«3 + 3 ձևաչափն ավելի շատ թուրքական օրակարգի հաղթանակ եմ համարում և ոչ թե՝ ռուս-թուրքական». Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ համաձայնություն է ձեռք բերվել 3 + 3 ձևաչափի շուրջ: Ձևաչափում ընդգրկված կլինեն Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը: Ի՞նչ է իրենից ենթադրում այս նոր ձևաչափը, ու որքանո՞վ է այն օգտակար լինելու Հայաստանի համար:

– Բավականին բարդ հարց եք տալիս, որովհետև, նախ՝ պետք է հասկանանք՝ ի՛նչ ունենք ընդհանրապես ու ի՛նչը զիջելու դիմաց, ի՛նչ կարող ենք ստանալ, որովհետև, պայմանականորեն, եթե հրաժարվում ենք 3 + 3-ից, ապա ի՞նչ է լինում այդ պարագայում, ի՞նչ այլընտրանքների հնարավորություն ունենք, իսկ այդ մասին մենք այսօր տեղեկություն չունենք:

Բնականաբար, Հայաստանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որքան էլ այն, ըստ էության, չաշխատեց, ինչում մեր մեղքի հսկայական բաժինը կար, փոխարինել այս նոր ձևաչափով, որում ներգրավված կլինեն նաև Թուրքիան ու Վրաստանը, որի ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանն է, չի կարող բխել մեր շահերից: Բայց նաև պետք է հասկանալ՝ ի՞նչ ունենք սրան այլընտրանք, որ կարողանանք ընտրել չարյաց փոքրագույնը, թեպետ բազմիցս ասել եմ, որ Հայաստանն ընտրելու հնարավորություն չունի:

Ու այդ ձևաչափի մասին խոսելիս էլ կողմերն անուղղակի կերպով շեշտում են, որ Հայաստանի կարծիքն այդքան էլ կարևոր չէ, իրենք համաձայնության են եկել, ու ամեն բան նորմալ է: Հայաստանն այստեղ պետք է կարողանա ձևակերպել սեփական օրակարգը և փորձի սպասարկել դա:

Ճի՞շտ եմ հասկանում, որ այս ձևաչափի ընդունումից հետո, ըստ էության, դադարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեությունը:

– Այո՛, ըստ էության կասեցվում է դա: Որքան էլ ակտիվացման փորձեր էին նկատվում, այնուամենայնիվ, այն կասեցված էր, որովհետև Մինսկի խումբը ձևավորված էր այն բանի համար, որպեսզի լուծումներ տար արցախյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում, բայց այսօր այդ խնդիրն առավել ճգնաժամային փուլում է գտնվում, ու Մինսկի խումբը չունի որևէ տեսլական ու օրակարգ, ընդհակառակը՝ դիսկուրսից հանել են նաև «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, և, փաստացի, հիմա հարցը, ըստ իրենց, դարձել է Ադրբեջան-Հայաստանի հարց:

Իսկ Մինսկի խմբի ձևաչափը փոխարինել 3 + 3 ձևաչափով՝ բոլորովին կապ չունի արցախյան հիմնախնդրի հետ, այստեղ աշխարհաքաղաքական դերակատարների կամ ուժային կենտրոնների ազդեցության վերաբաշխման փորձ է տեղի ունենում տարածաշրջանում:

Արցախի խնդրով որևէ մեկն այստեղ չի տառապում: Ավելին՝ որևիցե մեկը շահագրգռված չէ, որ արցախյան հիմնախնդիրը լուծվի: Այդ հիմնախնդիրը մոտ ժամանակներում, իմ պատկերացմամբ, չի լուծվելու, որովհետև դա ուղղակիորեն հակասում է գերտերությունների շահերին, որովհետև արցախյան հիմնախնդիրը մշտապես տարածաշրջանում կարևոր խաղաքարտ է՝ իրենց ազդեցությունը մեծացնելու, ամրապնդելու համար:

Համանախագահող երկրներից Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, ինչ եք կարծում, տվե՞լ են իրենց համաձայնությունը այս նոր ձևաչափի վերաբերյալ:

– Չեմ կարծում, թե իրենց համաձայնությունը տվել են ու կտան այդ համաձայնությունը, եթե նույնիսկ տան էլ՝ փոխարենը կպահանջեն համարժեք ինչ-որ բան:

Եթե այս երկրները հրաժարվեն մեր տարածաշրջանում իրենց դերակատարությունն ունենալ, կնշանակի, որ իրենց առաջնահերթություններն աշխարհաքաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ են կրել:

– Պարո՛ն Պետրոսյան, Իրանի շահերի՞ց էլ է բխում այս նոր ձևաչափը, թե՞ նա այլ բան էր ուզում, ուղղակի ընտրել է քչից-շատից իրեն հարմար մի տարբերակ՝ ի դեմս 3 + 3 ձևաչափի:

– Չեմ կարծում, որ Իրանի համար սա ամենակատարյալ տարբերակն է, որում կա նաև Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, բայց չպետք է նաև մոռանալ, որ Իրանը պատերազմին նախորդող ժամանակաշրջանից մշտապես անուղղակի կերպով արցախյան հիմնահարցի կարգավորման խմբում ներգրավվելու հայտ ու ցանկություն է ներկայացրել, սակայն այդ ձևաչափում Թուրքիայի մասնակցության մասին խոսք չկար, հետևաբար չեմ կարող հիմա ասել, թե այս նոր տարբերակը որքանո՛վ է Իրանի համար շահավետ:

Կարծում եք, որ 3 + 3 ձևաչափի հեղինակները Ռուսաստա՞նն ու Թուրքիա՞ն են:

– Ավելի շատ՝ Թուրքիան, որովհետև, եթե հիշենք թեկուզ երկու-երեք շաբաթ առաջվա հայտարարություններն ու գործընթացները, երբ Ռուսաստանը կողմ էր արտահայտվում Մինսկի խմբի վերագործարկմանը, որովհետև սա ևս մեկ զսպող օղակ կլիներ Թուրքիայի համար, որովհետև Ռուսաստանը յոթ կետով հակամարտելով Թուրքիայի հետ՝ այլևս ունակ չէ պարտադրանքի լեզվով խոսել ու գնում է սակարկությունների:

Իսկ սակարկությունների համար Մինսկի խմբի ձևաչափն առավել հարմար հարթակն էր, ու սրա չեզոքացումը կամ վերացումը այդքան էլ չի բխում Ռուսաստանի շահերից: Իսկ Թուրքիան մշտապես հետամուտ է եղել, որ խարխլի Մինսկի խմբի ձևաչափը: 3 + 3 ձևաչափն ավելի շատ թուրքական օրակարգի հաղթանակ եմ համարում՝ իմ ունեցած տեղեկությունների շրջանակներում և ոչ թե՝ ռուս-թուրքական հավասարը հավասարի շահերի սպասարկում:

– Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին թվիթերյան գրառում է արել, որում նշում է, թե Հայաստանի հետ համատեղ ծրագրերը կփոխեն տարածաշրջանի տարանցիկ քարտեզը: Կովկասյան միջանցքի ու Նորդուզից Հայաստան ճանապարհի խնդիրը շուտով կլուծվի: Այս քարտեզի փոփոխությունը ի՞նչ է տալու Հայաստանին:

– Տարանցիկ քարտեզը, ցավոք, փոխվում է, ու այդտեղ միակ մեղավորը մենք ենք, սրա ամբողջ պատասխանատվությունը գործող իշխանությանն է: Գորիս-Կապան ճանապարհին մենք հստակ դերակատար էինք, բաց ինքներս ասացինք, որ դա ադրբեջանական տարածք է, չփորձեցինք պաշտպանել մեր սուվերեն տարածքի ճանապարհն ու ինքներս ստեղծեցինք այդ խնդիրները ոչ միայն մեր, այլ նաև պարսիկների համար: Հետևաբար, իրանցիները անում են ամեն բան, որ արտաքին աշխարհից չկտրվեն: Իսկ մենք այլևս չենք կարող որևէ մեկի հետ համագործակցել, մենք տարանցիկ գոտի ենք դարձել, մեզ միայն տեղեկացնում են:

Իրանն ասել է, որ այս ճանապարհը պետք է փոխվի այսպես ու պետք է փոխվի հենց այդպես, ուրիշ տարբերակ չկա, Հայաստանը ո՛չ կարող է առարկել, ո՛չ էլ առաջարկություններ ներկայացնել, եթե ցանկություն չունենա սպասարկել Ադրբեջանի շահը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am