«Պատերազմի ռիսկեր միշտ կան, բայց դրանից դրամա սարքել ու ոչինչ չանել՝ անթույլատրելի է». քաղաքագետ

«Պատերազմի ռիսկեր միշտ կան, բայց դրանից դրամա սարքել ու ոչինչ չանել՝ անթույլատրելի է». քաղաքագետ
«Պատերազմի ռիսկեր միշտ կան, բայց դրանից դրամա սարքել ու ոչինչ չանել՝ անթույլատրելի է». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։

– Պարո՛ն Սաֆարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարություն է արել առ այն, որ Ադրբեջանը կշարունակի հասնել երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը: Նա նշել է, որ Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացված տարածքների, տարածքային ամբողջականության խախտման հետ։ Սա կարո՞ղ ենք պատերազմի վտանգ դիտարկել առհասարակ, թե՞ սա ներքին սպառման համար է ասված:

– Ո՛չ, սա ներքին սպառման համար չէ: Այդ հայտարարության մեջ երևում է, որ ոչ միայն խնդիրը ցանկացած, այդ թվում՝ ռազմական եղանակով լուծելու ակնարկն է, այդ թվում նաև՝ քաղաքական եղանակով, այլ նաև փոխզիջումներով լուծելու անպատրաստակամությունը: Ակնհայտ է, որ երբ մարդը խոսում է, որ ես ամբողջը հետ եմ բերելու, սա նշանակում է, որ ինքը որևէ տեղ չի թողնում որևէ զրույցի: Պետք է այս հայտարարությանը լուրջ վերաբերվել և լուրջ հակազդել:

– Հակազդել ԱԳՆ-ի՞ մակարդակով:

– Հայտարարությանը հայտարարությամբ են հակազդում:

– Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, նաև այն, որ պարբերաբար երկու երկրների ԱԳ նախարարներն են հանդիպում, լուրջ փոփոխություններ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:

– Նման հայտարարությունների պայմաններում ի՞նչ լավատեսության մասին կարող ենք խոսել:

– Այդ դեպքում ի՛նչ է մեզ սպասում այս տարի Արցախի խնդրի հետ կապված:

– Սպասում է ռազմական ռիսկերի ավելացում, որոնք պետք է կառավարվեն:

– Ալիևի այս հայտարարությունը ոչ առաջինն է, ոչ վերջինը: Այսպիսի հայտարարություններ բազմիցս հնչել են։ Ինչո՞ւ եք կարծում, որ այս հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել։

– Շատ կարևոր է, թե հայտարարությունը ե՛րբ է հնչում: Այս պարագայում եկեք հիշենք, որ մի փոքր առաջ իր նախարարը լավատեսություն էր հայտնում բանակցային գործընթացի լուծման կապակցությամբ, իսկ իր վերադասն ուղղակի բացառում է փոխզիջումները:

– Ձեր կարծիքով՝ արտաքին աշխարհի տրամադրվածությունն այս հարցում ո՞ր կողմն է թեքված: Հայաստանը հեղափոխությունից հետո որքանո՞վ ավելի շահեկան վիճակում է հայտնվել:

– Հայաստանն ունի հնարավորություն, այլ բան է, թե ինչ է անում, իսկ այս պահին տեսանելի չէ, թե ի՛նչ է անում։

– Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Դուշանբեի պայմանավորվածությանը, հայտարարել է, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը:

– Արմեն Աշոտյանի հայտարարությունն ավելի շատ դիտարկում եմ ներքաղաքական պայքարի կոնտեքստում: Բայց քանի որ որևէ փորձագետ չի կարող Ալիևի նման հայտարարություններից ու Ադրբեջանի նման պահվածքից հետո բացառել ռազմական ռիսկերը, այս առումով չեմ կարող վիճարկել, որ բանակցությունների, քաղաքական գործընթացի, քաղաքական կարգավորման դիապազոնի կրճատումը կամ վերացումը չի կարող, իսկապես, բերել պատերազմի:

– Նիկոլ Փաշինյանը խոսում էր բանավոր, ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածության մասին, և մենք տեսնում ենք, որ լարվածության որոշակի մեղմացում կա սահմանին: Ի վերջո, այդ պայմանավորվածությունները Ալիևի հետ են եղել, դրանք հարաբերակա՞ն պայմանավորվածություններ են:

– Իհարկե հարաբերական են, դրանք երկարաժամկետ չեն, և չենք կարող դրանց վրա հույս դնել: Չի կարելի ասել, որ ոչ մի լավ բան չի սպասում, բայց պետք է հասկանալ, որ պատերազմի ռիսկերը ամեն օր են առկա եղել: Այլ բան է, թե մենք ժամանակի ընթացքում որն ինչպես ենք կառավարել կամ չենք կառավարել: ՀՀԿ-ն ժամանակին չկարողացավ կառավարել այդ ռիսկերը, և մենք կանգնեցինք քառօրյա պատերազմի շեմին: Հիմա պետք է հասկանալ, որ այդ ռիսկերը միշտ կան, քանի դեռ հակամարտությունը լուծված չէ: Իհարկե, լավ չէ, որ այդ ռիսկերը կան, բայց դրանից դրամաներ սարքել ու ոչինչ չանել, անթույլատրելի է:

– Նոր իշխանությունների արտաքին քաղաքականության ոլորտում արված քայլերը հուսադրո՞ղ են:

– Արտաքին քաղաքականության մեջ պետք է հայեցակարգ ունենալ, և մինչև այդ հայեցակարգը չլինի, մենք ոչ մի գնահատական չենք կարող տալ: Հայաստանում նոր-նոր ավարտվել է իշխանության ձևավորումը, և կարևոր է լինելու արտաքին քաղաքականության հայեցակարգի հրապարակումը, թե ինչպես են տեսնում արտաքին քաղաքականության բազում խնդիրների, այդ թվում՝ Արցախի հակամարտության լուծումը: Դա չի արվել դեռևս:

Մանե Հարությունյան

MediaLab.am