1984. Երևան

1984. Երևան
1984. Երևան

Շատ կարճ, մի քանի նախադասությամբ ստիպված եմ պատմել տասը տարիների մասին, որովհետև ասելիքս ուղղակիորեն կապված է այդ տարիների հետ: Ես տասը տարի սովորել եմ Ն.Կ. Կրուպսկայայի անվան դպրոցում, անշուշտ, հնչեղ ու ազդեցիկ անուն ուներ մեր դպրոցը:

Այն ժամանակ «էլիտ» բառը դեռ նույնիսկ չորեքթաթ չէր քայլում, բայց դրան փոխարինում էր «փոխանցիկ կարմիր դրոշ» արտահայտությունը, օրինակ, ինչը նշանակում էր, որ դու թոփ հինգի մեջ ես, ու դրոշը փոխանցիկ տվել են դպրոցին: Այդ դրոշը շրջում էր քաղաքի կենտրոնի մի քանի դպրոցում, իմ տպավորությամբ, որովհետև տարին մեկ այս չտեսնված ու չլսված նորությունը մեզ հանդիսավոր հայտնում էին:

Իմ կարծիքով՝ մեր դպրոցի հաջողությունը աշակերտական կոնտինգենտն էր ապահովում, մտավորականների ու գիտաշխատողների մեծ մասը, որոնք ռուսական դպրոց չէին տանում իրենց զավակներին, հիմնականում հանձնում էր Կրուպսկայայի դպրոց, ու ստացվում էր մի տեղ հավաքվում էին շատ բան լսած ու տեսած աշակերտներ, թե չէ մնացած ամեն ինչը մեր դպրոցի՝ սովետական սովորական բարքերով դպրոց էր, որտեղ ցուցափայտով սովորեցնում էին սերտել: Բայց մի լուրջ տարբերություն ուներ, այնուամենայնիվ. մեր տնօրենը:

Նա հիմա չկա այս կյանքում, ու հետևաբար ամեն ինչ կձևակերպեմ մի քանի անգամ մեղմ և զուսպ՝ հարգելով մեր նախնիների ավանդույթը: Երբ մենք սովորում էինք, դպրոցում դեռ կային մարդիկ, որոնք իրենց ծնողներից ու մեծ քույր ու եղբայրներից լսել էին նախկին տնօրենի ազգանունը՝ Հայկազունի: Լեգենդներ էին պատմում նրա մասին, նրա վեհության ու հետպատերազմյան դպրոցում իշխող բարքերի: Մենք հիացած լսում էինք: Դպրոցի ութսունամյակին կյանքում առաջին անգամ տեսա նրա լուսանկարը. պարզվեց՝ Հայկազունին կին է եղել: Ինձ միշտ թվացել է՝ տղամարդ է: Լուսանկարից նայում էր մի փառահեղ, գեղեցիկ, խիստ ու լավ մարդու հայացքով կին:

Մեր սովորելու տարիներին դպրոցի տնօրենը Օֆելյա Պետրոսյանն էր: Հավանաբար նա ևս դրական հատկանիշներ ուներ, բայց դրանք շատ խորն էին թաքնված: Մենք սարսափում էինք իրենից: Իր կաբինետի կողքով անցնելիս կամ թաթերի վրա էինք անցնում, կամ աշխատում էինք շրջանցել: Մենք՝ ինչ, նրանից սարսափում էին ուսուցիչներն ու ծնողները: Միայն հանրահայտ մարդկանց զավակները գուցե չունեին իրենց սրտում այդ վախը, որովհետև հանրահայտ մարդկանց հանդեպ ընկեր Պետրոսյանը բարեհաճ էր: Իմ ծնողները հանրահայտ չէին՝ գիտաշխատողներ էին, հետևաբար ես վախենում էի իրենից, իր հուժկու հայացքից, բարձր հասակից, մեծ ափերից, կոշիկներից՝ սևը շագանակագույնի համադրությամբ: Ես վախենում էի իր ձայնից: «Ես» եմ ասում, որ չոտնահարեմ մնացածի քաջության կանխավարկածը, բայց ես բոլորովին ամենավախկոտներից չէի, մանավանդ որ գիտեի՝ ծնողներս ինձ միշտ կհասկանան:

Ընկեր Պետրոսյանից անասելի վախենում էին ուսուցիչները, ջոկատավարները ուղղակի հաճախասրտություն ունեին, ծնողները խուսափում էին դեմ դիմաց դուրս գալուց, մանավանդ որ բարևին ընկեր Պետրոսյանը հազվադեպ էր իրեն նեղություն տալիս բարևով պատասխանելու:

Նա կարող էր ինքնուրույն կտրել որևէ մեկի մազերը, եթե երկարել էին ու թափվում էին դեմքին: Մի ժամանակ նա ստուգում էր դպրոց մտնող աշակերտների պայուսակները: Եթե ընկեր Պետրոսյանը դասալսման էր գալիս, ինչ ասեմ, մեր առողջական վիճակը շատ կոնկրետ փոփոխություններ էր ունենում: Եթե նա իր պատուհանից նայում էր դուրս՝ դպրոցի բակ, մենք նմանվում էինք անկարգապահ վարորդների, որոնք ավտոտեսուչի առկայությունը ողնուղեղով զգալ գիտեն ու դանդաղեցնում են ընթացքը: Տասը տարվա մեջ ես երկու անգամ եմ խոսել ընկեր Պետրոսյանի հետ. առաջին անգամ դպրոց ընդունվելիս հարցրեց՝ «Սիրում եմ քեզ, հայոց լեզու» բանաստեղծությունը գիտե՞ս, ես շանթահարված ասացի՝ ոչ:

Իրոք չգիտեի, բայց գիտեի Տերյանի ժողովածուի կեսը ու Չարենցից մի քանի բան: Մեր մյուս հանդիպումը տասներորդ դասարանում էր: Ինձ ու ընկերուհուս կանչեց կաբինետ ու ասաց, որ ինձ կտան գովասանագիր կենսաբանությունից, իսկ ընկերուհուս՝ պատմությունից: Ես պատմությունից էի լավ, ընկերուհիս՝ կենսաբանությունից: Ինձ ընդունելության ժամանակ պատմության գովասանագիրը կարող էր բալ ավելացնել: Սա մեր վերջին հանդիպումն էր: Եվ մի միջանկյալ «հանդիպում» էլ տեղի էր ունեցել, երբ մենք մի քանի հոգով «Ձմեռվա երեկոն Գագրայում» ֆիլմից հետո, ուշ երեկոյան, որոշեցինք մտնել դպրոց, վստահ լինելով, որ Պետրոսյանը վաղուց գնացած կլինի, ու ուզում էինք մեր տեսած ֆիլմի «սթեպը» խփել դպրոցի մարմարյա հատակին, ու ամենաթեժ պահին իջավ նա: Այս գեղեցիկ հանդիպման մանրամասները թողնենք մեկ ուրիշ անգամվա համար, քանի որ բռնության տեսարանները վնաս են հոգեհիգիենային:

Ահա այս պայմաններում դպրոց եկավ մեր ռուսերենի ջահել ուսուցչուհին, որն իմ լավ ընկերն է հիմա, ու ինձ արգելել է իր գովքն անել: Այս ուսուցչուհին պատերազմի ժամանակ տեսած երազի էր նման, նա մեր կինոն էր: Ինքը ռուսաց լեզվի դասերի ընթացքում մեզ պատմեց համաշխարհային ամբողջ արժեքավոր գրականությունը, մենք կարդացինք ու վերլուծեցինք Սթեյնբեք, Սելինջեր, Ափդայք, Օլդրիջ, Այզեկ Ազիմով, ռուս նոր գրականություն: Իմացանք բոլոր անհայտ ռուս գրողներին, ծանոթացանք Տուլուզ Լոտրեկի աֆիշներին ու նրա կենսագրության դրամատիկ դրվագներին, լսեցինք Պիկասոյի «Գեռնիկա»-ի մասին, Մոնեին տարբերեցինք Մանեից, Սեզանին՝ Դեգայից: Ու անսահման շատ բան սովորեցինք իրենից, մասնավորապես, որ չի կարելի կծկված ապրել, ծաղրել ու քթի տակ ծիծաղել, բամբասել ու վախենալ:

Մի օր՝ 1984-ի գարնանը, երբ դեռ երկիրը, որում ապրում էինք, չէր թևակոխել պերեստրոյկա-գլասնոստի տարիները նույնիսկ, և դրսում խաղաղ ճահճուտ էր իր բոլոր բարոյական կոդեքսներով, ռուսերենի ժամին դուռը բացվեց ու մտավ ընկեր Պետրոսյանը: Մենք սովոր էինք, որ երբ նա մտնում էր, իր շողքից ուսուցիչն այլևս վերանում էր որպես հեղինակություն, նա կարող էր բղավել, քաշքշել ցանկացած աշակերտի մազերն ու հագուստը, բղավել դասարանի վերջին նստարանի տակ թղթի կտորի առկայության պատճառով՝շարժառիթները շատ էին: Այդ ընթացքում ուսուցիչները լավագույն դեպքում լուռ էին, տարիքովների ճնշումը բարձրանում էր, ոմանց վրա ինքը բղավում էր աշակերտների ներկայությամբ:

Այդ օրը, երբ նա մտավ մեր ջահել ու սիրուն ուսուցչուհու դասաժամին, մենք ահով սպասում էինք: Ընկեր Պետրոսյանը սկսեց բարձրաձայն նկատողություն անել, ինչ-որ բաներ էր ասում, աղմուկով իրար մոտեցնում նստարանները, հրահանգում օգնել առաջ տալ, հետ հրել ու հանկարծ… ու հանկարծ այդ որոտի մեջ լսվում է մեր երեսունամյա ուսուցչուհու ցածր, հանգիստ, բայց խիստ ձայնը. «Офелия Амбарцумовна, а не могли бы вы поговорить с учениками после моего урока, вы прерываете мой урок»:

Մեզ կայծակը զարկել էր, Տերյան փողոցի վրա բացվող պատուհաններից գարնան սիրուն հով էր մտնում, բայց մենք նստել էինք կայծակից զարկված, վախենում էինք պատկերացնել հաջորդ րոպեն, բայց նաև շատ պատանի ընդվզումը հաճույք էր ստանում մեր համազգեստների մեջ, մենք կամաց-կամաց ուշքի գալով համարձակվում էինք նայել Պետրոսյանի դեմքին «Я Спартак» հայացքով, ու մեկ էլ հնչեց ընկեր Պետրոսյանի հարգալից «ներողություն»-ը, ու ինքը դուրս եկավ դասարանից:

Երկրորդ մասն ավելի դժվար եղավ ընկալել: Հանգիստ փակված սպիտակ յուղաներկով ներկած դռան վրա մեր ապուշ կտրած աչքերը սառել էին, մինչև հնչեց մեր ջահել ու չտեսնված ուսուցչուհու «в чем дело, девочки и мальчики?»-ն: Ինքը շարունակում էր դասը, ինքը խոսում էր երկար մատները կավճոտելով, իսկ մենք, ինչպես չորրորդ դասարանի սեպտեմբերի մեկին, երբ ինքն առաջին անգամ նուշերով կիսաշրջազգեստը հագին ու բաց գույնի գանգուր մազերը ուսերին մտավ դասարան՝ ուսումնասիրում էինք իրեն, նրան, որին տեսնում էինք ամեն օր, արդեն չորս տարի: Մենք մարսում էինք տեղի ունեցածը յուրաքանչյուրս մեր ուղեղի հնարավորության սահմաններում:

Իմ «քաղաքացու օրը» 1984-ի այդ օրն էր, ափսոս ամսաթիվը չեմ հիշում, կարելի էր նշել: Այդ օրը ես իմացա, որ քեզ ոչ ոք չի նվաստացնի, քանի դեռ դու չես արել դա: Այդ օրը ես իմացա, որ ոչ ոք սարսափելի չէ, եթե դու չես թույլ տվել սարսափը կայանա: Եվ եթե մեծամասնությունը թույլ է տվել, դու, միևնույն է, կարող ես թույլ չտալ:

Քաղաքացու օրը ինչքան վաղուց սկսված լինի՝այնքան լավ:

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am