Համերի հիշողություն. Սեդան և Յուրին

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

1991 թվականի գարնանը միջին տարիքի մի տղամարդ իր սպիտակ «05» մեքենայի վրա երկու գորգ ու մի քանի վերմակ-ներքնակ բարձած՝ դուրս էր գալիս Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղից, որը պարբերաբար հարձակման էր ենթարկվում: Նա գորգերը պահ է տալիս Հայաստանում ապրող եղբոր մոտ ու հետ դառնում: Մայիսի 7-ին Գետաշենից ուղղաթիռով գյուղը լքեց վերջին բնակիչը, որը Յուրի Հակոբկոխյանն էր: Նա այժմ 85 տարեկան է: 

Մասիս քաղաքի նոր թաղամասում, ինչպես տեղացիներն են անվանում, մի փոքրիկ տնակում նա ապրում է տիկնոջ՝ Սեդայի հետ: Տան նախամուտքում, որ խոհանոց են դարձրել, փոքրիկ գազօջախի վրա ապուր է եփում փութկոտ, մանրիկ քայլերով ու ճարպիկ շարժումներով կինը: Սաստիկ ցուրտ է այնտեղ, ու ապուրից բարձրացող գոլորշին անգամ, միախառնվելով սառը օդի հետ, մեկ է՝ չի հասցնում տաքացնել: 

Սեդան ինձ առաջնորդում է դեպի հյուրասենյակ, որտեղ պատից կախված գորգի վրա նրանց զավակների, թոռների, Յուրիի քրոջ լուսանկարներն են: Նրանք երկուսն էլ ծնվել են Գետաշեն գյուղում, որ թուրքերը Չայքենդ են անվանում: 

– Չքնաղ Գետաշենում ենք ծնվել, որ մի օր ծխի մեջ հայտնվեց, անճանաչելի դարձավ,- ասում է Յուրին, որը երկրորդ անուն ունի՝ Վալերի:

Նրանց տան հյուրերը հիմա միայն զավակներն են, բայց ժամանակին, երբ Գետաշենում էին ապրում, այնքան հյուրեր էին ունենում, որ Սեդան հոգնած կանգնում էր վառարանի մոտ, սպասում այնքան, մինչև գիշերակացով տուն եկած բարեկամները կքնեին, որը ինքը հերթով մաքրեր նրանց կոշիկները, հետո միայն հանգստանար: 

Կիրովաբադում հայտնի ատաղձագործ Յուրին ծնվել է 1939, Սեդան՝ 1947 թվականին: Նրանք հարևան էին, բայց եթե երիտասարդին հաջողվել էր մեկ-երկու անգամ տեսնել ապագա կնոջը, ապա վերջինս միայն լսել էր, որ ատաղձագործ տղա կա, որի ծնողները գալիս են ձեռքը խնդրելու: Այդ ժամանակ Սեդան տասնվեց տարեկան էր, հայրն ուղարկել էր Բաքու բարեկամների տուն: Մտածում էին՝ հինգ դուստրերից մեծն այնտեղ ավարտեր դպրոցը, համալսարան ընդունվեր, կրթություն ստանար: Հետո խաբարն եկավ մորից, որ պլանները փոխվել են. հայրը որոշել էր ամուսնացնել Սեդային, պետք էր հետ գնալ: 

Սեդան գնաց Գետաշեն, մի լավ լացեց, հորաքրոջն ասաց՝ ա՜խր չի ճանաչում այդ մարդուն, ինչպե՞ս պիտի ամուսնանա հետը, նա էլ խոստացավ, թե մուշտարու աչքով կնայեն, եթե չհավանեն, չեն տա: 

– Ամուսնացանք, տուն-տեղ դրինք Գետաշենում, որ մենակ անունով էր գյուղ: Մե՜ծ, 7 կմ երկարությամբ ձգվում էր, գետը՝ մեջտեղով, կողքն էլ՝ տներ: 

Գետը, որ հոսում էր Գետաշենի միջով, կոչվում է Կուրակ, սակայն տիկին Սեդան ասաց, որ գյուղաբնակներն այն անվանում էին Կյուրակչայ: 

