Բաքուն շատ հստակ ասում է՝ կա՛մ կդիմենք նոր էսկալացիայի, կա՛մ այս ձևաչափով ու օրակարգով պետք է բանակցենք. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, իբր, սահմանին լարվածություն է ստեղծում, դժգոհել է նաև Ֆրանսիայից, խոսել է նաև ՀՀ պատվիրակության հետ հնարավոր հանդիպման մասին։ Այս մասով եմ ձեր դիտարկումները խնդրում, ու նաև հայտնի դարձավ, որ արտգործնախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

– Այստեղ մի քանի հանգամանք կա․ ուզենք թե չուզենք՝ սա ադրբեջանական օրակարգի ռեալիզացիա է, այսինքն՝ դեկտեմբերի 7-ից Բաքուն հետամուտ է լինում, որպեսզի ուղիղ բանակցություններ տեղի ունենան: Նա կարծես թե հասել է իր նպատակին՝ անկախ նրանից, թե մեր իշխանություններն ինչ կասեն։ Բայրամովի այդ տոնայնությունն ու ձևակերպումները ակնհայտորեն հուշում են, որ միջնորդներ չեն լինելու, եթե անգամ այդ հանդիպումը տեղի է ունենում Բեռլինում, առավելագույնը՝ Բեռլինը ֆասիլիտատորի կարգավիճակ է ունենալու, այսինքն՝ միջնորդության մասին խոսք լինել չի կարող։ 

Ինձ համար ակնհայտ է, որ այդ բանակցությունները, միևնույն է, տեղի չեն ունենալու միջնորդի ձևաչափով, ու այս պարագայում, շատ երրորդական է դառնում, թե որ երկիրն է տրամադրել բանակցային սեղան։ Այս հանգամանքով է պայմանավորված նաև այն, որ ադրբեջանական կողմն է առաջինը անոնսավորում այդ մասին, ոչ թե Երևանը, որովհետև եթե Երևանն անոնսավորեր, մի շարք հարցերի պետք է պատասխան տար, ինչն իրենք փորձում են շրջանցել։ 

Այս նույն տրամաբանության մեջ նայեք նաև Բայրամովի վերապահումները դիտորդական առաքելության վերաբերյալ. նրանք հետևողականորեն մի գիծ են տանում, թե մենք երկուսով կարող ենք ամեն ինչ պայմանավորվել, երրորդ երկրներն ավելի շատ խանգարում են և այլն։ Այսինքն՝ Բաքվի տրամաբանությունը հստակ է, իսկ մնացած ձևակերպումները բխում են այդ տրամաբանությունից։ 

– Ինչպե՞ս հնարավոր եղավ այս հանդիպումը, երկար ժամանակ ադրբեջանական կողմը չէր համաձայնում որևէ հարթակում հանդիպել։ 

– Դա արդեն իսկ կանխատեսելի էր, որովհետև վերջին օրերին Ադրբեջանը հստակ հասկացնում է, որ եթե Երևանը փորձի իր օրակարգի հանգույն չշարժվել, ապա կարող է դիմել ռազմական էսկալացիայի։ Երեք օր է արդեն՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անցել է իր սիրած ձեռագրին՝ պարբերաբար կեղծ լուրեր է տարածում, թե իբր մեր կողմից խախտվում է հրադադարը, բացի այդ՝ տեղեկություն ստացանք, որ երեկ ադրբեջանական Իլ 76-ը դարձյալ վայրէջք է կատարել Իսրայելում, ըստ ամենայնի նոր սպառազինություն են ստանում, այսինքն՝ Բաքուն շատ հստակ ասում է՝ կա՛մ այս ձևաչափով ու օրակարգով պետք է բանակցենք, կա՛մ կդիմենք նոր էսկալացիայի։ Այս պայմաններում անհավանական էր լինելու, որ Երևանը հրաժարվեր այդ հանդիպումից։ 

– Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ նպատակո՞վ բաց հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական հարձակման Հայաստանի դեմ։

– Իհարկե՛, մի կողմից դա իրականություն է, եթե Հայաստանը փորձի Բաքվի օրակարգին ընդդիմանալ, մյուս կողմից՝ Փաշինյանը խնդիր ունի հասարակությանը հնարավորինս վախեցնել պատերազմի ուրվականով, որովհետև շատ լավ գիտի, որ իր քաղաքականությունը հանգեցրել է մի շատ անբարենպաստ երկընտրանքի՝ կա՛մ մենք պետք է ընտրենք Բաքվի օրակարգը, կա՛մ ճանապարհ է բացվում նոր էսկալացիայի կամ պատերազմի համար։

– Եթե այդ հանդիպումներն անցնեն առանց միջնորդների, որքանո՞վ եք հավանական համարում, որ հայկական կողմին կհաջողվի խուսափել ադրբեջանական կողմի ցանկալի բովանդակությամբ պայմանագրից։ 

– Նույնիսկ միջնորդների պարագայում Երևանի մանևրելու հնարավորությունը շատ փոքր է, ի վերջո տեսանք, որ նույն արևմտյան հարթակը լեգիտիմացրեց ԼՂ-ի կլանումը Բաքվի կողմից: Առանց միջնորդների բանակցությունները Բաքվի դիրքերն ավելի են ուժեղացնում, որովհետև ընդհանրապես հակազդող որևէ ուժ չի լինում, ու նման իրավիճակում շատ հստակ է խնդիրը՝ կա՛մ դու ընդունում ես բոլոր նախապայմանները, որ Բաքուն առաջ է քաշում, կա՛մ նա սպառնում է նոր էսկալացիայով։ 

Իհարկե, պայմանագրի կնքման ժամկետներ կանխատեսելն անշնորհակալ գործ է, ես դարձյալ մնում եմ իմ կարծիքին, որ այդ փաստաթուղթը ո՛չ Բաքվին է պետք, ո՛չ Փաշինյանին: Վերջինս ինչ-որ հրաշքների է սպասում, չգիտեմ՝ որտեղից, դրա համար ժամանակ է ձգում, իսկ Ալիևի խնդիրը ոչ այնքան պայմանագիրն է, որքան կոնկրետ փուլում խնդիր առաջ քաշելը, դա լեգիտիմացնելն ու իր դիրքերն ուժեղացնելը, շատ արդյունավետ տակտիկա է ընտրել նա։ Այսինքն՝ ինչքան Ադրբեջանը քչացնի այդ վիճահարույց խնդիրների քանակը, այնքան շուտ այդ պայմանագիրը կկնքվի, ինքն էլ այս առումով չի շտապում, որովհետև փոքր-փոքր քայլերով ավելի ամրացնում է իր բանակցային դիրքերը ու ավելի պատային իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար։

– Բայց եթե Ադրբեջանը հասնի նրան, որ Հայաստանը համաձայնի ստորագրել այնպիսի բովանդակությամբ պայմանագիր, ինչպիսին ինքն է ուզում, այդ ժամանակ չի՞ ստորագրելու։

– Եթե հնարավոր լինի բոլոր վիճահարույց հարցերի մասով Հայաստանից զիջումներ կորզել, բնականաբար, փաստաթուղթ կստորագրվի, ես ուղղակի նրանց տակտիկայի մասին եմ ասում, թե ինչու չեն շտապում։ Ի վերջո, եթե չկա պայմանագիր, այս մեր դիսբալանսի պարագայում Ադրբեջանը կարող է ու ձգտում է առավելագույնին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am