ԱՀԿ-ն լուսաբանում է ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված թոքային հիվանդություններից մահացության հսկայական մասշտաբները

ԱՀԿ-ն լուսաբանում է ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված թոքային հիվանդություններից մահացության հսկայական մասշտաբները
ԱՀԿ-ն լուսաբանում է ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված թոքային հիվանդություններից մահացության հսկայական մասշտաբները

Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամլո հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Առանց ծխախոտի համաշխարհային օր․ 2019թ․ Թույլ մի տվեք, որ ծխախոտը զրկի ձեզ շնչառությունից

Յուրաքանչյուր տարի, մայիսի 31-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  (ԱՀԿ) և գլոբալ գործընկերները նշում են «Առանց ծխախոտի համաշխարհային օրը»։ Ամեն տարի իրականացվող քարոզարշավը հնարավորություն է տալիս բարձրացնել մարդկանց իրազեկությունը ծխախոտի և երկրորդային ծխի ազդեցության վնասակար և կյանքի համար վտանգավոր հետևանքների մասին, դրանով իսկ խոչընդոտելով  ծխախոտային արտադրատեսակների ցանկացած ձևի օգտագործումը։

2019թ․ «Առանց ծխախոտի համաշխարհային օրվա» թեման «ծխախոտի դեմ պայքարն ու թոքերի առողջությունն» է։ Քարոզարշավի արդյունքում կբարձրանա մարդկանց իրազեկությունը հետևյալ հարցերի շուրջ․

Ծխախոտի բացասական ազդեցությունը մարդկանց թոքերի վրա՝ սկսած քաղցկեղից և վերջացրած շնչառական հիվանդություններով
թոքերի կարևորագույն դերը մարդկանց առողջության  և բարեկեցիկ կյանքի ապահովման համար
Այս քարոզարշավը նաև գործողության կոչ է, որի նպատակն է խթանել ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների մշակումն  ու տարբեր ոլորտներից շահագրգիռ մարմինների ներգրավումը՝ ուղղված ծխախոտի օգտագործման դեմ պայքարին:

Այսօր՝ «Առանց ծխախոտի համաշխարհային օրը», Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անդրադառնում է այն վնասին, որ ծխախոտն ունենում է թոքերի վրա։ Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված մահերի ավելի քան 40%-ն առաջանում է թոքային հիվանդություններից, ինչպիսին են քաղցկեղը, շնչառական քրոնիկ հիվանդությունները և տուբերկուլոզը։ ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին և գործընկերներին պայքար ծավալել՝ պաշտպանելու մարդկանց ծխախոտի ազդեցությունից։  

Ամբողջ աշխարհում ծխախոտի ազդեցությամբ պայմանավորված տարեկան ավելի քան 8 միլիոն մահ է գրանցվում։ Ավելի քան միլիոնավոր մարդիկ ապրում են թոքերի քաղցկեղով, տուբերկուլոզով, ասթմայով կամ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած քրոնիկ  թոքային հիվանդությամբ։ Առողջ թոքերը առողջ կյանքի հիմնական գրավականն են։

Ծխախոտի օգտագործման արդյունքում թոքային հիվանդություններից  2017թ․ ընթացքում մահացել են ավելի քան  3.3 միլիոն ծխողներ և երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկված անձինք, այդ թվում՝

1.5 միլիոն մարդ մահացել է շնչառական քրոնիկ հիվանդություններից  
1.2 միլիոն մահ է գրանցվել քաղցկեղից (շնչափողի, բրոնխների և թոքերի)
600 000 մահ է գրանցվել շնչուղիների վարակներից և տուբերկուլոզից
Մինչև 5 տարեկան ավելի քան  60 000 երեխա մահանում է ստորին շնչառական ուղիների վարակներից՝ երկրորդային ծխի ազդեցության հետևանքով։ Նրանք, ովքեր հասնում են հասուն տարիքի, ավելի հակված են իրենց հետագա կյանքի ընթացքում ձեռք բերել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)։  

2016-2017 թթ․ Հայաստանում իրականացված STEP հետազոտության տվյալների համաձայն ներկայումս Հայաստանում ծխում է տղամարդկանց 51.5%-ը, որը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշներից է  (տարածաշրջանի միջին ցուցանիշը կազմել է 38.5%), իսկ կանանց շրջանում՝ 1.8 %-ը, որն ավելի ցածր է կանանց համար եվրոպական տարածաշրջանում գրանցված միջին ցուցանիշից (տարածաշրջանային միջինը կազմել է 20.7%)։

“Հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանը ներգրավված է հակածխախոտային քաղաքականության նոր փաթեթի մշակման մեջ՝ կցանկանայինք հատուկ ուշադրություն հրավիրել բնակչությանը ծխախոտի ծխից պաշտպանելու և մարդու՝ առողջության պահպանման իրավունքի վրա։    Հակածխախոտային իրավական ակտերը կարող են առանց դժվարության գործողության մեջ դրվել և ծախսարդյունավետություն ապահովել։ Առողջ թոքերը առողջ կյանքով ապրելու հիմնական գրավականն են»,- ասաց Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը։

Ի՞նչ կարելի է անել

ԱՀԿ-ն հորդորում է պետություններին պայքարել ծխախոտի համաճարակի դեմ ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) դրույթների լիակատար իրականացման և հակածխախոտային արդյունավետ միջոցառումների իրականացման միջոցով՝ ներառյալ ԱՀԿ-ի կողմից առաջարկված “MPOWER” փաթեթի միջոցառումները, որոնք ներառում են, օրինակ, ծխախոտի պահանջարկի նվազեցում ծխախոտային արտադրանքի հարկման միջոցով,  ծխախոտի ծխից ազատ տարածքների ստեղծում և ծխախոտի օգտագործման դադարեցման աջակցություն։

