ՀՀ-ն ամեն բան կանի դիվանագիտական ճանապարհով ԼՂԻՄ-ի կորսված տարածքները վերադարձնելու համար․ Արմեն Գրիգորյան․ Factor.am

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամեն բան կարվի, որպեսզի վերադարձվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 2020 թվականի աշնանը կորսված տարածքները։ «Ինչ վերաբերում է տարածքներին, ապա ենթադրում եմ, ձեզ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, որոշակի սահմաններով, ճանաչված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն բան կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ օկուպացված տարածքները»,- հայտարարել է Գրիգորյանը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման մասին մտածելը դեռևս վաղ է։ «Նախքան խաղաղ կարգավորման մասին խոսելը, անհրաժեշտ է պարզ փաստեր փաստել․ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով։ 2020 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի դիմելով Ադրբեջանի իշխանությունները խախտեցին հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած 3 սկզբունքներից մեկը՝ ուժ չկիրառելը կամ ուժի սպառնալիքը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ կան տարիների ընթացքում համաձայնեցված սկզբունքներ, դրանց բաղադրիչներ, որոնց վրա պետք է հիմնված լինի հակամարտության կարգավորումը: «Այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները նույնպես համերաշխ են մեզ հետ, իրենց վերջին համատեղ հայտարարությունում ընդգծվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի «կողմերին լավ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»», – ասել է Գրիգորյանը։

© factor.am