ԱՀ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարկային արտոնությունների նախագծին

Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրել է նիստ՝ հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի 2-րդ ընթերցմանն է ներկայացրել «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին»,««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»»,«« Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,« Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «« Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,« Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,««Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների(մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Նախագծերի փաթեթում լրացուցիչ առաջարկվում է  «Հարկերի մասին» օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի փոխառությունների և դրանց սպասարակման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը:

Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով: Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար:

Պատերազմական գործողություններրի հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նաև

  • գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը,
  • կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ և շարժական գույքերի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել:

ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային արտոնություններից փաստացի կօգտվի  շուրջ 4600 հարկ վճարող՝10,7 մլրդ դրամ  գումարի չափով:

Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցին հարցեր, որոնց տրվեցին հստակ պարզաբանումներ:

Հանձնաժողովը 6 կողմ ձայների համամասնությամբ դրական եզրակացություն է տվել առաջարկվող նախագծին:

Նիստին ներկա էին Ազգային ժողովի նախագահը,պատգամավորներ, կառավարության պատասխանատուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: