Ալեն Սիմոնյանը Արցախի ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը դիտորդական առաքելություն իրականացնող ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խմբի ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընտրատեղամասերում կոպիտ խախտումներ չի արձանագրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ Սիմոնյանը նշել է, որ 6 հոգանոց դիտորդական խումբը հասցրել է լինել Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ընտրական տեղամասերում։

«Պետք է նշեմ, որ տեղամասերում կոպիտ խախտումներ չեն արձանագրվել: Ընդհանուր առմամբ, որևիցե արտառոց դեպք ևս չի գրանցվել: Ամեն անգամ մենք ակնկալում ենք ցածր ակտիվություն, սակայն ընտրատեղամասերում նկատելի է ընտրողների բարձր ակտիվություն»,- ասել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու է Հանրապետության նախագահ, իրենք պատրաստ են համագործակցության:

«Անձերի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել, քանի որ մենք ունենք մեկ համընդհանուր նպատակ: Բնականաբար, նոր ակնկալիքներով լցված, պատրաստ ենք աշխատելու Արցախի նոր իշխանությունների հետ»,- նշել է ԱԺ փոխնախագահը: