ԻՆՉՈ՞Ւ

Լուսինե Հովհաննիսյան

Ինչո՞ւ Սյունիքում, մասնավորապես՝ Շուռնուխում, որտեղ ադրբեջանցիները տուն էին կիսում, Նիկոլ Փաշինյանը, ում վարչապետության օրոք սա տեղի ունեցավ, ստացավ ձայների մեծամասնությունը։

Հակառակ կողմը միանգամից պնդում է՝ տհաս ժողովուրդ ա։ 

Հաղթած ՔՊ-ն ազդարարեց, որ ժողովուրդն անվերապահորեն վստահում է իրենց։ 

Հայ ժողովուրդն ունի մի քանի չվերացող պաշտամունք, որոնցից մեկը, ընտանիքից, հայրենիքից առաջ, տղա զավակն է։

Եվ այս տղա զավակ կուլտիվացնող ժողովուրդն ընտրեց Փաշինյանին՝ 4000 և ավելի երիտասարդ տղա կորցնելուց հետո։

Այդ տղաների այլևս ԴՆԹ հետազոտության չենթարկվող մարմինները դեռ հայտնաբերվում են արևկող հողերում։

4000 տղան հայրենիք չէ, որին կարելի է սիրել մեկումեջ՝ առկայծող ու մարող ռիթմով։ Զավակների հանդեպ սերը կայուն է և՝ կենսական կախման մեջ դնող։ Ժողովուրդը, որը ձայնը ցածրացնելով է անցնում հանգուցյալ ունեցող տան մոտով, 4000 երիտասարդի մահը, փաստորեն, ըստ ընտրության արդյունքի և եզրահանգումների՝ անտեսե՞ց։

Ասել՝ «ժողովուրդը տհաս է», նշանակում է երկրորդ անգամ նախապես, պրոֆիլակտիկ զրկել ինքդ քեզ նրա երբևէ տալիք քվեից։

Ժողովուրդը գուցե օբյեկտիվ լինել չի կարողանում, գուցե չի տիրապետում որոշակի գիտելիքների և զավեշտական բաներ է ասում, ինչպես, օրինակ՝ 60-ն անց մի կին հուզված ասում էր, որ Քոչարյանը կործանել է իր մանկությունը։ Բայց ժողովուրդը շնչող օրգանիզմ է, ու իր ճակատագրական կամ փոքր սխալներն էլ շնչող օրգանիզմի արտադրանք են։

Սահմանամերձ տարածքի ժողովուրդը, որը 50 տոկոս ձայն է տալիս Փաշինյանին, տհասությունից չի անում դա, որովհետև քաղաքական անթերի տհասության դեպքում անգամ նրանք տեսնում, իմանում և գիտակցում են թշնամու շատ մոտ ներկայությունն ու դրա հետևանքը։ Այս անբացատրելի, ոչ ադեկվատ վարքի պատճառը հասկանալուց հետո գուցե կառուցողական քաղաքական որևէ ուժ ճիշտ կկառուցի իր նախընտրական պայքարը երբևէ, գոնե։

Որովհետև բոլոր մեծ, վեհ, հանուն և անանձնական բաներից առաջ, ընտրվելու հայտ ներկայացրած քաղաքական ուժն իր առջև մի նպատակ է դնում նախ՝ հաղթել։ Իսկ դրա համար պետք է իմանալ ժողովրդին, ամենախորքային նրա հատկանիշները, նրա բնավորությունն իր այլանդակ ու սիրուն կողմերով ընդհանրապես և հենց այս պահի դրսևորմամբ։ Եվ այդ հատկանիշը բոլորովին հյուրասիրությունը չէ։

Վատ մանկություն ունեցած մարդու նման կա վատ մանկություն ունեցած ժողովուրդ՝ իր բոլոր հատկանիշներով՝ նպատակասլաց, համառ, խորամանկ, տխուր, բայց ուրախ ձևացող, խելացի և միշտ սիրվելու կարիք ունեցող։ 

Իհարկե, այս ընտրությունների արդյունքի առաջին վերլուծությունն այն էր և է, որ ժողովուրդը չէր ուզում վարչապետի աթոռին տեսնել Քոչարյանին, դրա համար՝ ի հեճուկս կամ «ինադու» ընտրեց Փաշինյանին։

