն է, որ վախենում են։ Մենք այդպես ենք լսել։ 

– Իսկ դուք ընդհանրապես չե՞ք վախենում պատվաստվելուց։

– Դե, մենք ուսումնասիրել ենք, իմացել ենք, որ երեք տեսակ անվտանգ պատվաստանյութ կա՝ չինական, ռուսական և «ԱստրաԶենեկան»։ Այս երեքի մեջ ուսումնասիրեցինք, գտանք, որ սա է ընդունելի, ոնց որ թե աշխարհն էլ է սա ընդունում։

Հյուսիսային պողոտայի կլոր նստարաններին՝ պատվաստման կետից քիչ հեռու, իրանցիների մի խումբ էր նստած։ Առաջինը մոտեցանք 40-ին մոտ մի տղամարդու, անմիջապես հրաժարվեց խոսել։ Ներողություն խնդրեցինք և ուզում էինք հեռանալ, երբ տղամարդու կողքին, ջինսով լոտոսի դիրքով նստած շատ հմայիչ մի աղջիկ, ասաց՝ ես կխոսեմ։

30-ին մոտ, շատ ինքնուրույն մարդու տպավորություն թողնող, գեղեցիկ աղջիկ էր, Հայաստան մենակ էր եկել։ Ասաց հետևյալը․

– Գոհ ենք, որովհետև մեծ հնարավորություն է։ Իրանում սա շատ երկար կտևեր՝ մոտ մեկ տարի։ Ինչից գոհ չեմ՝ մենեջմենթից, մենեջմենթը ճիշտ չէ կազմակերպված։ Հերթը ահավոր երկար է։ Հերթ չեն պահում։ Այնքան, որ ոստիկանական ուժեր ներգրավվեցին։ Արդեն երկու օր է՝ հերթի մեջ եմ։ Ես հերթագրվեցի, ինձ համար տեղ պահեցի, գնացի՝ հետ եկա, տեսնեմ հերթս անցել է։ Հեռվում նստել եմ, որովհետև իրենց պես չեմ կարող հրեմ ու առաջ անցնեմ։ Հերթը պրոբլեմ է, որովհետև մարդիկ չեն պահում այն, խախտում են։ Տասը ոստիկան կար այստեղ։ Ես անգամ պատրաստ էի գումար առաջարկել։ Գիտեմ, որ շատ մարդ պատրաստ է փող տալ, միայն թե 5 ժամ այսպիսի սթրեսի մեջ չընկնի։ Մարդիկ չգիտեն՝ 4 ժամ կանգնելուց հետո հերթը կհասնի՞, թե՞ չէ։ Նույնիսկ երկու ժամ ընդմիջմանը մարդիկ չեն հեռանում, որ հերթը չկորցնեն։

Եթե Հայաստանում տասը օր մնալու իմաստը մենեջմենթի կարգավորմանը նպաստի՝ ես համաձայն եմ։ Եթե տասը օր մնալու դեպքում հերթերը կխաղաղվեն՝ լավ է։ Եթե նպատակը զբոսաշրջությունը զարգացնելն է՝ լավ եղանակ է դրա համար, իհարկե, ես էլ եմ սիրում ճամփորդել, բայց որ չգիտեմ՝ հերթս ե՛րբ կհասնի, սթրեսի մեջ եմ։ Գիշերները սիրում եմ հայկական գինի փորձել, իսկ առավոտները չգիտեմ՝ կստանա՞մ պատվաստումս, թե՞ չի հաջողվի։

Շատերը ցամաքային սահմանը հատելով են գալիս, ինքնաթիռով չեն գալիս՝ ավտոբուսով, մեքենայով են գալիս, հոթել չեն վերցնում, գիշերները փողոցում են անցկացնում, իսկ առավոտները ագրեսիվ հայտնվում են հերթում։ Հերթի սկզբում կանգնած, այ, էն մարդուն տեսնո՞ւմ եք, ինքը հերթի սկզբում չէր, կռիվ արեց, ասում էր՝ 24 ժամ չեմ քնել, ոստիկանները խառնվեցին, ու ինքը հայտնվեց հերթի սկզբում։

