«Ընդդիմությունն ունի իշխանափոխության հասնելու հնարավորություն, բայց կասկածում եմ՝ կօգտագործի՞ դա». քաղտեխնոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, կիրակի հանրապետության տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, և, մասնավորապես, կարևոր քաղաքներում՝ Գորիսում, Մեղրիում և Գյումրիում, իշխանությունը պարտվել է: Ունե՞ք վերլուծություն՝ ինչ պատկեր է ստեղծվել:

– Նախ՝ եկեք վերլուծենք նախընտրական քարոզարշավի շրջանը, երբ իշխանությունները, մարզերում չունենալով ազդեցիկ գործիչներ, սկսեցին «պարտիզանական» մեթոդաբանություն իրականացնել՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտին նշանակում էր իր թիմի ներկայացուցչին, որը վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձում էր հաջողություն ունենալ:

Դա աշխատեց փոքր համայնքներում, բայց խոշորներում այդ մեթոդն արդյունք չտվեց, օրինակ՝ Մեղրիում: Գյումրիում, որտեղ իշխող քաղաքական թիմը մեծ ռեսուրսներ էր դրել, ագիտացիոն մեծ աշխատանք էր կատարում, այնտեղ պարտվեց:

Գյումրու արդյունքները շատ հետաքրքիր են. ավագանու անդամ ընտրված քաղաքական ուժերի ու չընտրված քաղաքական ուժերի ստացած ձայների ընդհանուր թիվը ցույց է տալիս, որ վարչապետն այսուհետև չի կարող Գյումրու անունից խոսել, որովհետև ինքը Գյումրիում պարտվել է:

Գորիսում նույն արդյունքն է, բայց այլ իրավիճակ. այստեղ ընդդիմադիր ուժը անհավասար պայմաններում էր իշխող ուժի հետ, որովհետև ընդդիմադիր «Առուշ Առուշանյան» դաշինքի ղեկավարն անազատության մեջ է: Բացի այդ, այնտեղ ոստիկանական ռեսուրսն էր աշխատում: Ստացվում է՝ «Հայաստան» դաշինքը Գորիսում հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին»:

Ինչ վերաբերում է Մեղրիին, այստեղ նույնպես ոչ իշխանական «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն է հաղթել: Իհարկե, այդ կուսակցությունը սերտ կապեր ունի իշխող քաղաքական ուժի հետ, բայց եթե դիտարկում ենք, դե յուրե նա ընդդիմություն էր և իշխանության հետ կոալիցիա չէր կազմում:

Այո՛, այս երեք քաղաքներում իշխող քաղաքական թիմը պարտվել է ազդեցիկ գործիչներին: Միակ տեղը, որտեղ հաջողության է հասել, Դիլիջան քաղաքն է, բայց այնտեղ էլ ընդդիմությունը ակտիվություն չի ցուցաբերել:

Թե՛ իշխող քաղաքական թիմը, թե՛ ընդդիմադիր հիմնական ու ոչ հիմնական ուժերը մարզերում լուրջ անելիք ունեն՝ հետևություններ անելու, ամուր քաղաքական կառույցներ ստեղծելու և ազդեցիկ քաղաքական գործիչներ աճեցնելու գործում:

– Գյումրիում նաև մասնակցության ցածր մակարդակ է գրանցվել…

– Այս պարագայում պետք է հաշվի առնել երկու սկզբունք. նախ՝ ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ՏԻՄ ընտրությունները այնպես չէ, որ խիստ քաղաքականացված են, ու դրանց մասնակցում է բնակչության կեսից ավելին:

30-40 տոկոս մասնակցությունը նորմալ է ՏԻՄ ընտրությունների համար:

Մյուս սկզբունքը հետևյալն է՝ քիչ են մասնակցում, որովհետև երկրում չեն, արտագաղթել են: Իհարկե, կան մարդիկ, ովքեր սովոր են, որ 10 հազար դրամ տալիս էին, գալիս էին ընտրության, բայց հիմա չեն տալիս, դրա համար էլ ընտրության չեն գնում, կան մարդիկ, ովքեր հավես չունեն կամ անտարբեր են, չեն գնում ընտրության:

– Պարո՛ն Բադալյան, դուք ասացիք, որ Գորիսում հաղթեց «Հայաստան» դաշինքը: Բայց մենք տեսնում ենք, որ անգամ այդ դաշինքի անունը չի օգտագործվել, նույնիսկ քաղաքապետը, որ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր «Հայաստանի» կազմում, Գորիսի ընտրություններում որպես բրենդ օգտագործեց իր անունը: Այսինքն՝ տպավորություն էր, որ առնչություն չկա դրանց միջև, բայց դուք նրանց նույնացնում եք: Ինչպե՞ս հասկանալ:

– Որովհետև Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններում կիրառեց նախընտրական այլ տեխնոլոգիաներ: Նա հանդիսանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, որն այժմ կալանավորված է: Նա չի կարող ուրիշ լինել, թիմի անդամ է: Բայց նախընտրական կամպանիայի համար օգտագործվում են տվյալ պահի համար անհրաժեշտ և կիրառվող տեխնոլոգիաներ: Եթե անազատության մեջ գտնվող անձը դառնում է հաղթանակի սիմվոլ, ապա ինչո՞ւ չօգտագործել այդ անունը և ստանալ ավելի շատ ձայներ:

– Կա տեսակետ, որ Ռոբերտ Քոչարյանը այս ընտրություններում քարոզարշավ չի վարել, դրա համար Առուշանյանի թիմը հաղթել է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ո՛չ, Առուշանյանը հաղթել է, որովհետև մեծ ազդեցություն ունեցող գործիչ է այդ տարածաշրջանում: Երկրորդ նախագահը չէր գնալու այնտեղ քարոզարշավ անցկացներ, միտինգ անցկացներ:

ՏԻՄ ընտրական ռազմավարությունը տարբերվում է համապետական ընտրություններից. եթե համապետական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի մարզեր այցելությունը պարտադիր էր, և դա ձայն էր բերում, ապա ՏԻՄ ընտրություններում ուրիշ օրենքներ են գործում: Համայնքներում մարդիկ նայում են՝ այս մարդը իրենց հերո՞սն է, թե՞ ոչ, իրենց կողքին կանգնո՞ղն է, թե՞ ոչ: Իսկ Առուշ Առուշանյանը նրանց հերոսն էր, դրա համար Ռոբերտ Քոչարյանը Գորիս չգնաց: Այնտեղ այլ օրենքներ են գործում, և Ռոբերտ Քոչարյանը այդ օրենքների մեջ չէր մտնում: Իմաստ չուներ նրա գնալը:

– Կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունները չկեղծեցին ընտրություններ:

– Կարող ենք ասել, որ որոշակի վարչական ռեսուրս կիրառվել է:

– Ի՞նչ եք կարծում, արդյոք այս ընտրությունները հնարավորությո՞ւն են ընդդիմության համար ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու:

– Առաջին հերթին այս ընտրությունները հնարավորություն են ուժեղացնելու, ամրացնելու իրենց մարզային կառույցները:

– Իսկ հնարավորություն կա՞ ընտրությունների միջոցով երկրում իշխանափոխության հասնելու:

– Ամեն ինչի հնարավորություն կա, ուղղակի պետք է ճիշտ օգտագործել: Տեսականորեն ընդդիմությունը կարող է օգտագործել այդ հնարավորությունը և հասնել իշխանափոխության, բայց չգիտեմ՝ կանի՞, թե՞ ոչ: Եթե մասնագիտական հմտություններ ունենան ընդդիմության մեջ, կկարողանան դրան հասնել: Բայց կասկածում եմ, քանի որ 30 տարի շարունակ տեսել եմ, թե ինչպես են Հայաստանի ընդդիմությունները բացառիկ հնարավորությունները փոշիացրել:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am