Անշուշտ կա այս գործոնը։ Սրա շարունակությունն այն է, որ եթե Քոչարյանը չդներ իր թեկնածությունը, Փաշինյանը չէր հավաքի այն ձայները, որոնք հավաքել է։ Անշուշտ այդ գործոնը ևս կա։ Բայց սա ամբողջի մի մասն է ընդամենը։ Կարելի է պատկերացնել, որ եթե չլիներ «Պոպլավոկի» դեպքն ու մարտի մեկը, այդ դեպքում Քոչարյանին ժողովուրդը կսիրեր։ Մի՞թե։ 

Եթե ժողովուրդը չէր սիրում հենց Քոչարյանին, ինչո՞ւ այդ դեպքում չընտրեց, ենթադրենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, ՀԱԿ-ին։ Որովհետև Փաշինյանը լեգիտիմ ընտրություննե՞ր է բերել Հայաստան։ Շատերն էլ ընտրության լեգիտիմության մեջ են տեսնում Փաշինյանի հաջողության գաղտնիքը։

Բայց չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ ունեցած ժողովրդի պրետենզիան բոլորովին 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրությունները չեն։ Իրականում շատ քիչ մարդ է բերում այդ փաստարկը իբրև Տեր- Պետրոսյանին մերժելու պատճառ։ Միայն մութ ու ցուրտն է առաջին փաստարկը, այն դեպքում, երբ նրա օրոք գրանցվել է հայ ժողովրդի համար այդքան, թվում է՝ կարևոր հաղթանակի փաստը։ 

Որքան էլ տարաձայնություններ եղած լինեն տարածքների գրավման, առաջխաղացման, վերադարձի շուրջ, փաստը մնում է փաստ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը հաղթել է, և դա այն հաղթանակն է, որի հականիշի՝ սոսկալի պարտության պատճառով այսօր տառապում ենք։

Ինչո՞ւ, ուրեմն, պարտությունը ծանր տարած ժողովուրդը չընտրեց Տեր-Պետրոսյանին, ում օրոք հաղթանակ է ունեցել։ Ակնհայտորեն գրավյալ տարածքները վերադարձնելու մասին Տեր-Պետրոսյանի տեսակետը չէ նաև պատճառը, որովհետև գրավյալն էլ, հայկական ԼՂԻՄ տարածքի զգալի հատվածն էլ թշնամուն զիջած Փաշինյանը հավաքեց ձայների մեծամասնությունը։

Ո՞րն է ուրեմն այն գաղտնիքը, որ պատերազմ պարտված, 4000 երիտասարդ կյանք խլած, տարածքներ հանձնած, Հայաստանի սահմանները վտանգի տակ դրած վարչապետը վերընտրվում է, իսկ Քոչարյանի վերադարձից վախեցած ժողովուրդը չի քվեարկում, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կամ մեկ այլ հակաքոչարյանական ուժի օգտին։ 

 «Որովհետև տհաս ա»՝ անմիջապես կպատասխանեն մարդիկ, որոնք կամ զարմացած են, կամ զայրացած են, կամ՝ ֆրուստրացիայի մեջ։ Այդ նույն «տհասները», երբ 10 հազար դրամով կողմ էին քվեարկում այսօր ընդդիմադիր դարձած ուժերին, ամեն դեպքում կոչվում էին ժողովուրդ՝ առանց «տհաս» ածականի։ Կոչվում էր «ժողովուրդ», որը «սոված ա, էրկու կոպեկ տանք՝ կքվեարկեն»։

Պատերազմից հետո այս հարցի ինձնից ավելի լուրջ մի մասնագետ ինձ հետևողական հարցնում էր․ «Լավ, դու կարո՞ղ ես ինձ բացատրել՝ ո՞նց, ի՞նչը կարող է ստիպել հայ մարդուն պաշտպանել Նիկոլին»։ Ես շատ երկար եմ փորձել հասկանալ, հարցեր եմ տվել մարդկանց ոչ «գաղափարական» միջավայրից, ոչ տերմինաբանությամբ հագեցած բառապաշարով շարքային մարդկանց։ Եվ ես վստահ եմ, որ գիտեմ պատճառը, ներեցե՛ք, իհարկե, այդ վստահությունս։ 