Սեդայի աչքերը փայլում են՝ մանկություն տեղափոխվելիս: Իր աթոռին նստած, որ հատուկ հարմարեցրել են, որ ծնկները չցավեն, նա մտովի հայտնվում է մոր խոհանոցում, որտեղ նա «փթրոկ» էր եփում՝ Գետաշենի ջրաղացում աղացած ցորենով: Փթրոկը, Սեդայի պատմելով՝ ցորենի ոչ ամբողջապես աղացած ալյուրով շաղախ է, որը եփում էին կա՛մ կաթով, կա՛մ ջրով, երբեմն էլ մեջը կարտոֆիլ էին ավելացնում: Սեդան դպրոցից տուն էր գալիս ու տնով մեկ տարածված բույրից հասկանում, որ մայրն իր սիրած ուտելիքն է պատրաստել, որն ինքը Գետաշենից դուրս գալուց հետո այլևս չի եփել: Սեդայի հորական տատը, որին նենե էր ասում ու մորից էլ շատ սիրում, դպրոցի բակում կանգնում էր այնքան, մինչև թոռը դուրս գար, որ գրպաններից հաներ խնձորն ու չրերը, որ հավաքել էր, ու տար նրան, որ աղջիկն աշխարհով մեկ լիներ: 

– Վա՜յ, Սեդա՜, ցա՛վդ տանեմ,- ասում էր նենես… Նա որ մահացավ, աշխարհը մթնեց: 

Յուրին, բարի ժպիտը դեմքին, համեստ ու նրբանկատ, որ չնեղացնի կնոջը, ընդհատում է՝ խնդրելով թույլ տա, որ մի բան էլ ինքը պատմի, ու մտովի հետ է գնում իրենց երկհարկանի տուն, որի առաջին հարկը գինու և օղու մառան էր: Իրենք լավ էին ապրում ու ոչ մի բանի պակաս չունեին: Շատ էին գնում առևտուր անելու թե՛ Երևան, թե՛ Կիրովաբադ, նաև մի երկար շրջան ազնվամորի էին բերում Երևան՝ ԳՈՒՄ-ի շուկայում վաճառելու: 

– Մենք որ ավտոբուս էինք նստում, որ գայինք Երևան, վրան գրված էր՝ Գետաշեն-Երևան: Հենց հասնում էինք Կիրովաբադ, ավտոբուսը փոխվում էր, վրան գրված էր՝ Չայքենդ-Երևան, թուրքերը չէին գրում Գետաշեն: 

Գետաշենից շատ էին գնում Կիրովաբադ (Գանձակ) առևտուր անելու, բացի այդ, Յուրին հայտնի էր որպես լավ վարպետ ու շատ ադրբեջանցիների տներում էր աշխատել: Անգամ հիշում է, որ մի օր հիվանդանոց էր ընկել, ու բոլոր մարդիկ, որոնց տներում աշխատել էր, հերթով եկել էին տեսության: 

– Մեր գյուղում մենակ ազնվամորի էր աճում, դրա համար որ նրանք Խանլարից, Կիրովաբադից բանջարեղեն էին բերում, գյուղի գլխավոր փողոցում էին կանգնում, վախենում էին թաղերով գնալ՝ ահ ու սարսափ ունեին մեզնից: Որ հիշում եմ՝ ոնց էին գլուխները կախ, վախվորած մեզ հետ խոսում: Զարմանում եմ՝ ոնց եկան ու տիրացան մեր գյուղին՝ այ էդպես վախելով: 

Յուրին դուռ-լուսամուտ էր սարքում, տանիք էր վերանորոգում, ամեն ինչ ձեռից գալիս էր ու լավ էր վարձատրվում: Գյոգչայում մի գյուղ կար, որի բնակիչները հերթի էին կանգնում, որ գնար, տները սարքեր, մարդ կար՝ երեք-չորս ամիս սպասում էր, որ հայը գնար, իր տունը շիներ: Սեդան հաստատում է, թե լավ են ապրել՝ երկհարկանի տուն ունեին, 14 աստիճան էր մինչև երկրորդ հարկ: Գյուղում առաջին հեռուստացույց ունեցողներից էին, առաջին մեքենա գնողներից, ու տեղացիները ստեղծող ժողովուրդ էին: Գետաշենում երեք դպրոց կար՝ մեկը մինչև 4-րդ դասարան, մյուսը՝ 8-րդ, մյուսը՝ ավագ: Կար ռուսական դպրոց և մեկը, որի «հային շկոլ» էին անվանում՝ հայկական դպրոց, որն ավարտեց Սեդան ու ամուսնացավ: 

Տասնյոթ տարեկանում ծնվեց նրանց առաջնեկը: 

– Երեխա էի, երեխա ունեցա: Բայց գիտեի՝ ինչը ոնց պիտի անեի: Ծնողներս աշխատանքի էին լինում, ես էի քույրերիս պահում, հացի խմոր էի հունցում, ճաշ էի եփում, դրա համար գիտեի՝ ոնց երեխա պահել: 

– Ոչ մի բանին չեմ կարոտում, միայն հորս ու մորս գերեզմանները,- ասում է ամուսինը, իսկ կինը հակադարձում է, թե չի հիշում, դրա համար էլ չի կարոտում: 

Ինքն ամեն բան այնքան մանրուքներով է հիշում, որ ես զարմանում եմ, թե որքան պայծառ է մնացել ամեն բան, որքան մանրակրկիտ ու ճշգրիտ է Սեդան հիշում բոլորին: Հիշում է, որ 1988 թվականին արդեն հայերի ու ադրբեջանցիների միջև հարաբերությունները փոխվեցին, բայց մեկ է, գետաշենցիները չէին մտածում, թե կհանձնվեն, որովհետև իրենց գյուղը, որ բնակեցված է եղել բացառապես հայերով, երբեք չի հանձնվել: 

– Մի օր խաբար եկավ, որ թուրքերը հարձակվել են մորաքրոջս ամուսնու՝ Յաշայի վրա: Մենք էլ մալինա էինք բերում Երևան, որ շուկայում վաճառեինք: ԳՈՒՄ-ում իմ տեղն ունեի, բոլորը գիտեին, որ հրաշք մալինա էի վաճառում: Որ իմացանք անգամ, որ Յաշայի վրա են հարձակվել, էլի չվախեցանք, չնայած Երևան հասնելու համար թուրքերի գյուղերի միջով էինք անցնում: 

Ազնվամորին օգնեց հաղթահարել նաև շրջափակումը. անլույս, առանց սննդի, ծանր, բայց չհանձնվող երկարատև շրջանը: Սեդան հավաքում էր ողջ ազնվամորին, եփում էր այնքան, որ դառնար դոշաբ, շաքար չէր լցնում, որովհետև չկար, բայց քաղցրի տեղ էին դնում ու ուտում: Այդ ընթացքում մի անգամ նույնիսկ հարևանուհին զանգել էր, իմաց տվել, որ ջեյրանի միս են վաճառում, Սեդան էլ տասը կիլոգրամ գնել էր ու կարողացել հոգալ ընտանիքի կարիքները:

– Հաղթահարել ենք, էլի կհաղթահարեինք, բայց տկլոր դուրս եկանք Գետաշենից: Ավելի շուտ՝ վերջինը Յուրին դուրս եկավ ուղղաթիռով, որ բերում էին հայերին տեղափոխելու համար: Ես Հայաստան հիվանդանոցում էի, երբ իմացանք, որ հրետակոծություն է, հարձակում: Հետո իմացանք, որ վերջ, Գետաշենն էլ չկա, ծխի մեջ է մեր գյուղը: 

1991 թվականից սկսած տիկին Սեդան ամուսնու հետ ապրում է Մասիս քաղաքում: Տղային հող են հատկացրել, որի վրա էլ կառուցել են փոքրիկ տնակը: Սպիտակ «05»-ը վաղուց չկա՝ վաճառել են տղայի հարսանիքն անելու համար, Գետաշենից բերված ոսկե ականջօղերն էլ՝ Յուրիի վիրահատության ժամանակ վաճառվեց: Ապրում են երկուսով ու փորձում հնարավորինս շատ հոգ տանել միմյանց մասին: Սեղաններին դրված դեղերի առատությունը վկայում է, որ իսկապես կարիք կա իրար մասին հոգ տանելու: 

1991 թվականին ես եղել եմ 1 տարեկան ու իմ մանկության տարիներին շատ եմ լսել Գետաշենի մասին, գիտեմ հայտնի երգը, որ այդքան մարդկանց պատմեց հայկական այս ամուր, չհանձնվող շենի մասին, բայց երևի միայն այստեղ՝այս ցուրտ տան մեջ, որ ջերմանում էր տիկին Սեդայի՝ «հա՜, քե մատաղ» ասելուց, հասկացա, թե որքան է այս պատմությունը մարդու, նրա դժբախտության և ուրախության մասին: Երբ տիկին Սեդան ասաց՝ այ հիմա հաց կդնեմ, միասին կընթրենք, ու ես հրաժարվեցի, արագ գնաց, մի մեծ պլաստիկե տարա բերեց, հանեց միջից ողջ տունը անուշ բույրով լցնող ծիրանաչիրը, հետո իրենց այգու կեռասն ու ասաց. 

– Կա՛ց, չհրաժարվես, էս կտանես հետդ Երևան. ձմեռը տաք կլինի: 

Պատմությունը եւ լուսանկարները՝ Կուշանե Չոբանյան

Նկարազարդումը՝ «ՄեդիաԼաբ»

MediaLab.am