Շների հանդեպ սերը մղել է վարժեցնող դառնալ. Հերմինե Մակարյանը՝ երազանքի հետևից

«Եթե դուք չեք սիրում շներին, խնդրում եմ, բարի գտնվեք և ինքներդ հեռացրեք ձեզ իմ ընկերների ցուցակից․․․ Շնորհակալություն»,- այս գրառումը Հերմինե Մակարյանի ֆեյսբուքյան էջից է։

32-ամյա Հերմինեի կյանքը վերջին մեկ տարվա ընթացքում ամուր միահյուսվել է տարբեր բնավորության, ցեղատեսակի, ակտիվության ու էություն ունեցող շների հետ։ 

Թեև մասնագիտությամբ փիլիսոփա է, իսկ գործնականում աշխատել է որպես բարմեն, վերջին 1 տարվա ընթացքում իր ամեն օրը նվիրել է շներին՝ կիսելով նրանց հույզերը, վարժեցնելով, և, ինչպես ինքն է ասում՝ նաև սովորելով նրանցից։ 

Հերմինեի սերն ու նվիրումն առ այս կենդանիները ակնհայտ են դառնում առաջին իսկ հայացքից։ Շան թաթերով դաջվածքները մարմնի ամենաերևացող մասերում են, ասում է, որ դրանք իր համար ամենաթանկ հիշատակներն են։ 

«Երբ որ իմ շունիկներից մեկը քաղցկեղով հիվանդացավ, ես որոշեցի, որ իրենից հիշատակ մնա։ Ես շատ տատուներ ունեմ, մտածեցի, որ հենց իր թաթիկը ինձ վրա տատու լինի, իր մահանալուց հետո որոշեցի, որ մյուս շունիկների թաթիկներն էլ եմ տատու անելու, ինչքան ունենամ՝ այնքան անելու եմ»,- պատմում է Հերմինե Մակարյանը։

Հերմինե Մակարյանի սերը կենդանիների հանդեպ փոքր հասակից է ձևավորվել, երբ ընտանիքում տեսել է, թե ինչպես են պահում և խնամում շներ ու կատուներ: 

«Ծնվածս օրվանից տանը միշտ կենդանիներ են եղել՝ շներ ու կենդանիներ, միշտ սիրել եմ։ Փոքր ժամանակ որ տեսնում էի՝ ոնց են շները վարժեցված, ես էլ էի ուզում այդպիսի բաներ կարողանայի անել։ Անցյալ տարի վերջապես որոշեցի ու գնացի իմ երազանքի հետևից, հաճախեցի պրոֆեսիոնալի մոտ դասերի, արդեն մեկ տարի է՝ զբաղվում եմ շների հոգեբանությամբ և վարժեցմամբ»,- պատմում է Հերմինե Մակարյանը:

Ասում է, որ շներին վարժեցնելու նպատակը նրանց ռոբոտ դարձնելը չէ, այլ օգնել, որ տերն ու շունը համերաշխ և ներդաշնակ ապրեն: 

«Շատ կարևոր է, որ սկիզբը ճիշտ դրվի, նույնիսկ նրանք, որոնք ուզում են շուն ձեռք բերել, խորհուրդ եմ տալիս՝ խորհրդակցեն մասնագետի հետ, որ ճիշտ ցեղատեսակ ձեռք բերեն, իմանան՝ տուն բերելուց սկսած ինչ են անելու, որ ագրեսիա չձևավորվի շան մոտ, շունը կոմպլեքսներ չունենա»,- նշում է նա:

Ասում է, որ որոշ ցեղատեսակի շներ շատ հեշտ են վարժեցվում, օրինակ` գերմանական հովվաշները, լաբրադոր և գոլդեն րետրիվերները, որոշները` ավելի դժվար, օրինակ` չաո-չաոները, շարպեյները։ 

Կան շների ցեղատեսակներ, որոնք հավասակշռված են, և այդ առումով նախընտրելի են երեխաների համար, օրինակ՝ լաբրադորները և գոլդեն րետրիվերները, բաքսյորները, բիգլները, պուդելները, իռլանդական սետտերները: 

«Իսկ այ մեծահասակների համար արդեն կախված է տիրոջ խառնվածքից, նրա կյանքի ոճից և պահանջներից, ըստ որի պետք է ընտրել համապատասխան ցեղատեսակ»,- ընդգծում է նա:

Մակարյանի խոսքով՝ շուն պահելը մեծ պատասխանատվություն է, պետք է չվնասել կենդանուն։ Այդ հարցում կարող է օգնել մասնագետը։  

