Ես, Թեդրոսը, տեղամասային պոլիկլինիկան և օտարված օբյեկտը ․․․

Լուսինե Հովհաննիսյան

Ուրեմն, գարուն էր, գարնան կարանտինի սկիզբ: Չէ՛, նախ ասեմ, որ կան մարդիկ, որոնք կարգը հանկարծ չխախտելու բնածին արատ ունեն։ Այդ մարդիկ կարող են ցանկացած իմպրովիզ ու անհավանական քայլ անել սեփական կյանքում, բայց պետական կարգի հանդեպ բնածին սրված կարգապահության խնդիր ունեն։ 

Այդ՝ կարգը չխախտելու բնածին «արատով» մարդկանցից մեկը, օրինակ՝ Վարդգես Գասպարին, մի պատմություն էր գրել։ 

Գասպարիի պատմությունը ինձ ամերիկյան 20-րդ դարի արձակից հատվածներ հիշեցրեց. ուրեմն, ասում է, 1985-ին, որպես սփյուռքահայ ուսանող, երբ Հայաստան էր եկել՝ պարտավորագիր էր ստորագրել, որով արգելվում էր Երևանից 20 կիլոմետր հեռանալ, իսկ հեռանալու համար սփյուռքահայ ուսանողները պարտավոր էին նորից վիզա ստանալ։ 

Եվ ինքը, քանի որ Չարենցավանում հորեղբայր ուներ ու ուզում էր ամիսը մեկ այցելել, ամեն անգամ դիմում էր գրում, վիզա ստանում ու նոր Երևանից գնում Չարենցավան։ 

Ասում է՝ մի քանի տարի հետո է իմացել, որ հարյուրավոր ուսանողների միջից միայն ինքն է այդ օրենք-պահանջը հարգել։ Այն շրջանցելու համար ընդամենը պետք էր դեկանի հետ լավ հարաբերություններ ունենալ:

Սա ուղղակի պատմեցի, որովհետև շատ էի տպավորվել։

Ես, իհարկե, Գասպարիի հետևողականությունն ու վճռականությունը չունեմ, համեմատվել անգամ չեմ համարձակվի, բայց կարգը չխախտելու բնածին արատ ես էլ ունեմ, ու Գասպարիի այս պատմությունը շատ մանրամասնորեն զգացի, մինչև վերջ, ամբողջության մեջ նաև։

Երբ 88-ին սկսեցի ինքնուրույն ատամնաբույժի գնալ, ամենասարսափելին ոչ թե բորմեքենան էր (հղկող մեքենան), մկնդեղը, ցավը, այլ այն վերջին պահը, երբ բժշկի խալաթի գրպանը ռուբլիանոց պիտի դնեի։ Ես, իհարկե պատահել է, որ խախտել եմ կարգը, բայց կամ աննշան բաներ էին, կամ՝ արկած, կամ՝ ամեն դեպքում, օրենքի սահմաններում։ 

Ինչ էի ուզում ասել, ես դժվար եմ տանում կարգի շրջանցումը. ոչ թե վախենում եմ, այլ՝ ամաչում, խորքային ամաչում եմ ու չեմ կարողանում վայելել արդյունքը։

Եվ այսպես, կարանտինի պիկն էր, երբ ամեն օր մտերիմներից մեկը հիվանդանում էր ու ծանր էր հիվանդանում։ Կարգն այսպիսին էր՝ դու պետք է կապ հաստատեիր տեղամասային պոլիկլինիկայի հետ, ու հետագա բուժման ընթացքը նրանց գիտությամբ էր ընթանալու։ 

Այնպես է ստացվել, որ դեռ մանկուց Երևանի բոլոր հեղինակավոր բժիշկները կամ բարեկամ էին, կամ հարազատ, կամ մտերիմ ընկեր։ Սովետական տարիներին մեր մանկական պոլիկլինիկան ներկայիս «Վիվասելի» կենտրոնական գրասենյակի շենքի ու շատ հավակնոտ «Մետրոպոլ» անվամբ հյուրանոցի արանքում էր՝ մի հին ու շատ կարգին պոլիկլինիկա, որտեղ բոլորիս դեմքով գիտեին՝ մեր բոլոր կարմրուկներով ու քութեշներով ու կարճատեսության հակումներով, որտեղից կանչ ստացած ռոստովահայ բժշկուհի Նադյայի մուտքը տուն արդեն ապաքինման կարևոր փուլ էր։ Հետո քանդեցին մեր պոլիկլինիկան ու տեղում կառուցեցին «Մետրոպոլ» «սուռովի» անունով հյուրանոցն ու «Վիվասելի» գրասենյակը։ Իսկ փայտե հատակով ու դռներով պոլիկլինիկան կուլ տվեց բուլդոզերի երախը։ 

Մանկական պոլիկլինիկայի տարիքից դուրս գալուց հետո օգտվում էինք Աբովյան փողոցի ակադեմիայի պոլիկլինիկայից, քանի որ հայրս ակադեմիական ինստիտուտի գիտաշխատող էր։

