«Կարելի է շատ չսիրել իշխանությունը, բայց չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է չսիրել հայրենիքը». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

– Տիկի՛ն Սեդրակյան, ինչպե՞ս եք գնահատում Տավուշի մարզում առկա լարվածության ֆոնին Հայաստանում մի քանի քաղաքական գործիչների, անգամ ուժերի լարվածություն առաջացնող հայտարարությունները, մեկնաբանությունները։ Դուք անգամ գրառում էիք արել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ անդրադառնալով նրանց։ Ի՞նչ նպատակ են իրականում նրանք հետապնդում։

– Գրառումս մի քիչ անձնական էր, իսկ ես ուզում եմ իբրև քաղաքական վերլուծաբան անդրադառնալ։ Նախ՝ այն մարդկանց, որոնց նշեցիք, ես քաղաքական գործիչ չեմ համարում, ես նրանց նույնիսկ հասարակական գործիչ չեմ համարում։

Կներեք անուններն ասելու համար՝ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կամ Գառնիկ Իսագուլյանը իրավունք չունի քաղաքական գործիչ համարվելու, որովհետև քաղաքական գործիչը մարդ է օրենքով, որը պետք է կարողանա ընկալել զարգացող քաղաքական իրավիճակը և իրողությունը։

Քանի որ այդ մարդիկ ի զորու չեն դա ընկալելու, և ամեն մեկը գտնվում է մեկը՝ անձնական վրեժի տիրույթում, մյուսը՝ ուղղակի ռուսական ԿԳԲ-ի անմիջական դիրեկտիվների տիրույթում։ Նրանց քաղաքական գործիչ չենք համարում։

Նրանց համարում ենք նախկին քաղաքական դաշտում հայտնված կերպարներ, որոնք այժմ շարունակում են պայքարել, նույնիսկ չեմ ասի, որ արևի տակ իրենց տեղն ունենալու համար, այլ ավելի շատ սեփական մաղձը թափելու։ 

Տավուշի պաշտպանության հարցում մի քանի կարևոր հանգամանք կա։ Արծրուն Հովհաննիսյանի տված հայտարարությունը Ղարադաշի հետ կապված, ապա ռուսների՝ դրա հետ կապված մեկնաբանությունները նախ պետք է հերքվեն, պետք է ժամ առաջ ապահովել, որ հանկարծ խնդիրներ չլինեն։

Որովհետև տեսնում եք՝ կրկին և դարձյալ ապացուցվում է հետևյալը, որ ո՛չ քաղաքացու օրն է միավորում մարդկանց, ո՛չ ընդհանուր հեղափոխական ռոմանտիկան է միավորում մարդկանց։

Պատերազմի, անվտանգության հարցի ապահովման հաջող լուծումը մինիմալ զոհերով մաքսիմալ հաջողություն ունենալը իսրայելական լավագույն մոդելն է, հայրենասիրական, ժողովրդավարական, քաղաքական երաշխիքն է և գլխավոր հաղթաթուղթը։

Այո՛, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մենք դեռևս ազգային սահմանների հստակեցման խնդիր ունենք, և դա, իրոք, շատ միավորող է։ Տեսեք՝ բազմաթիվ նախկին ՀՀԿ-ականներ, բազմաթիվ վատ տրամադրված քաղաքական գործիչներ, այնուամենայնիվ, այս օրհասական պահին, եթե որոշակի էյֆորիայով չլցվեցին, բայց պահպանեցին մարդկային դեմքը։ 

Բայց կային նաև ձեր նշած հանրապետականներից, որ ասում էին՝ Նիկո՛լ, ճիշտն ասա՝ սա պայմանավորվա՞ծ էր:

– Ինչո՞ւ անունները չենք տալիս։ Դա Մարգարիտ Եսայանն էր։ Տեսնո՞ւմ եք՝ սա էլ է յուրատեսակ լյուստրացիա, որովհետև կարող են լինել կոնսերվատիվ գործիչներ, կարող են լինել մարդիկ, որոնք ուղղակի անձնապես չեն սիրում այս իշխանությունը։