Ես կարծում եմ՝ եթե ցամաքային սահմանը բաց չլիներ՝ ստիպված էին լինելու ինքնաթիռով գալ, հյուրանոց վերցնել, ու այդ դեպքում հերթն ավելի նորմալ կլիներ։ Կքնեին, կլողանային, հաց կուտեին, այսքան ագրեսիվ չէին լինի։ Ու ավելի քիչ մարդ կգար։

Հյուրանոցները Իրանի հյուրանոցներից ավելի թանկ են, զգալիորեն թանկ են։ Մարդիկ էլ մտածում են՝ եթե կարող ենք գալ մեկ օրում անել՝ ինչո՛ւ չանենք։

– Իսկ ինչ եք կարծում՝ ինչո՞ւ հայերը չեն պատվաստվում։

– Փոքր երկիր է, ռիսկը փոքր է, մեծ լինեիք՝ կպատվաստվեիք։ Մարդիկ դիմակ էլ չեն կրում, ոնց որ հիվանդ էլ չեն։ 

Գալուց առաջ ուսումնասիրել եմ ամեն ինչ, բայց գիտե՞ք՝ անգամ ինֆորմացիա գտնելը դժվար էր։ Ես պատրաստվում էի Թուրքիա մեկնել, ինձ տուրիս ղեկավարն ասաց, որ Հայաստանում կարող եմ պատվաստում ստանալ։ Իրանում ոչ մի բառ չեն հայտնում Հայաստանում պատվաստվելու մասին, անգամ անգլերեն ինֆորմացիա փնտրեք Հայաստանի մասին՝ չեք գտնի։

– Այսինքն՝ Իրանում տեղեկացված չե՞ն Հայաստանում պատվաստում ստանալու հնարավորության մասին։

– Ո՛չ, մարդիկ իրարից են իմանում, առողջապահության նախարարությունն էլ չի հայտնում ոչինչ, մի քանի ոչ կառավարական, ոչ քաղաքական հեռուստաալիք կա, նրանք են հայտնել, որ իրանցիները Հայաստան են գնում պատվաստվելու, այդ ալիքները մեղադրանքի արժանացան։ Այս տեղեկությունը հաղորդելուց հետո Իրանի նախարարությունն ըմբոստացավ, թե ինչու եք Հայաստան գնում, Իրանում կարող եք ստանալ պատվաստանյութը։ Կառավարությունը չի ուզում, որ գանք։ Հայաստանը սրան անմիջապես պատասխանեց, որ տասը օր մնալուց հետո միայն կարող ենք պատվաստում ստանալ։ Եվ այստեղ իմ բոլոր պլանները խափանվեցին։

Այս ոչ քաղաքականացված ալիքները տվեցին լուրը, կառավարությունն էլ պետք է ինչ-որ կերպ արձագանքեր։ Բայց, իմ կարծիքով, այս ամենն ի շահ կառավարության է աշխատելու, որովհետև պատասխանատվություն չեն կրելու, եթե մի բան սխալ գնա։

Հերթում աղմուկը հենց ուժգնանում էր, ոստիկանները մոտենում էին ու անհասկանալի բացատրությամբ, բայց, հավանաբար, որպես օտար լեզվով խոսելու փորձ, ռուսերեն ասում ՝ պրյամո, պրյամո, ասել է թե՝ մի գծով կանգնեք։ Իրանցիները մեկ րոպեով կանգնում էին պրյամո։ 

Այս հերթն իր բոլոր նրբերանգներով կարող է բերել տհաճ միջադեպերի։ Մարդկանց մի մասը գիշերում է պողոտայում, ներքնակներով, ծածկոցներով։ Պատկերն անհրապույր է։ Երևանի համար՝ անսովոր։ Ասում են՝ Թեհրանում ընդունված է, որ զբոսաշրջիկները գիշերեն փողոցում։ Բայց կերագազով ու ներքնակներով պողոտայում գիշերելն էլ Երևանում ընդունված չէ։ Որևէ լուծում անպայման պետք է տալ խնդրին, նախ՝ միջադեպերից խուսափելու համար՝ հատկապես գիշերը, երբ իրանցիների անբռնազբոս գիշերելն ու մեր փափուկ կահույքի «հայրենասերների» հայրենասիրության պահը համընկնի։ 

