«Ռուսաստանը պահանջելու է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն անվերապահորեն հարգեն թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, ռուսական կողմը հաստատել է տեղեկությունը, որ առաջիկայում նախատեսվում է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից և ինչպե՞ս կմեկնաբանեք ռուսական կողմից հնչող հայտարարությունները, մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետևյալ միտքը. «Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում փորձարկված առճակատման մեխանիզմները»:

– Ռուսաստանից հնչող հայտարարությունները, իմ կարծիքով, անուղղակիորեն ճնշումներ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, բայց առաջին հերթին՝ Հայաստանի, որովհետև Ռուսաստանի հիմնական մտահոգությունն այս հակամարտության մեջ ու ընդհանրապես Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվացումն է:

Ռուսաստանում ընդհանուր պատկերացում կա, որ դա անում է Հայաստանը, այսինքն՝ Հայաստանն է ավելի շատ շահագրգռված բրյուսելյան հարթակով, Հայաստանն է Արևմուտքին հրավիրում մեր տարածաշրջան, հետևաբար ճնշումները հիմնականում հայկական կողմի ուղղությամբ են:

Իրականում, այդ հանդիպումը, ի տարբերություն նախորդների, կարող է շատ առանցքային և սկզբունքային նշանակություն ունենալ, որովհետև, իմ տպավորությամբ, շատ ավելի առարկայական խոսակցություն է լինելու, և Ռուսաստանը փորձելու է մի կողմից Հայաստանին համոզել, որ մեկընդմիշտ հրաժարվի արևմտյան հարթակներից, մյուս կողմից՝ Ադրբեջանին ստիպել, պարտադրել՝ հրաժարվել միջանցքային տրամաբանությունից ու հստակեցնել տարածքային ամբողջականությունը ճանաչելու շուրջ քննարկումները, այսինքն՝ ստիպել, որ Ադրբեջանը աներկբա հայտարարի, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը լինելու է նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների հիման վրա:

Այսինքն՝ խաղաղության պայմանագի՞րը նկատի ունեք:

– Այո՛, եթե մեկ նախադասությամբ ամփոփեմ միտքս՝ Ռուսաստանը պահանջելու է, որ նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը անվերապահորեն հարգեն թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը ու չփորձեն այնտեղ ինչ-որ տեքստային նրբերանգներ փնտրելով մանևրել:

– Իսկ եթե ձեր նշած պահանջները ներկայացվեն Ռուսաստանի կողմից, կողմերը կկատարե՞ն:

– Խնդիրն այն է, որ այդ պահանջների կատարումը փոխկապակցված է, այսինքն՝ եթե Ադրբեջանն անվերապահորեն ընդունի խորհրդային հանրապետությունների սահմաններն ու ընդունի, որ ապաշրջափակում լինելու է, բայց միջանցքային տրամաբանություն չի լինելու, ու դա փաստաթղթավորվի, կարծում եմ՝ հայկական կողմը կհրաժարվի արևմտյան հարթակներից, ու համաձայնությունը կկայանա, այսինքն՝ մեծ հաշվով, դա կախված է Ադրբեջանի դիրքորոշումից:

Պարո՛ն Բաղդասարյան, իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ այդ « Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որպեսզի միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ», ու ընդգծել է, թե Ռուսաստանը կողմնապահություն է անում: Իշխանության ներկայացուցչի այս հայտարարությունը ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Նույն այդ պատգամավորը բառացիորեն մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է տալ ճանապարհներ, բայց ոչ մի դեպքում այդ ճանապարհների վերահսկողությունը չի տա որևէ մեկին՝ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Արևմուտքին:

Մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նշված է, որ Մեղրիով անցնող ճանապարհի անվտանգությունը պետք է վերահսկի Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը: Հենց սրա համար եմ ասում, որ Ռուսաստանը պահանջելու է, համոզելու է, որ անվերապահորեն ընդունվի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այսինքն՝ հետագա համաձայնագրերը կառուցվեն դրա հիման վրա:

Եթե Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթով կա նման դրույթ, որ ռուսական կողմը պետք է վերահսկի այդ ճանապարհը, ապա ինչո՞վ բացատրել իշխանության նմանատիպ հայտարարությունները, Ռուսաստանի հասցեին ուղղված մեղադրանքները:

– Որովհետև Ադրբեջանն ինքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի բազմաթիվ կետեր խախտել է՝ ռազմագերիներին չի վերադարձրել, ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Ռուսաստանը որևէ քայլ չի արել դա կանխելու համար, թեև այդ փաստաթղթի երաշխավորը հենց ինքն է:

Եթե Ադրբեջանը երկու տարի շարունակ խախտում է այդ նույն փաստաթղթի կետերը, տրամաբանական է, որ Հայաստանն էլ իր հերթին կարող է կես քայլ հետ անել այդ պարտավորություններից, որպեսզի հետագայում բանակցելու բան իսկապես լինի, որ ասի՝ կա՛մ դուք էլ եք անվերապահորեն կատարում այդ կետերը, կա՛մ եթե չեք կատարում, մենք էլ մեզ իրավունք ենք վերապահում ևս չկատարել դրանք:

– Իսկ տարածաշրջանում այս ակտիվությունն ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում:

– Շատ ռիսկային է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի համար, դա ռիսկային կարող է լինել ամբողջ Հարավային Կովկասի համար, որովհետև եթե Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը տեղափոխվի նաև Հարավային Կովկաս, նկատի ունեմ թեժ հակամարտության տեսքով, այդ դեպքում Հարավային Կովկասից կարող է ընդհանրապես բան չմնալ: Խոսքը միայն Հայաստանի մասին չէ, այլ նաև Ադրբեջանի, Վրաստանի, որովհետև եթե Հարավային Կովկասը դառնա երրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմ, տարածաշրջանի որևէ երկիր երաշխավորված ապագա ունենալ չի կարող:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am