ԱՀԿ-ն նաև խրախուսում է ծնողներին և համայնքի առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել իրենց ընտանիքների և համայնքների առողջությունը պահպանելու ուղղությամբ՝ վերջիններիս տեղեկացնելով և պաշտպանելով ծխախոտի օգտագործման արդյունքում առաջացած վնասներից։

Սկսած 2004թ․-ից, ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ) միանալուց հետո Հայաստանը հասցրել է տարբեր միջոցառումներ իրականացրել, սակայն ապագայում դեռևս ավելի շատ անելիքներ կան։   

Ծխախոտի օգտագործումն ազդում է աշխարհի բոլոր մարդկանց թոքերի վրա հետևյալ ձևերով՝

Թոքերի քաղցկեղ․  Ծխելը թոքերի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառն է, որին վերագրվում են ամբողջ աշխարհում թոքերի քաղցկեղից մահացության դեպքերի երկու-երրորդը։ Տանը կամ աշխատավայրում երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվելը նույնպես բարձրացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը։ Ծխելը դադարեցնելը կարող է նվազեցնել թոքերի քաղցկեղի ռիսկը։ Ծխելը դադարեցնելուց տասը տարի անց  թոքերի քաղցկեղի ռիսկը համարյա կիսով չափ նվազում է՝ ի համեմատ ծխողների։

Շնչառական քրոնիկ հիվանդություն․ Ծխելը  թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) առաջացման հիմնական պատճառն է։ Այս հիվանդության ժամանակ լորձաթարախային արտադրություն է հավաքվում թոքերում, որը առաջացնում է տանջող հազ և շնչառական դժվարություններ։  ԹՔՕՀ-ի առաջացման ռիսկը հատկապես բարձր է այն անձանց մոտ, ովքեր սկսում են ծխել շատ վաղ տարիքից, ինչպես նաև նրանց, ովքեր ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, քանի որ ծխախոտի ծուխը զգալիորեն դանդաղեցնում է թոքերի զարգացման գործընթացը։ Ծխելը սրացնում է ասթման, որը խաթարում է մարդկանց կենսագործունեությունը և հանգեցնում հաշմանդամության։  Ծխելու հնարավորինս վաղ փուլում դադարեցումը ԹՔՕՀ-ի հետագա զարգացման կանխման և ասթմայի ախտանիշների վերացման ամենաարդյունավետ միջոցն է։

Ամբողջ կյանքի ընթացքում․  Նորածինների մոտ, որոնք ներարգանդային կյանքում մոր ծխելու հետևանքով ենթարկվում են ծխախոտի ծխի թունավոր, կամ մոր միջոցով՝ երկրորդային ծխի ազդեցությանը, նկատվում է թոքերի զարգացման հապաղում և ֆունկցիաների խաթարում։  Երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող փոքր երեխաները կանգնած են ասթմայի, թոքաբորբի և բրոնխիտի ձեռք բերման կամ սրացման, ինչպես նաև ստորին շնչառական ուղիների վարակներով հաճախ հիվանդանալու ռիսկի առջև։ Ծխողները պետք է խուսափեն նորածնի կամ փոքր երեխայի ներկայությամբ ծխելուց։  

Տուբերկուլոզ․ Տուբերկուլոզը ախտահարում է թոքերը և խաթարում թոքերի ֆունկցիաները, որը ծխելու արդյունքում ավելի է սրվում։ Ամբողջ աշխարհի բնակչության մոտ մեկ քառորդը տառապում է թաքնված տուբերկուլոզով և կանգնած է ակտիվ տուբերկուլոզով հիվանդանալու վտանգի առջև։ Ծխողները ավելի մեծ հավանականություն ունեն տուբերկուլոզով հիվանդանալու։ Ակտիվ տուբերկուլոզը, որն ավելի բարդանում է թոքերի վրա  ծխախոտի ծխի ունեցած վնասակար ազդեցության հետևանքով, զգալիորեն բարձրացնում է շնչառական համակարգի ախտահարման արդյունքում առաջացած հաշմանդամության կամ մահվան հավանականությունը։ Տուբերկուլոզով տառապող անձինք պետք է շտապ միջոցներ կիրառեն ծխելը դադարեցնելու ուղղությամբ, որպեսզի իրենց բուժումը արդյունավետ լինի։

Օդի աղտոտվածություն․ Ծխախոտի ծուխը փակ տարածքներում օդի աղտոտման վտանգավոր տեսակ է․ այն պարունակում է ավելի քան 7 000 քիմիական տարրեր, որոնցից 69-ը հայտնի են որպես քաղցկեղածին։ Չնայած նրան, որ ծուխը կարող է անտեսանելի ու անհոտ լինել, այն կարող է օդում պահպանվել մինչև հինգ ժամ։

Ինչպես է  առնչվում ծխախոտը Կայուն զարգացման նպատակներին․ Իրականացնելու համար Կայուն զարգացման նպատակներից մեկը, որն է՝ մինչև 2030թ․ մեկ-երրորդով կրճատել ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ մահերի թիվը, հակածխախոտային պայքարը  պետք է դառնա աշխարհի բոլոր երկրների կառավարությունների և համայնքների գերակա խնդիրը։ Աշխարհը դեռևս չի թևակոխել այդ նպատակի իրագործման փուլ»։