Նախ՝ ամենատարրական բանը, որ կարելի է անել, ապակենտրոնացնել պատվաստում ստանալու հնարավորությունը։ Հայաստանի մի քանի վայրերում կարելի է պատվաստման կենտրոններ բացել և խուսափել այս անբարետես ու անբարեհունչ կուտակումներից։ Նաև՝ որևէ կոնֆլիկտի հարաճուն վտանգից։

Ապակենտրոնացումից բացի, կամ մինչ այդ, իմ մտքով անցավ պարսկական մզկիթն իր տարածքներով, որը փոքր չէ։ Իր ժողովրդին գիշերելու հնարավորություն կարող է առաջարկել, և ամեն դեպքում շատ ավելի ապահով ու նորմալ պայմաններ կլինեն, քան փողոցում քնելը։

Եվ, ի վերջո, եթե որոշում կա բաց երկնքի տակ պատվաստման կետ բացելու, ապա անկախ նրանից՝ պատվաստվողները իրանցիներ են, թե հայաստանցիներ, կարելի է քաղաքակրթական ու նվազագույն հարմարավետության տարրական պայման ստեղծել, օրինակ՝ շարժական ծածկ, որի տակ մարդիկ կարող են հերթ կանգնել, որովհետև եթե ոչ մարդկայնության, ապա առողջապահական տեսանկյունից հինգ ժամ բարկ արևի տակ կանգնած մարդիկ պատվաստանյութ ստանալիս կարող են այլ առողջական ռեակցիաներ ունենալ, քան սպասվում էր։ 

Պատվաստման այս պատումը, երկար, տանջալից հերթի ուսումնասիրությունն ու շփումը ինձ համար մի քանի բան առանձնացրին։

Իրանցիները պայքարում են իրենց կյանքի համար։ Նրանք կառչում են կյանքից, որ ապրեն։ Իրենք դժվարությունները հաղթահարում են ապրելու համար։ Հայերը դժվար թե այսպիսի զոհողությունների գնային սեփական կյանքի անվտանգության համար նույնիսկ։

Իրանցիները դժվարությունները ավելի հեշտությամբ են տանում, քան մենք։ Մեզ ամեն դեպքում նախ կոմֆորտ է պետք, ապա հետո՝ կյանք։

Իրանցիները, ամեն դեպքում ազատորեն կարողանում են գիշերել Երևանի կենտրոնում։ Որքան էլ Թեհրանում ընդունված է զբոսաշրջիկների գիշերելը փողոցներում ու պուրակներում, հայերը դժվար թե համարձակվեին Թեհրանի կենտրոնական փողոցներում քնել։ Սա և՛ մեր՝ ապահով ժողովուրդ լինելու մասին է վկայում, և՛ մեր խորքային անհամարձակության, որը հաճախ դրսևորվում է անպատեհ հոխորտանքով։

Իրանցիները, փաստորեն, այս հարցում, ավելի առաջադեմ են, քան նույնիսկ երևանցիները, որովհետև հերթում շատ էին ոչ միայն Թեհրանից եկածները, այլև՝ Իրանի շրջաններից։ Մարդիկ, ում հետ զրուցում էի, չէին ներկայացնում իրենց երկրի մտավոր ու ֆինանսական վերնախավը։ Բայց այս մարդիկ ասում էին, որ ուսումնասիրել են պատվաստանյութը և եկել եզրակացության։ Մեր նույն սոցիալական շերտը հիմնականում նյութին տիրապետում է «լսելով»։

Նայելով իրանցիների պատվաստման համար կրած տառապանքներին՝ ակնհայտ է, որ իրենք ավելի բաց են այս առումով, ավելի քիչ են տրված դավադրապաշտական վախերի, այն դեպքում, երբ նույնպես փակ և շատ հարցերում ավելի փակ ժողովուրդ են։

Մեր երկար զրույցի ընթացքում պարբերաբար լսվում էր իրանցիներին ուղղված հայ ոստիկանի օտար լեզուն՝ պրյամո, պրյամո, որով նա փորձում էր ուղիղ շարքով դասավորել անվերջանալի, տանջված, աղմկոտ հերթը։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am