Ինչպե՞ս վերադարձնել ռազմագերիներին, որոնց Բաքուն համարում է հանցագործներ և չի ուզում հետ տալ. մեկնաբանում է Արա Ղազարյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրենց մոտ գտնվող հայ զինծառայողները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ, որոնք գտնվում են բանտերում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը առնվազն ձգձգվելու է:

– Միջազգային իրավունքի համաձայն՝ գերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն: Անհապաղ չի նշանակում անմիջապես, այլ նշանակում է հնարավորինս շուտ, որը հիմա իրականացվում է: Բայց եթե կան զինվորներ, որոնք պատերազմի հանցագործություն են կատարել, ասենք՝ մարդկության դեմ հանցագործություն կամ ցեղասպանություն, նրանք արդեն քրեական իրավունքով կարող են դատապարտվել տվյալ երկրի օրենքներով:

Այսինքն՝ հումանիտար իրավունքը չի տարածվում նրանց վրա: Ալիևը ակնարկում է դա, որ ռազմագերիներին չի վերադարձնում, որովհետև նրանք պետք է քրեական հետապնդման ենթարկվեն քրեական հանցագործություն կատարելու համար:

Այսինքն՝ հող է նախապատրաստում, որ որոշ գերիների չի վերադարձնելու: Արդեն մեկ դեպք ունենք, երբ մեղադրանք է առաջադրվել առաջին պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության սպանությունների համար: Դա, իհարկե, հերթական լեգենդն է, բայց հող է նախապատրաստում, որ որոշ գերիների կարող է չվերադարձնել:

Բայց այդ դեպքում պետք է բոլոր դատավարական երաշխիքները գործեն՝ Եվրոպական կոնվենցիան, ներպետական քրեական դատավարության գործընթացում դատավարական բոլոր իրավունքները պետք է ապահովվեն: Հրապարակային դատաքննության իրավունք, փաստաբան և այլն, այն, ինչն Ադրբեջանը մյուս քրեական գործերով երբեք չի ապահովել:

– Որո՞նք պետք է լինեն մեր քայլերը այս հարցում:

– Մենք պետք է աշխատենք միջազգային կառույցների հետ՝ ցույց տալու համար, որ սա Ադրբեջանի հերթական լեգենդն է, արդեն պրակտիկա է դարձել, որովհետև Ադրբեջանն առնվազն 10-15 տարի նման գործունեություն է ծավալում:

Առնվազն մեկ գործով արդեն Եվրոպական դատարանը կասկածի տակ է դրել քրեական հետապնդման հիմքերը, նաև սպասվում են առաջիկայում նոր գործերով կրկին հերքվելու են մեղադրանքները:

Ամենավերջինը Կարեն Ղազարյանն էր, որ հայրենադարձվեց: Պետք է նախ անհատականացված, յուրաքանչյուր քրեական գործով հերքել Ադրբեջանի պնդումները և հերքել փաստերով, որովհետև անազատության մեջ գտնվող մարդիկ ինչ ասելու են, դա պետք է կասկածի տակի դրվի, որովհետև նրանք զրկված են լինելու նվազագույն իրավունքներից:

Այդ դեպքում նրանց ասածը չի կարող վստահություն ներշնչել: Ուստի մեր կողմից պետք է փաստերով, ապացույցները համադրելով հերքենք, որ մարդը նման հանցագործություններ չի կատարել:

– Տեսակետ կա, որ Ալիևը նման հայտարարություն անելով փորձում է ձգձգել գերիների վերադարձի գործընթացը:

– Դա արդեն ձգձգում չէ, եթե նա ասում է, որ որոշ մարդիկ կատարել են հանցագործություններ, դա արդեն ոչ թե ձգձգում է, այլ հրաժարում: Ձգձգելը, օրինակ՝ այն է, որ ինչ-ինչ լոգիստիկ հնարավորությունների պատճառով ձգձգվում է, բայց վերջնական նպատակը վերադարձնելն է: Բայց այս հայտարարությամբ ուզում են ասել, որ չեն վերադարձնելու, քրեական հետապնդման են ենթարկելու:

– Եթե մեր տղաներին Ադրբեջանում քրեական հետապնդման ենթարկեն, դա նշանակում է, որ նրանց վերադարձնելու շանսեր չե՞նք ունենալու:

– Շանս միշտ էլ կա: Հիշենք, որ մեկը՝ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, մյուսը՝ էքստրադիցիայի վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի շրջանակներում կարելի է այդ դատապարտված մարդկանց վերադարձնել, ասենք, էքստրադիցիա անել հայրենիք, որ պատիժն այնտեղ կրի:

Այսինքն՝ մեխանիզմներ կան դատապարտվելուց հետո անձին վերադարձնել իր հայրենիք: Այն, ինչ տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի հետ, այն, ինչ պետք է տեղի ունենար Հասանովի և Գուլիևի հետ կապված: Հնարավորություններ միշտ էլ կան, ի վերջո, անձը կարող է արդարացվել:

– Կիսո՞ւմ եք տեսակետը, որ իշխանությունները այստեղ ունեն իրենց մեղքի բաժինը, որ պետք է մինչև տարածքների վերադարձը այս հարցը լուծած լինեին: Այսինքն՝ նախ գերիներին պետք է վերադարձնեին կամ գոնե հստակ մեխանիզմներ պահանջեին այս հարցում, նոր տարածքների վերադարձն իրականացնեին:

– Ես չեմ կարող կիսել նման կարծիքը, որովհետև Ադրբեջանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները, չի համագործակցում Հայաստանի իշխանությունների հետ: ՀՀ իշխանությունները չունեն գործուն մեխանիզմներ կարճ ժամանակահատվածում արդյունքի հասնելու համար:

Երկար ժամանակահատվածում կարող են արդյունքների հասնել, բայց մեկ ամսվա կամ 15 օրվա մեջ կարելի է հասնել արդյունքի, որ Ադրբեջանը, ասենք, նվազագույն իրավունքներն ապահովի, թույլ տա գերիներին կապվել հարազատների հետ:

Եթե այդ ամենը Ադրբեջանը չի կատարում, Հայաստանը չունի գործուն մեխանիզմներ, բայց երկար ժամանակահատվածում, երբ որոշ կառուցակարգեր կսկսեն աշխատել, և առնվազն քաղաքական բալանսը գոնե կվերականգնվի միջնորդների միջոցով, այդ դեպքում կարելի է արդյունքներ ակնկալել:

Մանե Հարությունյան 

MediaLab.am