«Եթե ջուրը եղել է կասկածելի, թունավոր կամ անորակ, պետք է հատուցում ստանան բոլորը»․ Սպառողների միության նախագահ

«Արթնացա, ծորակը բացեցի, տեսնեմ՝ դեղին ջուր ա գալիս։ Հետո տեսանք՝ գույնը մաքրվեց, բայց, համենայնդեպս, չենք խմում, գնացել, խանութից ջուր եմ առել, որ օգտագործենք։ Համ ջուրն են շուտ-շուտ կտրում, էսօր էլ՝ ժանգագույն ջուր»,- «Մեդիալաբին» մտահոգված ասում է Քանաքեռ-Զեյթունի բնակիչ Լուսինե Հարությունյանը։ 

Վերջին օրերի ընթացքում շատացել են նման ահազանգերը։ Տարբեր բնակավայրերից բնակիչներն ահազանգում են ինչպես խմելու ջրի որակի, գույնի, տհաճ հոտի մասին, այնպես էլ ամռան տապին թունավորումների և կորոնավիրուսի ֆոնին ամենօրյա երկարատև ջրանջատումների մասին։

«Վեոլիա ջուր» ընկերության կայքում միայն հունիս ամսվա ընթացքում ջրանջատումների իրականացման վերաբերյալ շուրջ 150 հայտարարություն է եղել։

Այսօր ջրի պղտոր ու դեղին լինելու մասին հայտարարություններ տարածվեցին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Առինջ համայնքի Ֆեյսբուքի էջերում։ 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի հրահանգով՝ ապահովության նկատառումներով կասեցվեցին մանկապարտեզների աշխատանքը։

Առինջ համայնքը Ֆեյսբուքի էջում բնակիչներին հորդորեց չօգտագործել խմելու ջուրը մինչև խնդրի կարգավորումը:

««Վեոլիա ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման»,- տեղեկանում ենք Առինջ համայնքի Ֆեյսբուքի էջում տարածված հայտարարությունից:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Մեդիալաբին» հայտնում է, որ արդեն ահազանգեր են ստացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քաղաքացիներից, որ ջուր խմելուց հետո վատ են զգացել։

«Առայժմ ահազանգեր եմ ստացել Զեյթունի և Կոմիտասի կողմերից և ոչ միայն, որ ջուրը, մեղմ ասած, կասկածելի է։ Մարդիկ դժգոհում են, որ վատ են զգում, փորացավ ունենում, սա սարսափելի է և առաջին անգամ չէ»,- նշում է Պողոսյանը։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Մեդիալաբը» փորձեց կապ հաստատել«Վեոլիա ջուր» ընկերության հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին։

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ընդգծում է, որ ջրի կասկածելի դեպքում առաջին հերթին հանրային վերահսկողություն իրականացնող մարմինները պետք է բոլոր հնարավոր միջոցներով բնակիչներին տեղեկացնեն և ահազանգեն խնդրի և վտանգների մասին, սակայն ոչ միայն տեղեկություն չեն տրամադրում, այլ նաև քաղաքացիների զանգերին չեն պատասխանում։

«Էս իրավիճակն է, որ զանգում եմ հանրային ծառայություններ և չեմ կարողանում միանալ, սա անընդունելի է։ Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը ամենաբարձր մարմինն է՝ և՛ կարգավորման, և՛ վերահսկման, և՛ պատժելու առումով։ Եթե զանգը չի հասնում, սա արդեն անընդունելի է։

Ջրմուղ մարդիկ զանգում են, էլի սպառիչ պատասխան չեն ստանում։ Հիմա մենք կանգնած ենք փաստի առաջ, պետք է զգուշանանք, հետո փորձենք կապվել։ Երկու մարմին կա, որ շուրջօրյա անընդհատ հետևում է ջրի որակին՝ մեկը ջրմուղն է, մյուսն էլ առաջ կոչվում էր Սանէպիդկայան, հիմա անունը փոխվել է»,- նշում է Սպառողների միության նախագահը։

Պողոսյանն ասում է՝  կառավարությունը պետք է միջամտի, եթե մարդկանց առողջությունը վտանգի տակ է:

«Շատ կուզեի՝ էնքան վտանգավոր չլիներ, որքան մի անգամ եղել է։ Տարիներ առաջ հարյուրավոր մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում, այդ թվում՝ երեխաներ, տարբեր հիվանդություններով, ոմանք՝ երկու-երեք օրով, ոմանք՝ անսպասելի հետևանքներով»։

Սպառողները և՛ ջրանջատումների, և՛ կասկածելի ջուր ստանալու պարագայում պետք է հատուցում ստանան ջրմուղից, ասում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։

«Այն ժամերին և օրերին, երբ ջուր չի մատակարարվել, գրաֆիկը չի պահպանվել, ջրմուղն էդ ժամերի կորուստը պետք է քառակի հատուցի, այսինքն՝ ինչքան ջուր պետք է տային, էդ արժեքով 4 անգամ ավելի պետք է վերահաշվարկ անեն։ Եթե ջուրը եղել է կասկածելի կամ թունավոր, կամ անորակ, նույնպես պետք է բոլորն էդ քառակի հատուցումը ստանան»,- նշում է Պողոսյանը։ 

Պողոսյանի խոսքով՝ կասկածելի և առողջությանը վտանգ հասցնելու դեպքում պետք է ձեռնարկությունը խիստ պատասխանատվության ենթարկվի: 

«Առաջին անգամ ֆրանսիական ձեռնարկությունն էր, անպատիժ գնաց Հայաստանից, հիմա էլի ֆրանսիական է, բայց ղեկավարները տեղացի հայեր են, բայց սա չի կարևոր, ով էլ լինի, որ ազգից էլ լինի, պիտի պատասխանատվություն կրի և շատ խիստ»,- հավելում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am