Ժողովրդի կարծիքով՝ ինքն ընտրել է իրենից մեկին․ առաջին անգամ ընտրել է իրենից մեկին, և եթե անգամ նա չի ստացվել, եթե անգամ նա բացարձակապես չի ստացվել, ժողովուրդը չի ուզում, ուղղակի ի վիճակի չէ հրաժարվելու ինքն իրենից։ Նա չի խարանելու ինքն իրեն, նա չի քառատելու ինքն իրեն։ 

Այդ ընտրյալը իրեն՝ ժողովրդին մատչելի է։ 

Մատչելի է խոսքի տեսանկյունից, և մատչելիության տպավորություն է ստեղծված հասանելիության տեսանկյունից․ նոնստոպ լայվերով, փողոցում ու սրճարաններում հայտնվելով, ձեռքով բարևելով, առաջին իսկ ցույցի դեպքում վարչապետից ընդունելության արժանանալով, որի ընթացքում, վստահ եմ՝ չի բղավում, այլ շատ տնավարի զրուցում է՝ խորացնելով յուրայինի, մատչելի լինելու, հասանելի լինելու պատրանքը, մասամբ՝ իրականությունը։ 

Այո՛, ժողովուրդը հրճվում էր, որովհետև առաջին անգամ տեղյակ էր ղեկավարի կյանքից։ Նրան այդպես էր թվում։ Ժողովուրդն ուրախ էր, որ իր ընտրած վարչապետը իր ձեռքի տակ է․ նրան այդպես է թվում, որովհետև դա մասամբ այդպես է։ Եվ որովհետև դա բոլորովին այդպես չի եղել նախկինում։ Որտեղից ժողովրդի մեջ առաջացավ ընտրյալ լինելու այդ քաղցը։

Ի՞նչ ուներ մինչ Փաշինյանը հայ ժողովուրդը։

Լևոն Տեր-Պետրոսյան, գիտնական-նախագահ, որի խոսքը միշտ ժողովրդի համար փոքր-ինչ անհասկանալի էր, վերամբարձ էր, հեռու, չոր էր ու ընդգծված ուսուցողական։ Նրան լսելիս ժողովուրդը միշտ հայտնվում էր միջակ առաջադիմությամբ աշակերտի կարգավիճակում, որին ասում են․

«Պարզ բան է, չեք հասկանում»։ Եվ դուք մոռանում էիք, որ այդ նույն ժողովուրդը առաջին դասարանից լսում է, որ ինքը իմաստուն, խելացի, հազվագյուտ ժողովուրդ է, ու հանկարծ նախագահն իր հետ խոսում է այնպես, ինչպես ցածր առաջադիմությամբ աշակերտի։ 

Նրա հետ շարքային քաղաքացին չուներ շփման հնարավորություն և իրեն իրոք տհաս էր զգում, ինչը, ընդունեք, հաճելի զգացողություն չէ։ Այն, որ շարքային քաղաքացին ամեն տեղ նախագահի հետ առնչվելու, շփվելու հնարավորություն չունի, ինձ համար ոչ միայն ընդունելի է, այլև նորմալը դա է։ Բայց հեռվում նստած նախագահը պետք է կարողանա թույլ տալ ժողովրդին զգալ իր և իրենց միջև եղած կապը, պետք է իմանա ժողովրդի իրականությունը։

Եթե ուզում ենք ժողովրդի ձայները, պե՞տք է հաշվի առնենք նրա մեծամասնության բնավորությունը, ցանկությունները։

Անպայման պետք է նշել, որ 88-ի կեսերից ժողովուրդը հրապարակում ամենամեծ սպասումով ուզում էր լսել հենց Տեր-Պետրոսյանին, հետևաբար, ժողովուրդն այն ժամանակ գնահատո՞ւմ էր ինտելեկտը, տհաս չէ՞ր։ Ինչո՞ւ հետո այդ նույն ժողովուրդը սկսեց իրեն ուղղված խոսքում լսել՝ «պարզ բաներ է՝ չեք հասկանում» նախադասությունն ու հնչերանգը։

Հաջորդը Ռոբերտ Քոչարյանն էր, որի ղեկավարության տարիներից ժողովուրդը հիշեց անբռնազբոս բարևելու համար սպանության դեպքն ու մարտի մեկը։ Տնտեսական աճի մասը, ինչը ես բաց կթողնեմ մասնագետ չլինելու պատճառով, ժողովուրդը չհիշեց կամ չուզեց հիշել, նրա համար կարևոր էր, որ նախագահն իրենց երբեք հասանելի չէր։

Նա սովորություն չուներ հարաբերվելու հանրային վայրերում իրեն հարց տվողներին, նրան մոտենալը ոչ թե բարդ էր, այլ՝ անհնար։ Նրա խոսքը ժողովրդի համար միշտ պրոտոկոլային էր։ 

Սերժ Սարգսյանը ևս ժողովրդի հետ որևէ ընդհանուր եզր չունեցող պաշտոնյա էր, ժողովուրդը հաշվում էր նրա ունեցվածքը և «վայելում» Սերժ Սարգսյանի թողտվությամբ ապրող հղփացած անհատների սանձարձակությունը։ Երբեմն նախագահին մոտենալու և հարց տալու փորձերը դառնում էին քաղաքական մեմեր։

Եվ այս ֆոնի վրա հայտնվում է «հայաթի տղան»։ Նա գալիս է սիրատոչոր, կռվարար, անկաշկանդ բառապաշարով, համարձակ, շփվող, չհանձնվող, թվացյալ պարզ, համառ, հասկանալի։

Ժողովուրդն առաջին անգամ իր համար հասկանալի մեկին տեսնում է երկրի ղեկին։ Իհարկե, բոլորովին պարտադիր չէ, որ երկրի ղեկավարը հասկանալի լինի շարքային քաղաքացիներին, նա պարտավոր է լավ ղեկավարել, գրանցել տնտեսական աճ, ապահովել երկրի արտաքին և ներքին անվտանգությունը։

Բայց չի կարելի մոռանալ ժողովրդին, որովհետև մի օր դու քվեն նրանից ես ակնկալելու, չի կարելի անտեսել ժողովրդի կենսագրությունն ու բնավորությունը․ վատ մանկություն ունեցած ժողովուրդը միշտ կարիք ունի շոյվելու, միշտ զգում է ու անմիջապես իրեն ուղղված գովասանքը արձանագրում։ Եվ երկար հիշում։ 

Երբեք ոչ ոք ժողովրդին չէր ասել, որ սիրում է և, մանավանդ՝ հպարտ է իրենով։ Այո՛, որքան էլ խաբուսիկ, որքան էլ պատրանք, բայց ժողովուրդը այսպիսի բան տեսնում էր առաջին անգամ։ Սա տհասություն չէ, սա կենսագրություն է, կենսագրությամբ ձևավորված բնավորություն։ 88 թվականին մեզ կողքից նայողը չի ասի այսօր, որ մենք շատ խելացի մարդկանց տպավորություն էինք թողնում։

Երբ ժողովուրդը տեսավ, որ իր ընտրյալը չի կառավարում սեփական զգացումները, չի կարողանում զսպել իրեն ամենաանպատեհ իրավիճակներում, հուսահատվում է անթաքույց ու ոգևորվում նույնպես չափազանց անթաքույց, ուտում է այնպես, ինչպես ինքը, այլ ոչ թե ինչպես պետության ղեկավարները, կռվում ու անպատվում է այնպես, ինչպես շարքային հայերի մեծ մասը, տապալվելիս տապալվում է առանց բարեկրթության դեկորացիաների, վախենալիս հոխորտում է, այլ ոչ վերլուծելով գտնում վախից ազատվելու տարբերակը, տապալումից հետո անմիջապես ոգևորվում է աննշան հաճելի բանից և, գրեթե միաժամանակ հայհոյելով բոլորին և ամեն ինչ, «վայ, դու իմ ախպերն ես» տողատակով շահում հայաստանցու երերուն սերը, ահա, հենց այդ ժամանակ Հայաստանի շարքային քաղաքացին Փաշինյանի մեջ տեսավ ինքն իրեն ու… սկսեց տածել նրա հանդեպ այն, ինչ ուզում էր զգալ ուրիշների կողմից իր հանդեպ․ խղճաց, զգաց, զզվեց, կատաղեց, որ չի կարողանում մյուս ղեկավարների պես պահել իրեն, հայհոյեց, մոռացավ, որ հայհոյել է, սիրեց, թեև ինքն իր հետ միշտ կռվելով ու անընդհատ բարդույթների մեջ տառապելով, որ ինքն այդպիսին է։