Կարելի է չսիրել իշխանությունը, ես դա ընդունում եմ, կարելի է շատ չսիրել իշխանությունը, բայց ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է չսիրել հայրենիքը, որովհետև դա իշխանությամբ չի որոշվում։

Հայրենիքը իշխանությամբ երբևէ չի որոշվում։ Իշխանությունները փոխվում են, հայրենիքը մնում է նույնը։ Իշխանությանը պետք է վերաբերվել հայրենիքի հանդեպ ծառայությունների մատուցած չափին համեմատ։

Ու ակնհայտ է, որ կորուստներ են եղել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են կորուստներ։ Հիմա հակառակ կողմն էլ մի քիչ շատ է համը հանում այն առումով, որ ասում է՝ հայ զինվորը սոված է եղել։

Այդպիսի բան չի եղել, զինվորը սոված չի եղել։ Երբեք այդպիսի խնդիրներ չեն եղել օրհասական, բայց ուրիշ բան, որ այդ հաղթանակները երկրորդական էին իշխող վերնախավի համար։

Դա նրանց պետք չէր։ Նրանց պետք էին ստատուս քվոյի պահպանումը և սեփական հարստացումը։ Հիմա, նոր իշխանություններին (փառք Աստծո, նրանք դա հասկանում են) անվտանգությունն օդի և ջրի պես պետք է, հաղթանակը օդի և ջրի պես պետք է։ Եվ ինձ թվում է՝ այս լյուստրացիան շատ լավ է աշխատում։

– Նիկոլ Փաշինյանը երեկ Միշուստինի հետ հանդիպմանը ակնարկեց, որ տեսնում է այս գործողությունների հետևում մի երրորդ կողմ։ Ո՞ւմ էր ակնարկում։

– Արդեն ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը տեսնի, որ իր բավականին լոյալ վերաբերմունքը ԵվրԱզԷՍ-ի և ռուսական ստրուկտորների հանդեպ ավելի է վատթարացնում իրավիճակը։

Դա բնական է, որովհետև ոչ մեկը չի ուզենա նույն միության մեջ տեսնել այն պատառիկը, որը փորձում է այսպես թե այնպես ինքնիշխանություն դրսևորել։ Դրա համար ակնարկելը դեռևս բավարար չէ։

Ի վերջո, կա ծառայողական հետաքննություն։ Մենք, փառք Աստծո, ունենք լավ կազմակերպված զինված ուժեր։ Տեսնո՞ւմ եք՝ այս ծիրանի հարցն ինչպես ենք լուծում։

Մենք ունենք շատ լավ հայկական լոբբի, և հենց հերթը հասնում է հայրենասիրական օրակարգին, մենք ունենք այնպիսի տարբեր կողմերից աջակցություն, օրինակ՝ Քիմ Քարդաշյանը հայտարարություն է անում, դա շատ լավ է։

Բոլորն ասում են՝ ի՞նչ Քիմ Քարդաշյան, բայց նա մեկն է, որը հանրային կարծիք է ստեղծում։ Եվ շատ զարմանալի է, որ մինչև հիմա չի հնչել որևէ ռուս-հայի վրդովմունքը։

Ո՞ւր է Անդրանիկ Միհրանյանի, Էդմոն Քեոսայանի, Կարեն Շախնազարովի, Կուրղինյանի, վրդովմունքը։ Եթե նրանք այդպես իրենց համարում են Հայաստանի ճակատագիրը կիսող մարդիկ, ապա առնվազն պիտի մտածեն առ այն, որ գնդակոծվում է Հայաստանի խաղաղ բնակչությունը։

Բայց նրանք դրա մասին չեն մտածում։ Եվ ոչ մեկի ձայնը դուրս չի գալիս։ Իսկ Քիմ Քարդաշյանը ապրում է ազատ երկրում և կարող է արտահայտել իր կարծիքը։ Իսկ այս մեր մարդիկ ռուսական ԿԳԲ-ի ճորտերն են, դրա համար նրանց մոտ ահա այդպիսի դրսևորում է։

