Մարտի մեկից տասներկու տարի անց Սարգիս Քլոյանը հավատում է, որ «Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մեկ խցում են նստելու»

Լուսանկարը՝ «Ազատություն»

Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որ ուշի ուշով հետևում է Ռոբերտ Քոչարյանի, իսկ այսօր նաև՝ Սերժ Սարգսյանի դատավարություններին:  Ասում է, թե « լիահույս եմ, որ Հայաստանում արդարադատությունը հաղթելու է, իսկ մարտի մեկի մեղավորները պատժվելու են». 

«Եղավ թավշյա հեղափոխությունը, և մեր հույսերն եկան, իրենց տեղն ընկան, որ ամեն ինչ լավ կլինի, և այդպես էլ եղավ։ Հասկանո՞ւմ եք՝ հեղափոխությունից հետո մեր դեմքի ժպիտն է փոխվել, մեր հույսերն են վերականգնվել, մեր տրամադրությունն է բարձրացել, և հուսով ենք՝ մարտի 1-ի էջը ամբողջությամբ կբացահայտվի: Կարևորը, որ հանցագործն արդեն ճաղերի ետևում է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Սարգիս Քլոյանը:

Նա մտահոգություն չունի, որ Սահմանադրական դատարանը, հնարավոր է՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի: Միեւնույն ժամանակ նշում է, որ իր կարծիքով՝ Սահմանադրական դատարան մենք չունենք. 

«Մեկ ամիս մնաց ՍԴ դատավորների գործելուն: Մեկ ամսից նրանք դուրս են գալիս ՍԴ շենքից: Այնտեղ կմնա 2 դատավոր, մեկը՝ Վահե Գրիգորյանը, մյուսը՝ Դիլանյանը: Դրանից հետո նախագահի նոր թեկնածուներ կունենանք»,- վստահ է Քլոյանը:

Մարտի մեկից տասներկու տարի անց Սարգիս Քլոյան ասում  է

«Հավատում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մեկ խցում են նստելու»։ 

Որդու սպանության բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների ուղղությամբ Քլոյանը կարծում է՝ վաղ է գնահատականներ հնչեցնելը, պետք է սպասել դատական փուլի մեկնարկին. 

«Երբ մտնեն դատական փուլ, վկաներն իրենց խոսքը կասեն, և որոշ ժամանակ անց սպանություններն էլ կբացահայտվեն, թեև դատական համակարգում հների ներկայացուցիչներ դեռ կան: Ես կարծում եմ՝ դատական համակարգը ամբողջովին պիտի վերափոխվի»,- ասաց Քլոյանը։ 

Այնուամենայնիվ, Սարգիս Քլոյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ցմահ պետք է դատապարտվի. 

«Եթե չդատվի, ինչո՞ւ ենք այս 2 տարի գնում-գալիս: Նա պետք է դատվի։ Ես ինչ տեսել եմ և լսել որպես մարտի 1-ի ցույցի մասնակից, ամենն ասացի Քոչարյանին: Ինչո՞ւ Քոչարյանը հրաման չտվեց չկրակել ժողովրդի վրա, ինչպես 96-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրամայեց չկրակել ժողովրդի վրա: Նույնն էլ թող ինքը հրամայեր, և այսօր զոհեր չէինք ունենա: Ռոբերտ Քոչարյանը արյունով եկավ իշխանության, արյունով էլ հեռացավ»: 

Մանե Հարությունյան

MediaLab.am