«Ահավոր վիճակ է, կորոնավիրուսից ավելի բեթար, պետք է տանենք, թափենք». Գեղարքունիքում գյուղացին չի կարողանում բերքն իրացնել

Գեղարքունիքի մարզում գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվել, կաղամբի բերքը չի իրացվել և օր օրի փչանում է։ Մոտավոր հաշվարկներով՝ միայն Զոլաքար գյուղում 3000-4000 տոննայի չափով չիրացված կաղամբ կա։ Նույն վիճակում են նաև մյուս համայնքները՝ Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն։

Գյուղացիներն ահազանգում են, որ լուրջ խնդրի առաջ են հայտնվել․ 

«Ահավոր վիճակ է, վաղը-մյուս օրը արդեն պետք է տանենք թափենք, պետության կողմից թող աջակցություն ցույց տան գյուղացուն: Էս որ տարանք թափինք, էս կորոնավիրուսից ավելի բեթար, շատ ահավոր է, ամբողջ տարին հույսով ապրանք, ինչով ապրենք, հեսա գարուն ա եկել, ոչ պարարտանյութ կա, մենակ ջրի փող չեմ հանել»,- նշում է Զոլաքար համայնքի բնակիչ Քիշմիր Քիշմիրյանը։

Նույն համայնքի բնակիչ Վիգեն Սաղաթելյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ կաղամբի վաճառքի անկումը սկսվել է փետրվարից, այդ ամսին կաղամբը գյուղացուց գնել են 30-40 դրամով, որից հետո, երբ արտակարգ իրավիճակ է սկսվել երկրում և աշխարհում, արդեն շարժը կանգնել է, բերքի արտահանում չի եղել։

«Անցած տարի համեմատաբար հարմար էր գինը, 200-250 բարձրացել էր, որովհետև արտահանում էին Հայաստանից Վրաստան, Ռուսաստան, էս տարի որ արտահանում չկա, բերքն էլ շատ է ստացվել, մնացել է։ Գարունը բացվել է, բերքը չի վաճառվել, փչանում է, նորից պետք է հողը մշակենք, սածիլներ աճեցնենք, նորից տնկենք և չունենք համապատասխան ֆինանսավորում, հինը չի ծախվել, նորի համար էլ արդեն պայմաններ չկան»,- ընդգծում է նա։

Սաղաթելյանն ասում է, որ այժմ մինչև 15 տոննա կաղամբի բերք ունեն, որը չի վաճառվում, իսկ եթե վաճառվում է, ապա իրենցից գնում են 10-15 դրամով, առավելագույնը՝ 20,  որը ծախսերը չի հանում, իսկ մայրաքաղաքում վաճառվում է բարձր գնով։ 

Համայնքի բնակիչները խնդրի վերաբերյալ նամակ են գրել կառավարությանը, սակայն մինչ այժմ խնդիրը լուծում չի ստացել․

«Կառավարությունից մեզ ուղղորդեցին Էկոնոմիկայի նախարարություն, տվել են  երկու կազմակերպության՝ «Սպայկայի» և մեկ այլ ընկերության հեռախոսահամարներ, որ կապ հաստատեինք, իրենք էլ ասում են՝ այս պահին շուկան կանգնած է, չենք կարող որևէ բանով օգնել»,- նշում է Սաղաթելյանը։

Գյուղացիներն ակնկալում են, որ կառավարությունը որևէ ելք կգտնի այս իրավիճակից և աջակցություն կցուցաբերի գյուղացիներին, այլապես բերքն ամբողջությամբ պետք է թափեն, իսկ նոր բերքի համար ֆինանսական հնարավորություն չունեն։

Զոլաքար համայնքի բնակիչ Վիգեն Սաղաթելյանը կարծում է, որ արտահանողներին ևս շահեկան չէ կաղամբ արտահանելը․ «Գինը ցածր է, ինձ թվում է՝ իրենց ձեռ չի տալիս, իրենք  էլ պետք է օգուտ ստանան, որ գնեն, տանեն մեզանից։ Կառավարությունը կարող է ճանապարհածախսը տա, արտահանողը տանի, որ ինքը շատ չտուժի։ Խորապես ուսումնասիրեն, գուցե մի ձևի լուծում գտնեն»,- ասում է նա։

«Ես ուղղակի կխնդրեմ մեր վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, թող միջոցներ ձեռնարկեն, մինչև 7000 տոննա կաղամբ կա Զոլաքար գյուղում, դա մի ահռելի թիվ ա, ո՞նց կարող են էսքան անտեսել ու ասել՝ գնա, ժողովուրդ, ապրի: Ո՞նց ապրեն էդ մարդիկ, որ էսօր հույսները դրա վրա ա դրած, կամ իրենք իրենց հաշվին գան թափեն, տրանսպորտ տան, տանենք թափենք, մենք ի վիճակի չենք, տանեն գազանանոցներին, մի հիմնարկի»,- վրդովված ասում է Զոլաքար համայնքի բնակիչ Քիշմիր Քիշմիրյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am