«ԱԺ-ում աղմուկ անելով՝ միայն ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին. անհնար է այդ կերպ հեռացնել այս իշխանությանը». Գևորգ Գորգիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լոււսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանը

Պարո՛ն Գորգիսյան, «Լոււսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ ինչո՞վ է զբաղված, ապագայի անելիքների մասին մի փոքր կմանրամասնե՞ք:

– «Լուսավոր Հայաստանը» վերագնահատումների փուլում է և նախապատրաստվում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ու նաև մի քանի այլ ծրագրեր են այս պահին քննարկման փուլում: ՏԻՄ ընտրություններին կմասնակցենք այն վայրերում, որտեղ կա պատրաստ թիմ, ու կարող է մտնել ընտրապայքարի մեջ, դեռ հստակ չէ, թե որտեղ կլինենք, առայժմ նախապատրաստվում ենք:

Ուզում եմ արձանագրել, որ 2015 թվականից ի վեր բազմաթիվ կուսակցություններ են ստեղծվել, բայց «Լուսավոր Հայաստանը» այն քչերից է, որին հաջողվել է դառնալ լուրջ դերակատար Հայաստանի քաղաքական կյանքում, և մենք շարունակելու ենք այդպիսին մնալ, անկախ նրանից՝ խորհրդարանում ենք, թե՝ ոչ:

Մեր ակտիվ գործունեությունը շարունակելու ենք հատկապես այս պայմաններում, երբ Ազգային ժողովի ընդդիմությունն անհասկանալի ինչ-որ զանգված է, որը որևէ կերպ չի կարողանում զսպել իշխանությանը և հակակշիռ լինել: Հա՛, իրենք բարձր բղավում են, բայց դա ոչ մի կերպ չի բերում փոխզսպման, ու դրա ֆոնին իշխանությունը դառնալու է կամ արդեն դառնում է ավելի ու ավելի սանձարձակ՝ Ազգային ժողովի թույլ ու անատամ ընդդիմության պատճառով: Այս բացը պետք է լրացնել, և «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է մնալ փոխզսպող, կայունություն բերող և կարևոր դերակատարներից մեկը:

Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում զսպել իշխանությանը, որպեսզի նա, ինչպես ասացիք, էլ ավելի սանձարձակ չդառնա:

– Տարբեր ծրագրեր ենք քննարկում, որոնցով հնարավոր կլինի դա անել: Մենք պետք է կարողանանք հանրային քննարկման առարկա դարձնել ճիշտ հարցեր, որովհետև հիմա, ցավոք, նաև լրագրողական համայնքը, բավարար անաչառ չէ, և հաճախ հանրության ուշադրությունից դուրս են մնում կարևոր հարցեր, որովհետև խորհրդարանում զբաղված են իրար պիտակավորելով, կռվելով, բայց ոչ երկրի համար կարևոր հարցերի քննարկումներով:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք շարունակելու ենք կարևոր հարցերը բերել օրակարգ և մարդկանց ուշադրությունը հրավիրել դրանց վրա, ստիպել կառավարությանը զբաղվել կարևոր հարցերով՝ շոուներից դուրս, որոնք այսօր կան խորհրդարանում:

Փաստորեն, խորհրդարանում կատարվողը համարում եք շոո՞ւ:

– Ազգային ժողովում տեղի ունեցող շոուները որևէ աղերս չունեն Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հետ, և, այո՛, այն, ինչ կատարվում է խորհրդարանում, ընդամենը շոու է:

Պարո՛ն Գորգիսյան, ասում եք, որ այս ընդդիմությունն անատամ է, թույլ է, ժամանակին գրեթե նույն բանը նրանք ձեր և «Բարգավաճ Հայաստանի» մասին էին ասում, որ գրպանային ընդդիմություն եք, որ…

 – Կներեք, ընդհատեմ, երբ այս ընդդիմությունը մտավ խորհրդարան, ես հարցազրույցներիցս մեկում ասացի, որ մաղթում եմ՝ նրանք առնվազն այնքան ուժեղ ընդդիմություն կարողանան դառնալ, ինչպիսին մենք ենք եղել, որովհետև դա բխում է երկրի շահերից: Իշխանությանը պետք է լինեն զսպող ուժեր, բայց, ցավոք, բացի գոռգոռոցից՝ չտեսանք ոչինչ:

Այս մթնոլորտը, որը ստեղծվել է, սովորական քաղաքացիների մոտ ավելի մեծ հիասթափություն է առաջացնում ընդհանրապես քաղաքական գործընթացներից, Ազգային ժողովից, ո՛չ հետաքրքրվում են, ո՛չ էլ ուզում են իմանալ, թե ինչ է կատարվում, որովհետև այդտեղ միայն աղմուկ է, իրական որևէ քննարկում չկա, իսկ այդ քննարկումը մենք կբերենք:

Ինչպե՞ս եք բերելու:

 – Տարբեր մեթոդներ կան, դեռ քննարկումների մեջ ենք, բայց, վստահաբար, «Լոււսավոր Հայաստանը» շարունակելու է մնալ երկրում կարևոր դերակատարը:

Իսկ կառավարության հնգամյա ծրագիրը համապատասխանո՞ւմ է ստեղծված իրավիճակին ու առկա խնդիրների լուծման ճանապարհ կարո՞ղ է հանդիսանալ:

– Ծրագրում կրկին բացակայում է ինչո՞ւ հարցի պատասխանը: Երբ քննարկում էինք կառավարության առաջարկած նախորդ ծրագիրը, մեր հիմնական հարցադրումները հենց դրանք էին, որ, հարգելի՛ կառավարություն, ինչ-որ բաներ եք գրել, որոնք մեծ մասամբ ասում են՝ «պիտի, պիտի, պիտի», հիմա «պիտի» բառը հանել են՝ գրելով՝ «շարունակելու ենք, անելու ենք, իրականացնելու ենք, բարեփոխելու ենք», և այդ ամենակարևորը՝ ինչու՞ հարցի պատասխանը, դեպի ուր է տանում, ինչ վերջնարդյունք պետք է ստանանք՝ չկա:

Օրինակ՝ ասում են, հարաբերությունների խաղաղ համագործակցություն հարևանների հետ, ի՞նչ գնով: Որպես նպատակ գրված է խաղաղության հաստատում հարևանների հետ, որպես միջանկյալ կետ՝ դա չպետք է արվի Հայաստանի շահերի հաշվին: Իսկ ո՞րն է Հայաստանի շահը, իսկ գուցե Հայաստանի շահերից բխում է հենց պատերա՞զմը, ոչ թե խաղաղությունը:

Առաջինը պետք է սահմանվեն հենց Հայաստանի շահերը, հետո դրան սպասարկող մեխանիզմները նախատեսվեն կառավարության ծրագրում: Մեր նախընտրական ծրագիրն ավելի մանրամասն էր, առարկայական, քան կառավարության ծրագիրն է:

Հիմա այդ ծրագրով ու խորհրդարանի այս կազմով Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ինչպե՞ս են լուծվելու, պարո՛ն Գորգիսյան:

– Այնպես, ինչպես ուզի Նիկոլ Փաշինյանը: Նա ստացել է քաղաքացիների վստահության քվեն, խորհրդարանում չկա ընդդիմություն, որը կարողանա ազդել Փաշինյանի կայացրած որոշումների վրա, հետևաբար միանձնյա ինչ որոշեց, դա էլ անելու է:

Ձեր կուսակցությունն ու ԲՀԿ-ն ազդու՞մ էին Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա:

– Միանշանակ, բազմաթիվ հարցեր եղել են՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից, վերջացրած Հայաստանի համար կարևոր որոշակի զարգացումներով:

Իսկ այս ընդդիմությունն ինչո՞ւ չի կարողանում, ինչպես ասում եք:

– Այդ ագրեսիայով չեն կարողանա: Ի վերջո, որևէ ազդեցություն ունենալու համար պետք է կարողանան երկխոսել, երբ երկու կողմն իրար վրա գոռում են, ոչինչ չի կարող լինել, ընդ որում՝ այդ գոռոցները հատվածային են լինում: Առաջին օրը իրենց ձերբակալված ընկերների նկարներով շապիկներ էին հագել, հետո մոռացան նրանց, ինչ-որ բան որ անում ես՝ անում ես մինչև վերջ:

Մեզ ասում էին՝ պետք է ամբիոն գրավեք, մանդատները վայր դնեք, դե թող անեն, ո՞ւր են: Իրենք խոստանում էին, որ գալիս են խորհրդարան՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքականությունից հեռացնելու համար:

Դե, ասում են, որ խորհրդարանում հենց այս պահվածքով են նպաստելու այս իշխանության հեռացմանը:

– Անհնար է, եթե նրանք դեռ չեն հասկացել սա, ես ցավում եմ իրենց համար: ԱԺ-ում աղմուկ անելով՝ միայն ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին, որովհետև սովորական քաղաքացին նայում, ասում է՝ էս գոռգոռացողնե՞րն են ուզում լինել իշխանություն, թող մի հարյուր տարի էլ Փաշինյանը մնա: Այդ աղմուկի մեջ նաև անկեղծություն չկա, խոսում են խնդիրներից, որոնք իրենք են ստեղծել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am