ԵՊՀ-ում ռեկտորի նշանակման շուրջ խորհրդավոր իրավիճակ է. Գեղամ Գևորգյանը բողոքարկել է դատարանի որոշումը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հրամանով ստեղծվել է Երևանի պետական համալսարանի ժամանակավոր հոգաբարձուների խորհուրդ՝ երեք անդամից: Ժամանակավոր խորհրդի կազմում ընդգրկված են փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

Ըստ մամուլի՝ ժամանակավոր խորհրդի առաջին նիստը կայանալու է այս ուրբաթ՝ հուլիսի 9-ին, որի ժամանակ էլ խորհրդի անդամները ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակեն կրթության նախկին փոխնախարար, 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Նշվում է, որ Հովհաննես Հովհաննիսյանը չի համապատասխանում ԵՊՀ ռեկտոր դառնալու կանոնադրական պահանջին։ Ըստ ԵՊՀ կանոնադրության՝ ԵՊՀ ռեկտոր կարող է դառնալ միայն պրոֆեսորը, իսկ Հովհաննիսյանը նման կոչում չունի։

Հովհաննես Հովհաննիսյանը կտրականապես հրաժարվեց այս տեղեկությունների առնչությամբ «Մեդիալաբի» հարցերին պատասխանել՝ նշելով, որ այդ թեմայի մասին որևէ մեկնաբանություն չի տալիս:

ԵՊՀ հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի անդրանիկ նիստի և օրակարգի վերաբերյալ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը «Մեդիալաբին» ոչինչ չասաց՝ նշելով, որ դա իրենց լիազորություններից դուրս է:

«Բոլոր հիմնադրամներին է օրենսդրական նման կարգավորում տրված, որ նման իրավիճակ առաջանալու դեպքում արդարադատության նախարարը ձևավորում է ժամանակավոր խորհուրդ: Քանի որ ԵՊՀ-ն այժմ չունի հոգաբարձուների խորհուրդ, իրավիճակը ճգնաժամային է, նախարարն իրականացրել է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունը»,- պարզաբանեց Լուսինե Մարտիրոսյանը:

Խորհրդի նիստի և օրակարգի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն, սակայն, մայր բուհը չի ստացել, իսկ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն էլ հրաժարվեց տեղեկություն հայտնելուց: «Մեդիալաբի» ճշտող հարցին՝ թե կարելի՞ է եզրակացնել, որ նիստի օրն ու օրակարգը արդեն որոշված են, Մելիքբեկյանը կարճ պատասխանեց. «Երբ կլինի՝ կիմանաք: Չեմ մեկնաբանում»:

2019-ի մայիսի 30-ից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն էլ, որի լիազորությունները դատարանի որոշմամբ կկասեցվեն սույն թվականի հուլիսի 8-ին, «Մեդիալաբին» նախ տեղեկացրեց, որ այսօր արդեն բողոքարկել է դատարանի որոշումը՝ հրաժարվելով հավելյալ մեկնաբանություն տալուց:

Գևորգյանը, այդուհանդերձ, չբացառեց, որ այս ուրբաթ կկայանա ժամանակավոր հոգաբարձուների խորհրդի նիստը, և կհրապարակվի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անունը:

«Չեմ բացառում, բայց այս պահին ես այդ խորհրդի հետ որևէ առնչություն չունեմ»,- նկատեց Գևորգյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am