Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Կանադայում

Մարտի 15-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին:
Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ կանադահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Հյուրերին իր ուղերձը հղեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով խոսեց Արցախյան շարժման կարեւորության, դրա պատմական արժեքի եւ ազգապահպան տեսլականի մասին:

Դեսպան Եգանյանն ընդգծեց Ղարաբաղյան շարժման նշանակությունը Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի ազգային վերելքի համար, խոսեց շարժման ազդեցության մասին Խորհրդային Միության փլուզման վրա:

Այնուհետեւ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Մկրտչեանը հանդես եկավ «Վեց տարիներ, որոնք փոխեցին Հայոց Աշխարհը» դասախոսությամբ: Բանախոսը նախապատրաստել էր ծավալուն տեսահանդես Արցախյան շարժման ողջ ընթացքի մասին: Նա անդրադարձավ Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտին, Սումգայիթում, Բաքվում եւ Մարաղայում հայերի զանգվածային ջարդերին: Մկրտիչ Մկրտչեանը ներկայացրեց հայ հերոսների կողմից մի շարք բնակավայրերի ազատագրման նպատակով կիրառված փայլուն ռազմավարական հնարքները` նշելով, որ ցեղասպանության սպին կրող ազգի համար Արցախյան հերոսամարտը կարեւորագույն հաղթանակ էր` ապագային լավատեսորեն նայելու տեսանկյունից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը:

© Medialab.am