«Ակնհայտ է, որ Քոչարյանին բաց թողնելը եղել է Ռուսաստանի ուղղակի հովանավորչությամբ»․ Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները, երբ ԲՀԿ-ն հայտարարում է, որ շուտով կարող է հուշագիր լինել ընդդիմադիր ուժերի միջև: Ընդհանրապես, ԲՀԿ-ն հիմա որքանո՞վ կարող է իրենից կշիռ և նաև վտանգ ներկայացնել:

– Նայած՝ ինչ տեսանկյունից ենք դիտում. եթե դիտենք ժողովրդական աջակցության տեսանկյունից, ապա որևէ կշիռ չկա, և թող իզուր տեղը դրա վրա հույս չդնեն, որովհետև մարդիկ լավ հիշողություն ունեն, բոլորի անցած ճանապարհը հիանալի հիշում են: Երբ ասում են՝ հնին վերադարձ, հնին վերադարձ հնարավոր կլինի միայն զինված, ծպտված, հանցագործ հեղաշրջման ճանապարհով:

Իհարկե նրանք կարող են սնուցել որոշակի կղզյակների հանրային դժգոհությունը, արդարության համար ասեմ, որ շատ հաճախ իշխանության սխալ քայլերն են դրան նպաստում, բայց մենք միաժամանակ պետք է հասկանանք, որ ինչքան էլ այդ կղզյակները այրվեն ու մոխրանան, միևնույն է՝ չի լինելու հանրային աջակցություն: Իսկ եթե ուրիշ քայլեր կատարվեն, դա արդեն պետական հանցագործություն է: 

– Որքանո՞վ ներքաղաքական իրավիճակով կարող էր պայմանավորված լինել Նիկոլ Փաշինյանի Մոսկվա չմեկնելը: Նկատի ունեմ այն, որ իշխանության ներկայացուցիչներն էլ են խոսել հնարավոր հեղաշրջման փորձի կանխման մասին: Կա՞ նման վտանգ, թե՞ սա ավելի շատ հայ-ռուսական հարաբերությունների արդյունք էր: 

– Ակնհայտ էր, որ ուզում էր գնալ: Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի այս դատարանային անսպասելի ազատումը և ռուսական ճանապարհը պարզորոշ ուրվագծվում են: Ակնհայտ է, որ դատավորը առանց ներքին համաձայնության դա չէր անի, իզուր են դատավորի վրա այդպես հարձակվում:

Դուք հիշում եք, որ այդ դատավարության ցանկացած սխալ ուղիով գնալու կամ, ավելի ճիշտ՝ իշխանական սցենարով չգնալու ժամանակ գոնե հաջորդում էին մի բարկացկոտ լայվ, մի դատափետում, բայց հիմա մենք այդպիսի արձագանք չենք տեսնում, երբ կատարվել է այսպիսի գործողություն:

Այստեղ բացահայտ է Ռուսաստանի հովանավորչությունը, և բնական է, որ պետք է խռով լինի Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի այդպիսի բացահայտ, սխալ հովանավորչությունից: Ակնհայտ է, որ Քոչարյանին բաց թողնելը եղել է Ռուսաստանի ուղղակի հովանավորչությամբ:

– Այնուամենայնիվ, հայ-ռուսական հարաբերություններն այսպիսով ավելի չե՞ն լարվում։

– Գիտեք՝ հայ-ռուսական հարաբերությունները լարել հնարավոր չէ։ Հայ-ռուսական հարաբերությունները վասալի և ֆեոդալի հարաբերություններ են։

– Հիմա՞ էլ։

– Միշտ։ Ոչ մի բան չի փոխվել, եթե փաթեթավորումը փոխվում է, ապա էությունը չի փոխվում։ Հայ-ռուսական հարաբերությունները հնարավոր է լարել միայն հայ-ռուսական հարաբերությունները կտրելով, այսինքն՝ բազայի, գազատարի, պայմանագրերի, բյուրոկրատական մակարդակներով։

Ես չեմ ասում, որ գնանք Պուտինին հայհոյենք, բոլորովին։ Պարզապես դնել այն չոր պայմանները, որ այսպես է լինելու, Հայաստանին այդպես է ձեռնտու։ Եթե նման բան չստացվի, ուրեմն եկեք ասենք, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն փչանում, մնում են մեծ և փոքր եղբոր հավասարակշռված հարաբերություններ։

Եվ եթե անգամ Նիկոլ Փաշինյանը խռովում է և չի գնում Մոսկվա, միևնույն է, դրանից էլ ոչինչ չի փոխվում։ Գուցե դա անհնազանդության առաջին նշանն է, առաջին, բայց ոչ վերջին։ Պիտի տեսնենք՝ զարգացումներն ուր են գնում։ Ակնհայտ է, որ գազային պայմանագիրը մեր տնտեսությանը սպառնալիք է, ատոմակայանի բոլոր նկրտումները մեր տնտեսությանը սպառնալիք են, էլ չեմ ասում քաղաքական շարժումները։

– Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասում է՝ իսկ ո՞վ է ասում, որ գազային պայմանագրի վերանայման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։

– Չէ՞ որ հետևում ենք այդ հանձնաժողովի աշխատանքներին։ «Գազպրոմն» ասում է՝ չէ՛, պետք է բարձրացնենք։ Մերոնք էլ ասում են՝ ոչ թե գազի գինն իջել է ջրի գնից, ջրի գինը հիմա ավելի թանկ է, քան էներգակիրների գինը, ոչ թե ասում են՝ համաշխարհային գնով մեզ գազ տուր, այլ ասում են՝ մեզ մի քիչ էժան տուր։ Բա դա ստորացուցի՞չ բանակցություն չէ։ Նա էլ ասում է՝ չէ՛, պետք է թանկացնեմ։

– Տիկի՛ն Սեդրակյան, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկել, վիրավորանքի դեպքում՝ 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Ինչպե՞ս եք գնահատում։

Միջազգային կառույցներով է ամրագրված, որ մամուլն իրավունք ունի հրապարակելու, քաղաքական գործիչն ինքը պետք է ապացուցի, որ ինքը կոռումպացված չէ, որ ինքը շեղումներ չի անում, և դա ամրագրված է Մարդու իրավունքների կոնվենցիայով։ 

Եթե հանկարծ մամուլը գրի՝ «շրջանառվող լուրերի համաձայն» և ինչ-որ լուր հայտնի, ես ուզում եմ տեսնել այն դատական գործընթացը, որով կապացուցվի, որ դա զրպարտանք է, ոչ թե լուր է կամ վարկած: Իսկ մամուլն իրավունք ունի նաև վարկածներ ներկայացնելու:

Դրա համար ես խորհուրդ կտամ ԱԺ փոխնախագահին զբաղվել իր անմիջական պարտականություններով և այդպիսի օրենսդրական նախաձեռնություններով հանդես չգալ: Մամուլով չի լուծվում հարցը:

Սխալ լուրերի դեմ պայքարում են ճիշտ լուրերով, ինտրիգների ու հովանավորչական կառույցների դեմ պայքարում են ապահովանավորչությամբ, իսկ դժգոհության դեմ պայքարում են ոչ թե դժգոհների թիվը հաշվելով, այլ դժգոհության պատճառները վերացնելով:

Հեղափոխությունից հետո զրպարտությունը, վիրավորանքը, հայհոյանքը մամուլում չեն շատացել, և այսպիսի նախաձեռնությունները դրանք շտկելուն են ուղղված:

– Երկուստեք է շատացել. ատելության խոսքը բոլոր տեղերում է: Ես ատելության խոսք լսում եմ և՛ իշխանության, և՛ ընդդիմության կանալներից համարժեք, և այդ դեպքում եթե սկսենք բոլորին դատել ու փողերը գանձել, մենք կլինենք աշխարհի ամենահարուստ պետություններից մեկը: Բայց ես կասկածում եմ, որ այդ պրոցեսն իրավաչափ կլինի և լավ կաշխատի: Դրա համար ասում եմ՝ մամուլը չի կարելի սահմանափակել ոչ մի պարագայում:

Նախ՝ դու դատարան չունես, որ կարողանա այդ հայցերը քննել, դրա համար մամուլի առջև սահմանափակում դնել հնարավոր չէ: Պետք է գործել այլ մեխանիզմներով, դրանք հետևյալն են՝ օրինակ՝ ատելության խոսքի սահմանափակումը կոնվենցիայի մակարդակով, այսինքն՝ ներքին պայմանավորվածությամբ, պետք է տան նախևառաջ քաղաքական գործիչները:

Ասենք՝ իշխանությունը հանդես գա կոչով բոլոր կողմերին, որ եկեք գոնե մենք խոսենք համապատասխան բառապաշարով, և դատափետի բոլոր այն ընդդիմադիր գործիչներին, որոնք կփորձեն սխալ խոսք օգտագործել, ոչ թե ինքը վատ օրինակ ծառայի:

– Ռոբերտ Քոչարյանի՝ 2 միլիարդ գրավի դիմաց ազատ արձակումը վտանգներ առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ։

– Մեծ վտանգներ է առաջացնում, որովհետև նախ փաստում է, որ եղել է Մոսկվայից ճնշում։ Կարող է և լիներ նման որոշում, բայց այն այսպես անհետք չէր անցնի։ Այլևս ոչ ոք դատարանը չի շրջափակում, իշխանական ֆեյքերը չեն մոլեգնում կամ մոլեգնում են շատ համեստ։ Դա լավ նշան չէ, այ դա՛ խնդիր է։

Մանե Հարությունյան

MediaLab.am