«Հայաստանում, բարեբախտաբար, կան մասնագետներ, կարելի է սկզբնական շրջանում գոնե կոնսուլտացիայի համար դիմել։ Մարդիկ նոր-նոր են իմանում, որ նման մասնագիտություն կա։ Ես 10 շուն եմ ունեցել, բայց երբ ինքս կոնսուլտացիայի դիմեցի, հասկացա, որ ոչինչ չգիտեի շների մասին»,- նշում է նա։

Ընդգծում է, որ կարևոր են շների համար զբաղվածություն ապահովելը, խաղեր խաղալը։ Նկատել է, որ կորոնավիրուսի օրերին, քանի որ մարդիկ ավելի շատ են տանը եղել և շփվել իրենց կենդանիների հետ, շներն ավելի կարգապահ են դարձել:

Անդրադառնալով փողոցային շների հետ կապված խնդրին՝ ասում է, որ նկատել է՝ Երևանի այն թաղամասերում, որտեղ շների հանդեպ վատ են վարվում, խփում են, չեն կերակրում, հոգ չեն տանում, այդտեղ շներն ագրեսիվ են լինում և հարձակվում մարդկանց վրա։ Մակարյանը վստահ է՝ լավ վերաբերմունքի դեպքում շները միայն դրական կերպով կփոխհատուցեն:

Ըստ Հերմինեի՝ Հայաստանում շատ բևեռացված վերաբերմունք կա շների հանդեպ, եթե մի կողմից՝ կան մարդիկ, որոնք շատ են շներ սիրում և հոգ են տանում, մյուս կողմից՝ կան մարդիկ, որոնք շատ ագրեսիվ վերաբերմունք ունեն շների հանդեպ, ինչի բացատրությունը չի գտնում, սակայն չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է կենդանու հանդեպ վատ վարվել:

Հերմինեն այժմ Բիգլ ցեղատեսակի 2 շուն է պահում՝ 6 տարեկան Սնուպիին և 1 տարեկան Լուսիին: Այդ ցեղատեսակի ընտրությունը պատահական չէ, Հերմինեն նշում է, որ այդ շները մարդամոտ են, առողջ և ցավին դիմացկուն: 

«Ամենավատն այն է, որ ամբողջ աշխարհում լաբորատորիաներում նրանց վրա սարսափելի փորձեր են անում, մեկ-երկու տարի հետո, երբ պիտանի չեն լինում, քնեցնում են, տարեկան 30-50 հազար բիգլ են քնեցնում, ու ես հենց բիգլ ուզեցի, որ մի բիգլի կյանք փրկեմ, որ չհայտնվի լաբորատորիայում: Ճիշտ է, բոլորին չեմ կարող փրկել, բայց գոնե մեկին կարող եմ»:

Հերմինեն ասում է, որ երբ շներին գնում էր, Հայաստանում չկար այդ ցեղատեսակը, և փնտրել է, թե որ երկրում կարող է գտնել, ամենամոտը Ուկրաինայում է եղել: 

«Մայդանի ժամանակ էր, առավոտյան տոմս եմ վերցրել, մեկնել եմ, վերցրել եմ, երեկոյան հետ եմ եկել: Իմ երեք շներին էլ էդպես եմ վերցրել»,- պատմում է Մակարյանը:

Հերմինեն ինչպես ինքն է շներին սովորեցնում, որոշ բաներ էլ, ասում է, ինքն է շներից սովորում:  

«Իրենցից եմ սովորել պատասխանատվության զգացում, հոգատարություն, հավատարմություն, մենք իրենց սովորեցնում ենք, իրենք էլ՝ մեզ, իրենց հետ պետք է համբերատար լինել, եթե չեղար՝ չես կարող պահել, ես էլ եմ ավելի համբերատար դարձել, քանի որ նաև ուրիշ շների հետ եմ աշխատում: Ընկերներս անգամ նկատում են, որ շատ եմ փոխվել. եթե առաջ փոքր բանից կարող էի բռնկվել, հիմա ավելի համբերատար եմ դարձել, ու իրենց շնորհիվ է միանշանակ»,- նշում է նա:

Հերմինեն ինչպես շատ ուրախանում է շուն ձեռք բերելիս, նույնքան ցավով էլ բաժանվում է նրանցից: Ասում է, որ ցավը միայն մեղմվում է նոր շուն ձեռք բերելով և խնամելով: 

«Շուն պահելը մեծ պատասխանատվություն է, չպետք է վնասել կենդանուն, չի կարելի նրանց դավաճանել, բռնություն գործադրել: Շուն ձեռք բերել և խնամել ցանկացողներին հորդորում եմ՝ մինչև ձեռք բերելը խորհրդակցել մասնագետի հետ, որպեսզի օգնելու փոխարեն կենդանուն վնաս չհասցնեն: Կան գիտելիքներ, որ համացանցով հնարավոր չէ ստանալ, այդտեղ մասնագետը կարող է օգնել»,- նշում է Մակարյանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am