Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդի հետ խոսելու և նրան ինչ-որ բան հասկացնելու լեզուն: Ուստի խոսում է իր սեփական լրատվամիջոցով և այն էլ՝ «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ:
Ժամանակին Փաշինյանը օդից լսած լուրերով մեղադրում էր Գագիկ Խաչատրյանին, Միքայել Մինասյանին, Հովիկ Աբրահամյանին, Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին ինչ-ինչ հանցանքների համար:
Միքայել Մինասյանը նույնիսկ միջազգային հետախուզման մեջ էր: Վերջերս նրա հանդեպ հետախուզումը վերացվեց՝ նույնիսկ Հայաստանի կարծիքը չհարցնելով:
Ինչո՞ւ այդպես ստացվեց: Շատ պարզ պատճառ կա: Որովհետև բոլոր մեղադրանքները, որոնք ըստ էության ճիշտ էին, հնչեցվել էին դեղին մամուլի մակարդակով:
Եվ այն, որ այդ մեղադրանքներից ոչ մեկն այդպես էլ չապացուցվեց, այն մասին չէ, որ դրանք սուտ էին, այլ այն մասին է, որ երկիրը ղեկավարվում է դեղին մամուլի խմբագրի մակարդակով:
Ո՞վ է դեղին մամուլի խմբագիրը: Դա մի մարդ է, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր խոսքերի համար, նա կարող է աջ ու ձախ մեղադրել բոլորին ու թաքնվել խոսքի ազատության ստվերում:

Դեղին մամուլը զարգացած է այն երկրներում, որտեղ հստակ տարանջատված են պատասխանատու խոսքն ու բամբասանքը, որտեղ մարդիկ դեմ չեն կերակրվել ստերով, քանի որ ճշմարտությունը երբեմն ծանր է լսել: Դեղին մամուլն իմաստ ունի այն երկրներում, որտեղ կա նաև իր խոսքի համար պատասխանատու մամուլ:
Նիկոլ Փաշինյանն այսօր իր հիմնադրած թերթի կայքում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ մի հրապարակում է տեղադրել, որտեղ պարզաբանում է, թե հայ-ադրբեջանական բանակցություններում ինչ է ադրբեջանցիների ուզածը մեզնից:
Հասկանո՞ւմ եք՝ մարդը երկրի վարչապետ է, բայց վախենում է ժողովրդին ուղիղ ասել, թե ինչ ունենք կորցնելու Ադրբեջանի աներկբա, չխմբագրվող ու չքննարկվող դիրքորոշումներն իմանալիս:
Ստորագրելով «Հավաստի աղբյուր»՝ վարչապետն ակնարկում է, որ պետք չէ մեծ լրջությամբ վերաբերվել գրվածին, քանի որ դա ընդամենը աղբյուր է, ու դեռ պետք է պարզել, թե որքանով է այն ճշմարիտ:
Իրական լրատվամիջոցը «Հավաստի աղբյուրին» լսելուց հետո փորձում է դրա հաստատումը կամ հերքումն ստանալ այլընտրանքային աղբյուրից:
Փաշինյանի թերթը դա չի արել:
Ինչո՞ւ:
Որովհետև «Հավաստի աղբյուրը» հենց միակ աղբյուրն է, որը և՛ հաստատողն է, և՛ հերքողը:
Ես չեմ քննարկում, թե ինչ է գուժում այդ հրապարակումը հայ ժողովրդի կամ Հայաստանի համար: Ինձ համար թեմա է անպատասխանատվության աստիճանը:
Վարչապետը վաղուց չի հանդիպում լրատվամիջոցների հետ, հարցազրույց է տալիս միայն Հանրային հեռուստաընկերությանը:
Նույնիսկ Սերժ Սարգսյանը ասուլիսային ինչ-որ ֆորմատներ պահպանում էր, թեպետ մեծ հաշվով արդյունքը նույնն էր՝ բոլոր լրատվամիջոցները տալիս էին նախապես համաձայնեցված հարցեր:
«Հավաստի աղբյուրը» դիմել է Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հասկացնելով, որ իր հրապարակումից հետո Տեր-Պետրոսյանն այլևս չի կարող ասել, թե ինքը չգիտի՝ ինչի մասին են խոսում Փաշինյանը, Ալիևը, Բլինքենը, Շառլ Միշելը, Մակրոնը: Ասենք թե իմացավ: Միգուցե հրավիրես քո փոխարեն բանակցելո՞ւ:
Հիմա մի հարց գոյություն ունի՝ ի՞նչ լրջությամբ ժողովուրդը վերաբերվի այդ հրապարակմանը՝ իրերը հավաքի՞, եթե ամեն ինչ այդքան վատ է, թե Փաշինյանից սպասի ինչ-որ ավելի ծանրակշիռ լուծում, քան «Հավաստի աղբյուրի» բամբասանքն է:
Մհեր Արշակյան
MediaLab.am