Խոսե՛ք, փորձե՛ք կանգնեցնել միջնադարյան խավարամտության այս ալիքը․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ստեղծված այս իրավիճակում անգամ` հայ հասարակության մեջ կան հսկայական խմբեր, որոնք դեռևս չեն հավատում, որ վիրուսը կա, կամ պնդում են, որ այն չափազանցված է: Ապատեղեկատվության և տգիտության վերջին վտանգավոր դրսևորումն այն հավատալիքն է թե իբր դիմակները վնասում են կրողին և ամենատարբեր հիվանդություններ առաջացնում:

Իսկ դա նշանակում է, որ այդպիսի թեզերի հավատացող կամ տարածող մարդիկ վտանգում են ոչ միայն իրենց կյանքը, այլև սեփական մոտեցման արդյունքում դրսևորում են վարքագիծ, որ վտանգում է այլոց և ընդհանրապես հասարակական անվտանգությունն ու առողջությունը:

Այսպիսով հանրայնորեն հայտնվող նման կարծիքները ոչ թե խոսքի ազատության բաղադրիչ են, այլ` ազգային անվտանգության սպառնալիք և տգիտության ու հիմարության զանգվածային քարոզ:

Նորմալ հասարակություններում այդպիսի խայտառակ մակարդակի դրսևորումներ` այդպիսի ծավալներով չկան: Իսկ պետական հարթակները իրենց բարձրորակ տեղեկատվությամբ և ապատեղեկատվությունը հերքելով կրթական ցենզ են ապահովել իրենց անդամների համար: Հայաստանում պետության այդ ֆունկցիան նույնպես լքվել է կառավարության կողմից:

Պարետատունը, կառավարությունը և կառավարության ղեկավարը որևէ կերպ հետևողական և ծրագրված, բարձրորակ տեղեկատվական արշավ չեն վարում: Արդյունքում հրապարակում մնում են հանրային մի ահռելի խումբ մարդիկ, որոնց մի մասը ինքն է դավադրապաշտական անհեթեթություններ տարածում, կամ մեկ այլ խումբ, որ տեսնելով հասարակական դավադրապաշտական ալիքը` չուզենալով կորցնել լսարան կամ ապահովագրելով իրենց պատասխան հարվածներից` լռում են: Եվ` մի փոքրիկ խումբ, որ խոսում է, պայքարում և չի վախենում քարկոծվելուց:

Առաջին իսկ օրերից սկսած ես ահազանգ եմ հնչեցրել այս խնդրի վերաբերյալ: Ի պատասխան` հնչել են հարյուրավոր հայհոյանքներ, վիրավորանքներ, հիասթափության մասին հայտարարություններ: Դա ինձ չի վախեցրել, չի մտահոգել և չի կասեցրել:

Ճշմարտությունը պետք է ասվի, խավարամտությունը չպետք է հաղթանակի: Եվ այդ պայքարում վճարվելիք գինն ինձ չի վախեցնում:

Կոչ եմ անում հանրային իմ այն գործընկերներին, որոնք կոնֆորմիզմով կամ զգուշավորությամբ լռում են` վերջապես խոսել: Անմեղսունակ կառավարությամբ և երեսուն տարի դեգրադացված ու ապակրթված հասարակությամբ մենք ամեն օր ականատես ենք լինելու ավելի ու ավելի մեծաթիվ մահերի:

Խոսե’ք, փորձե’ք կանգնեցնել միջնադարյան խավարամտության այս ալիքը: Մարդկանց կյանքերն ու հասարակական անվտանգությունը բարձր դասեք սեփական հանրային վարկանիշից: Ձեր լռությամբ դուք դիտորդ եք դառնում տգիտությամբ կատարվող զանգվածային սպանդի, որի դեմ պայքարողների ուժերը ցավոք սահմանափակ են, իսկ ռեսուրսները` ոչ անսպառ»: