Գարիկ Սարգսյան․ Եռագույն կոկորդիլոսը

Մհեր Արշակյան

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ Երասխում բարձրացվելու է Հայաստանի ամենամեծ եռագույն դրոշը։ Դեռ լավ է, որ չի հայտարարել, թե այն ոչ մեկի դեմ ուղղված չէ։

Օրինակ՝ Էրդողանը 6 օր առաջ հայտարարել էր, որ «Թուրքիան կդառնա աշխարհում ԱԹՍ արտադրող առաջատար երկիր»։ Նկատեցի՞ք՝ ինչ իդենտիկ հայտարարություններ են։

Ինչքան մեր դրոշը բարձր լինի, այնքան Թուրքիան ստիպված կլինի մտածել նոր զինատեսակների և, ընդհանրապես, գերժամանակակից սպառազինություններ ստեղծելու մասին։ Ու բացառված չէ, որ չկարողանա ստվերել Երասխում բարձրացված մեր դրոշը։ 

Ես մի բան լավ չեմ հասկանում՝ պարտադի՞ր է պարտվելուց հետո ապուշանալը։ Այս մարդը, ընկերնե՛ր, այսօր զբաղեցնում է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը։

Հիշո՞ւմ եք՝ պատերազմի հոտն անգամ չէինք առնում, իսկ նախկին մարզպետը խոսում էր Արարատում կոկորդիլոսաբուծության զարգացման մասին։ Հիմա արդեն պարզ է, որ էկզոտիկայի ժամանակը չէ, մենք պետք է ուժ և համարձակություն ցույց տանք, այսինքն՝ դրոշ։ 

Ես այսուհետև էլ չեմ պնդի, որ այդ երիտասարդին հոգեբուժական լուրջ փորձաքննության պետք է ենթարկել, մարդը չի ասում, որ մեր դրոշը պիտի գերազանցի Բաքվի կենտրոնում տարիներ առաջ դեռևս պարտված Ադրբեջանի կանգնեցրած Ադրբեջանի պետական դրոշի բարձրությունը։

Նա ընդամենը Հայաստանի անկախության օրվա առիթով իր իսկ նախաձեռնությամբ բարձրացնում է մեր դրոշը, որը նվիրված է Հայաստանի «ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին»։

Այս տղան այնքան էլ հպարտ է ասում՝ իմ նախաձեռնությամբ։ Քո նախաձեռնությունն ո՞ւր էր, երբ վարչապետը պատերազմից առաջ հոխորտում էր Ադրբեջանի վրա, ո՞ւր էր քո նախաձեռնությունը, երբ նա ծաղրում էր Ադրբեջանի նախագահին։ Ինչո՞ւ որևէ մեկդ այդ մարդուն ողջամտության կոչ չարեց։

Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ են ձեր նախաձեռնությունները խելագարության կանխավարկածներով թելադրվում։ Մեկն ուզում է գունագեղ միջոցառում անել, մյուսն ուզում է դրոշ բարձրացնել։

Ի՞նչ պիտի ապացուցի քո դրոշը։ Թե՞ այնպիսի դրոշ եք բարձրացնելու, որ 14 միլիարդ տարեկան տիեզերքի ցանկացած անկյունից հնարավոր լինի տեսնել։ 

Մարդ լսում է նրանց և համառորեն ուզում է հասկանալ՝ սրանք մանկություն չե՞ն ունեցել, որևէ խաղալիք չե՞ն ունեցել։ Ումի՞ց կամ ինչի՞ց են վրեժ լուծում այս մարդիկ։ Եվ ո՞վ կարող է բռնել աղվանհովսեփյանական գիգանտոմանիայով տառապողների ձեռքը։

«Բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակը» հարգելու ուրիշ տարբերակներ չկա՞ն, որոնք չեն մատնի պարտվածի մեր բարդույթները։ Թուրքիային երկխոսության ձեռք եք մեկնում, չե՞ք ուզում համբերել այդ երկխոսության մեկնարկին։

Էդ դրոշն ի՞նչ է անելու՝ ադրբեջանցիների առջև փակելո՞ւ է մեր երկինքը նրանց «Բայրաքթարների» առաջ։ Հատկապես ի՞նչ է անելու։ Ապրողներին հերոսների հիշատակով ոգեկոչելու համար բավարար է, որ ամեն ինչ անեք, որ սահմաններին ձեզնից երիտասարդ մեր զինվորները չմեռնեն կամ գերի չընկնեն։

Հիտլերյան մեծապաշտության արդյունք այդ դրո՞շն է կանխելու ադրբեջանցիներին, որ չկրակեն մեր զինվորների վրա ու նոր «սուրբ հիշատակներով» չլցնեն այս երկիրը։

Պարզապես զբաղվե՛ք մեր զինվորներով։ Նրանք այսօր այնքան էլ շատ չեն, երիտասա՛րդ։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am