Բայց նա տեսավ իրեն․ ոչ նյարդայնացնող հավասարակշիռ, ոչ վերամբարձ մեկին, այլ իրենից ոչ շատ խելոք, ոչ սովորեցնող մեկին, և անմիջապես անմնացորդ հրապուրվեց։

Հասարակությունը, որը օլիգարխների, ուժայինների առաջ միշտ երկյուղած էր ու խոնարհաբար ենթարկվող, գտել էր մեկին, որն իր՝ ժողովրդի վարքին նման վարքով, բայց ժողովրդի երազած «համարձակությամբ» խոսում է ամեն ինչի դեմ, այնպես, ինչպես մայրաքաղաքի տաքսու վարորդները՝ օրինակ։

Եվ սա նորից տհասություն չէ։ Որովհետև հենց այդ նույն մարդկանց մի մասն էր կամավորագրվում, նույն մարդկանց մի մասի տղաներն էին այն ժամկետային զինծառայողները, որոնց սիրում ենք շատ։ Սա ընդամենը մի շարք կարևոր բաների մեծ բացատ է՝ կենսագրությունից, սոցիալական բարեկեցության քաղցից մինչև հարգված լինելու ճոխ երազանք։

Եվ, վերջում՝ որպես վատ մանկություն ունեցած ժողովուրդ, մեր ժողովուրդը շատ ծանր ու շատ քողարկված է տանում վիրավորվածությունը։ Նա հիմնականում չի համարձակվում պատասխանել, բայց չի մոռանում։ Նիկոլ Փաշինյանին քվեարկողներից շատ շատերը նախքան ընտրությունները բարձրաձայն չէին ասում, որ քվեարկելու են նրա օգտին։

Շատ ծպտված տանում էին իրենց մեջ այդ որոշումը։ Որովհետև հասկանալով, որ բարոյականության տեսանկյունից անթույլատրելի է քվեարկել մեկի օգտին, որի պատճառով ունենք անհավանական թվով զոհեր, հենց գոնե պատերազմը չդադարեցնելու փաստը, ինչը չի ժխտել անգամ ինքը՝ Փաշինյանը, միայն բավարար է այս պնդումն անելու համար, նրանք լռում էին, բայց որոշումն ունեին։ 

Փաշինյանի օգտին ծպտյալ քվեարկողները, հասկանալով քայլի անկարելիությունը բարոյականության տեսանկյունից, իրենց մեջ տանում էին մի շատ լուրջ բան, որ պարոնայք թեկնածուները բաց թողեցին շատ անհասկանալի թեթևությամբ։ Ամիսներ շարունակ՝ պատերազմից առաջ, պատերազմից հետո, «ժեխ», «տականք», «անասուն» իր հասցեին լսած ժողովուրդը լուռ վիրավորված էր, վտանգավոր վիրավորված էր, նա սպասում էր վրեժի իր պահին։

Սա էլ տհասություն չէ։ Սա վիրավորվածությունից մթագնած վիճակ է, սա բնավորություն է, հոգեբանական տիպ, ինչը ընտրվելու եկող քաղաքական ուժը պարտավոր էր հաշվի նստել։ Ի վերջո, երկու տարի հեռուստացույցով ու սոցիալական ցանցերով ընտրողին «ժեխ» ասելուց հետո տհասություն է սպասել ընտրողի աջակցությունը։ 

Եթե ուզում ես ընտրվել, անկախ ամեն ինչից, պետք է զգալ այդ շնչող օրգանիզմը և իրականում իրար ամիսներով հեռուստաէկրաններից վիրավորելիս հիշել, որ մենք բոլորս, առանց բացառության բոլորս, այդ ժողովրդի հատկանիշները կրողն ենք և գուցե մեր ձեռքբերովի ինտելեկտի շնորհիվ կարողանում ենք ճիշտ ու ներկայանալի քողարկել մեր վնասված կողմերը… իսկ հիմնականում՝ չենք կարողանում։ 

Այնպես որ, այնուամենայնիվ, սիրելի «ինտելեկտուալ ապուշներ», «ժեխեր», «տհասներ», «թալանչիներ», մենք բոլորս միասին հայ ժողովուրդ ենք։ Մենք չխռովենք մեզնից։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am