– Բայց Թուրքիային ակնարկ կա՞ր այդ հայտարարության մեջ։

– Ես կարծում եմ, որ կարող էր հավասարաչափ նաև Ռուսաստանին ակնարկ լիներ, որովհետև ինչ-որ շատ-շատ կան ռուսական հետքեր։ Համենայն դեպս, թուրքական մամուլը այդքան չի մոլեգնում, ինչքան ռուսական կայքերը։ Ռուսական կայքերը ակնհայտ վարում են ադրբեջանական պրոպագանդա։

Թուրքիայում նույնիսկ այդպիսի պրոպագանդա չկա։ Ես կուզենայի, որ ինքը Ռուսաստանին ակնարկեր։ Եթե Թուրքիան հրահրող լիներ, ինչ-որ ձևով այդ հետքը նախօրոք կերևար։ Ինքը հիմա պոստ ֆակտում արձագանքում է, ինչը նորմալ է, քանի որ Ադրբեջանի հետ կնքել է եղբայրություն։

Թուրքիան և Ադրբեջանը կնքել են եղբայրություն, և Թուրքիան իր բոլոր պարտավորությունները կատարում է, իսկ մենք էլ ստրատեգիական դաշնակից ենք Ռուսաստանի հետ, մի պարտավորություն չտեսանք։

– Ի դեպ, ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ՝ դարձյալ հավասարության նշան դնելով կողմերի միջև։

– ՀԱՊԿ հայտարարություն չի կարող լինել, քանի որ այն մեռած և խանգարող ստրուկտուրա է, որը, չի բացառվում, վաղը-մյուս օր կարող է զորքերը շրջել Հայաստանի դեմ։

– Որքանո՞վ սա կվերածվի լայնամասշտաբ գործողությունների։

– Մի քանի բան փաստվեց։ Նախ՝ Ալիևն ի զորու չէ մոբիլիզացնել ժողովրդին, և այստեղ հիմար հրճվանք կա, որ հեսա Ադրբեջանում հեղափոխություն կլինի։

Դա պետք է բացառել, քանի որ Ադրբեջանի հեղափոխությունը հղի է նաև հայրենասիրական վերելքով, ինչը մեզ պետք չի, մեզ ավելի շատ ձեռնտու է ռեժիմի տակ կքած ժողովուրդ։

Ապացուցվեց, որ իրենք մոբիլիզացիա չեն կարող անել, փայտով չի քշի, վիճակը այնտեղ վատացել է, մի խոսքով՝ ամեն ինչ այնտեղ աշխատում է մեր օգտին։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ ընդդիմադիր և նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ այս օրերին սահմանին արձանագրված հաջողությունների պարագայում փորձում են տարանջատել զինվորականությանը և քաղաքական իշխանություններին: Մասնավորապես, հիշատակում են, որ, օրինակ՝ Խաչատուրովի որդին նախկին իշխանությունների ժամանակներից է, և հաղթանակը իրենց են վերագրում: 

– Երբ զինվորականը ծառայում է բանակում, ինքը կատարում է իր պրոֆեսիոնալ գործառույթը, ավելին՝ զինվորականը դուրս է քաղաքական համակրանքներից և հակակրանքներից։ Զինվորականը չի ծառայում կուսակցությանը։

Զինվորականը, քահանան, բժիշկը ծառայում են հայրենիքին, ժողովրդին։ Խաչատուրովների պարագայում ես դա շատ բնական եմ համարում, տեսեք՝ դինաստիոն պրոֆեսիոնալիզմն ամենաապահով և կայուն պրոֆեսիոնալիզմն է։ Ամբողջ կյանքում մարդը դա է լսել, և նա կատարել է իր պրոֆեսիանալ գործառույթը հանուն Հայաստանի։ 

Ինչո՞ւ են շահարկում։

– Ինչ ուզում են թող անեն, բայց մենք ունենք լավ զինվորական, և փառք ու պատիվ բոլոր այն մարդկանց, որոնք արժանապատիվ և, ամենակարևորը՝ մասնագիտորեն կայացրել են իրենց ճիշտ որոշումները և բերել են այսպիսի լավ արդյունքի։

Մանե Հարությունյան

MediaLab.am