Այս պոլիկլինիկայում էլ ընտանեկան բժիշկը իր կոնտինգենտի առողջական խնդիրները, ընտանիքը, առողջական խնդիրների նահանջն ու պրոգրեսը մտքում պահած ուներ, ու ամեն անգամ կարիք չկար խնդիրդ սկսեիր պատմել՝ «ուրեմն, մի քանի տարի առաջ…» պատմողական նաղլով։

Երբ 1997-ին, կարծեմ, ակադեմիայի պոլիկլինիկան սեփականաշնորհեցին ու կոնտինգենտը բժիշկների հետ ցիրուցան արեցին, մենք էլ պոլիկլինիկայից չօգտվեցինք։ Ունեինք մտերիմ բժիշկներ՝ բոլոր ոլորտների, բացվեցին տեխնիկապես հագեցած հիվանդանոցներ, ու կյանքը իր հունը գտել էր։ 

Բայց կարանտինի օրերին, արտակարգ դրության զգաստության մթնոլորտում մի տեսակ կարգը պահելու լրջությունը նորից թարմացրեց կարգի հանդեպ հատուկ վերաբերմունքս, ու ես ինձ կորցրած փորձում էի գտնել, թե ո՛ր պոլիկլինիկայում ենք գրանցված, կամ գոնե ենթադրվում է, որ պետք է գրանցված լինենք՝ ըստ բնակության վայրի։

Այսպիսով, սկսում եմ զանգել սրան-նրան ու ամեն տեղից լսում եմ՝ «ուրիշ դարդ չունե՞ս, էսքան բժիշկ կա շուրջդ, ԿՏ-ն կանենք, դեղերի սխեման կտանք, կամ կտեղափոխենք հիվանդանոց, ի՞նչ պոլիկլինիկա»։

Բայց ես համառորեն ուզում եմ հասկանալ՝ ո՞ր պոլիկլինիկային ենք կցված, ու զանգում եմ երեխաներիս պոլիկլինիկայի մանկաբույժին, հարևաններին և այլն։

Պարզվում է՝ օրենքով պետք է կցված լինենք չորրորդ պոլիկլինիկային։ Երբ երկնակամարում վխտում էին մարտ ամսվա կորոնավիրուսի անտեսանելի, բայց երևակայելի՝ գծերով երիզված գնդիկները, ինձ ասում են՝ պետք է ներկայանալ պոլիկլինիկա՝ գրանցվելու համար։

Այստեղ մի փոքր տատանվում եմ, քանի որ ընտանիքում դեռ ոչ ոք վարակված չէր, ունեինք լուրջ ռիսկային խմբեր, իսկ պոլիկլինիկա ներկայանալն արդեն վարակվելու վտանգ էր։ Տատանվում էի, բայց շարունակում էի համառորեն տառապել, որ կարգը խախտում ենք, ասված է՝ պետք է պոլիկլինիկայի հետ կապը պահել։

Փորձում եմ հասկանալ, թե ինչո՛ւ հնարավոր չէ գրանցումն անել առանց ներկայանալու, եթե պատճենած փաստաթղթերն ուղարկեմ որևէ կապով։ Այս ամբողջ իրարանցումս միայն մի բանի համար էր, որ այդ արտակարգ պայմաններում հաստատված կարգը չխախտվի, թեև ես բացարձակ չունեի դրա կարիքը, ինձ համար դա ավելորդ քաշքշուկ էր։

«Բախտս բերում է»՝ ավելի լուրջ անհանգստություն եմ ունենում ու մոռանում եմ տեղական ինքնակառավարման կորոնատառապանքները։

Եվ երեկ երեկոյան՝ մարող կորոնավիրուսի սեպտեմբերյան մթնշաղին, հանկարծ Ֆեյսբուքում կարդում եմ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին մասնակցելու Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում գտնվող պոլիկլինիկայի շենքի օտարման մրցույթին։

Հետո՝ մակերեսը, գույքի գնահատված արժեքը, կադաստրային արժեքը, վաճառքի նվազագույն գինը։ Խոսքը չորրորդ պոլիկլինիկայի մասին է, հենց այն նույն պոլիկլինիկայի, որտեղ փորձում էին գրանցել ընտանիքիս անդամներին, որ արտակարգ դրության պայմաններում կարգը դույզն-ինչ չխախտենք։

Ու մեկը մեկի հետևից արագ-արագ ծնվում են հարցեր. ո՞ւմ եք վաճառելու երևանյան հին, սպիտակ, բարի դեմքով շենքը, ի՞նչ այլաձևումների կենթարկվի հազար տարվա շենքի ծանոթ «դեմքը», արդեն քանի տասնամյակ այդ հին պոլիկլինիկային կցված կոնտինգենտը որտեղից է օգտվելու որպես առաջնային բուժհիմնարկ, ուր են գնալու չորրորդ պոլիկլինիկայի բժիշկները, որոնցից առաջինը, ում պատկերը հիշեցի՝ նևրոպաթոլոգ Գոհար Մռավյանն էր՝ հին ինտելիգենտ բժշկուհու կորչող նմուշ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշել էր, որ պոլիկլինիկան տեղափոխվելու է 200 մետր հեռավորության վրա գտնվող նախկին զինկոմիսարիատի շենք։

Այդ շենքին լավ ծանոթ եմ։ Էլի հին սովետական շենք է, բավականին լավ կառույց, բայց սարսափելի բարձիթողի վիճակում։ Այս շենքում է տեղավորված պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը, որտեղ բազմիցս մասնակցել եմ զինակոչիկների բողոք-դիմումների քննարկման նիստերին։

Միայն այդ հատվածը բավարար կարգի է բերված, իսկ շենքն ամբողջությամբ հիշեցնում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո լքված Պրիպյատը։ Նույն մեկնաբանություններում Նարեկ Բաբայանը հայտնում է, որ նոր շենքում ավելի լավ պայմաններ են ապահովելու։ 

Առավոտյան գնացի նախկին զինկոմիսարիատի շենք՝ մտածելով, որ եթե հոկտեմբերի 2-ին նշանակված է պոլիկլինիկայի շենքի վաճառքի օրը, և վստահեցնում են, որ նոր շենքում ավելի լավ պայմաններ են ապահովելու, ուրեմն այդ «նոր» շենքում արդեն ինչ-որ վերանորոգման աշխատանքներ պետք է սկսած լինեին, որովհետև զինակոչիկների բողոքարկման նիստերին այդ շենքում հիանալի ամոնիակի հոտ է գալիս կոյուղու բացարձակ անսարքության պատճառով, շենքը, բնականաբար չի ջեռուցվում, շատ հետաքրքիր կենդանիներ են վխտում հարկերում, և այդ առումով ավելի նպատակահարմար կլիներ պատանի բնապահպաններին տրամադրել տարածքը՝ նաև սնկերի բազմազանությունն ուուսումնասիրելու հեռանկարով։

Բայց եթե, այնուամենայնիվ, պոլիկլինիկան են տեղափոխում, ուրեմն արդեն գործ պիտի սկսած լիներ։ Առավոտյան մտա շենք, ամեն ինչ տեղում էր՝ հոտը, սնկերը, այսօր կենդանի չհանդիպեց, պատուհանները՝ ջարդած, շրջանակները՝ անհասկանալի այրված։

Նախկին զինկոմիսարիատի շենքի վերանորոգումը շատ երկարատև է լինելու, որքան հասկանում եմ, եթե, իհարկե, լուրջ վերանորոգման արժանանա բուժհիմնարկ սպասարկել պատրաստվող շենքը։ Իսկ այստեղ վերանորոգման որևէ գործ դեռ չի սկսվել։ 

Մի քանի մետրի վրա չորրորդ պոլիկլինիկան, ինչպես միշտ, խաղաղ, ծառերի ստվերում, սպիտակ կանգնած է։ Հոկտեմբերի 2-ին իր համար օտարման մրցույթ են հայտարարել, ինքը՝ անտեղյակ, նույնիսկ չգիտի, որ իր անունն արդեն ոչ թե չորրորդ պոլիկլինիկա է, այլ օտարման ենթակա շենք։ Դատելով օտարման հապճեպությունից՝ շենքը պետք է լինելու ազատել, իսկ այն շենքը, ուր պիտի տեղափոխվեն, առայժմ Պրիպյատի տեսք ունի։

Եվ, իհարկե, վերջին ամփոփիչ հարցը, որով սկսել էի տեքստը. եթե թագաժահրի աշնանային նվազող կորը, ինչպես կանխատեսվում էր, հանկարծ բարձրացնի կնճիթը,  ու Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարի պանդեմիայի նոր հրավառության մասին, կասե՞ք՝ ո՛ւր դիմի չորրորդ պոլիկլինիկայի հավատավոր ու պարտաճանաչ կորոնահոտը, եթե այնպես ստացվի, ինչպես շարադրեցի: 

Այս թեմայով ոչինչ այնպես հստակ չեմ պատկերացնում, ինչքան այն, թե ինչպես է պոլիկլինիկայի շենքի նոր տերն շենքն իր աներկբա ճաշակով վերանորոգելիս հաստատ ասում՝ «քանդի, քանդի էդ բուլավեքը, էս որ թիվն ա»։ 

Իսկ կարգապահ լինելը, մանավանդ՝ կարգապաշտ, հաստատ համարժեք միջավայրում պետք է լինի, հակառակ դեպքում… Շենքերը նույն ռիթմով շարունակում են օտարվել, քաղաքը՝ օտարանալ։ Իսկ թվում էր՝ էլ տեղ չկա։ 

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am