Վարչապետի մակարդակով բացահայտ քարոզչություն է իրականացվում այդ տարածքների հանձնման մասին. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները Տավուշի մարզից սկսելու կոնսենսուս դեռ չկա, նախորդ օրը՝ ապրիլի 8-ին, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե ԳՇ-ում են որոշել սահմանազատման աշխատանքները սկսել Տավուշի մարզից։ Շատ լավ հիշում ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը դեռ շատ վաղուց, երբ գնացել էր Տավուշ, տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սահմանագծման աշխատանքները, ըստ էության, մտել են գործնական փուլ։ Իշխանականների այս իրարամերժ հայտարարություններն ինչպե՞ս եք բացատրում։

– Կարճ կարելի է բնորոշել՝ իշխանական խառնաշփոթ և քաղաքական քաոս պետական շենքերի ներսում, երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Մեծ հաշվով՝ սա վկայում է այն մասին, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը ևս ձախողվել է, որովհետև փոխվարչապետների ձևաչափով, եթե չեմ սխալվում, երկու տարուց ավելի է՝ տեղի են ունենում բանակցություններ, ու միայն այս փուլում հայտնել, որ որևէ կոնսենսուս չկա, նշանակում է, որ երկու տարի ուղղակի ջուր են ծեծել, ու մենք ունենք այն, ինչ ունեինք 2020 թվականի Արցախյան աղետալի պատերազմից հետո։ 

Այստեղ նաև այլ խնդիր է առաջանում. եթե այդ գործընթացում Ադրբեջանի հետ որևէ կոնսենսուս չկա, այդ ի՞նչ գյուղերի վերադարձի մասին են խոսում, Տավուշի մարզում հանրային տրամադրություններ են շոշափում, զոնդաժ է իրականացվում, վարչապետի մակարդակով բացահայտ քարոզչություն է իրականացվում այդ տարածքների հանձնման մասին։ Մենք գործ ունենք հերթական խոստովանության հետ, որ ինչ խոստանում էին ժողովրդին, չեն կարողացել ապահովել, իրենց հերթական ձախողման մասին են գուժում։ 

– Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է նման բան հայտարարում, եթե լավ գիտի, որ որևէ կոնսենսուս չկա։

– Այդ գործընթացը հստակ կարգավորվում է տվյալ պետությունների միջև ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների միջոցով, որոնք մասնագիտական գործունեություն են ենթադրում, հենց բուն տեղանքում էլ իրականացվող աշխատանք է ենթադրում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ 

Որքան ես հասկանում եմ, նման գործընթաց չի իրականացվում, որովհետև Ադրբեջանի նախագահին չեմ տեսել՝ Ադրբեջանի քարտեզը մակետ դարձրած, ձեռքն առած, պտտվի Հայաստանին սահմանակից տարածքներով ու համոզի կամ փորձի ապացուցել, որ Հայաստանից զավթած տարածքները Հայաստանինն են ու պետք է վերադարձվեն։ Ես չեմ տեսնում Ադրբեջանի նախագահին Արծվաշենում, որտեղ ինքը այնտեղի բնակիչներին համոզի, որ նրանք դուրս գան այդտեղից, որովհետև դա ենթակա է վերադարձի։ Այսինքն՝ այն, ինչի մասին խոսում է Փաշինյանը, ոչ թե դելիմիտացիայի-դեմարկացիայի գործընթաց է, այլ՝ հանձնման։ Ցավոք սրտի, հանրության կողմից էլ չեմ տեսնում հակազդեցություն, ինչը շատ մտահոգիչ է։ 

– Իսկ Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչո՞ւ է նման քաղաքականություն որդեգրել։

– Հիմնական մոտիվն այն է, որ դրանով իրենք Ադրբեջանին հետ են պահելու Հայաստանի վրա հարձակվելուց, բայց, կներեք, եթե Ադրբեջանը ցանկանա հարձակվել Հայաստանի վրա, պատրվակ կգտնի։ Հետևաբար, ամեն ինչ հանձնել՝ ակնկալիքով, որ քո թշնամին իրենը ստանալուց հետո այլևս որևէ հավակնություն չի դրսևորի, կարծում եմ, քաղաքական ինքնախաբեություն ու միամտություն է։ 

Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը թվում է, թե Ալիևն ինքնաբավ քաղաքականություն է վարում տարածաշրջանում, ու Ադրբեջանից են կախված խաղաղության օրակարգի ձևավորումն ու հաստատումը, սա ամենամեծ մոլորությունն է։ Քանի դեռ չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս, այս տարածաշրջանում խաղաղություն չի լինի։ Իսկ եթե խաղաղություն չի լինի, դու որպես պետություն պարտավոր ես առաջնորդվել խաղի այն կանոններով, որոնք թելադրում են ժամանակի աշխարհաքաղաքական իրադարձությունները, խաղի կանոնները։ Իսկ այս իշխանությունը առաջնորդվում է անձնատուր լինելու քաղաքականությամբ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am