Միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:

«Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով: ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրական էներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված:

Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ:

Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով հնչեցրած գնահատականները: Եվ այդ գնահատականներն առավել սրվում են արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար:

Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,- ասաց Փաշինյանը: