Հերթական ադրբեջանական սկանդալը. Ալիևի դուստրերը փորձել են գնել 76 միլիոն դոլար արժողությամբ տուն Լոնդոնում

Հերթական ադրբեջանական սկանդալը. Ալիևի դուստրերը փորձել են գնել 76 միլիոն դոլար արժողությամբ տուն Լոնդոնում
Հերթական ադրբեջանական սկանդալը. Ալիևի դուստրերը փորձել են գնել 76 միլիոն դոլար արժողությամբ տուն Լոնդոնում
Հեղինակ MediaLab

Բրիտանական «Գարդիան» թերթը 2018 թ. դեկտեմբերի 21-ի իր համարում բացահայտել է նորագույն ֆինանսական սկանդալը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերի վերաբերյալ:

Լեյլա և Արզու Ալիևաները ձգտել են ձեռք բերել 76 միլիոն դոլար արժողությամբ երկու շքեղ բնակարան Լոնդոնում՝ օգտագործելով գաղտնի օֆշորային մի ընկերություն: Արժեքը ներառում էր 4 միլիոն դոլար՝ գույքը մեկ բնակարանի ձևափոխելու համար: Բնակարանները գտնվում են Բուքինգհեմյան պալատի այգու մոտ, հայտնում է «Գարդիան»-ի թղթակից Լյուկ Հարդինգը:

2016 թ. իր նախկին հոդվածում «Գարդիանը» հաղորդել էր, որ Ալիևի դուստրերը ստեղծել էին գաղտնի օֆշորային ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ իրենց բազմամիլիոնանոց կալվածքների կառավարման համար:

Երկու դուստրերը Exaltation Limited-ի բաժնետերերն են, որը գրանցվել է 2015-ին՝ «Մեծ Բրիտանիայի սեփականությունը պահպանելու» նպատակով: Օֆշորային ընկերությունը հիմնադրվել է Լոնդոնի Child & Child իրավաբանական ընկերության կողմից, որը կեղծորեն պնդել է, թե ալիևյան կանայք «քաղաքական կապեր չունեն»: Այս տեղեկությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ Պանամայի փաստաթղթերը՝ օֆշորային Mossack Fonseca-ի իրավաբանական ընկերության գաղտնի տվյալները տարածվել են միջազգային լրատվամիջոցներով:

«Գարդիան»-ի տվյալներով՝ Ալիևի դուստրերը «դիզել են հսկայական անձնական գործարար կայսրություններ: Նրանք շքեղ բնակարաններ ունեն ԱՄԷ-ում, ինչպես նաև շահադրույքներ ունեն հեռահաղորդակցության ոլորտում և ոսկու հանքերից: Արդեն հայտնի էր, որ Լեյլա Ալիևան ձեռք էր բերել 22 մլն դոլար արժողությամբ առանձնատուն հյուսիսային Լոնդոնում, Hampstead Lane-ում»: Բացի այդ, Ալիևների ընտանիքը 140 մլն դոլար արժողությամբ շքեղ բնակարաններ ունի ամբողջ աշխարհում և դրանք միայն հայտնի սեփականություններն են՝ ըստ Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետաքննության ծրագրի: Ալիևները ունեն նաև 8 մլն դոլար արժողությամբ բնակարան, որը նայում է Լոնդոնի «Հայդ պարկի» հռետորների անկյունին, 44 մլն դոլար արժողությամբ ինը առափնյա առանձնատուն Դուբայում, ամառանոց Մոսկվայի մոտ, նվազագույնը 37 մլն դոլար արժողությամբ, և 1.1 մլն դոլար արժողությամբ վիլլա՝ Չեխիայի Կառլովի Վարի առողջարանային քաղաքի յուրահատուկ շրջանում:

Բրիտանական կանոնների համաձայն՝ Ալիեւի դուստրերը դասակարգվում են որպես  «քաղաքականապես հանրահայտ անձինք» (PEP)՝ նրանց ենթարկելով ավելի մեծ ուշադրության և արժանահավատության ստուգումների բանկերի կողմից: «Գարդիանը» հաղորդել է, որ Child & Child ընկերությունը Բրիտանիայի կառավարությանը չի հայտնել այս երկու կանանց բարձր կարգավիճակի մասին: Պաշտոնական ձևաթերթում, որտեղ հարցնում են, թե արդյոք նրանք  PEP-եր են, իրավաբանական ընկերությունը գրել է «ոչ»՝ «այո»-ի փոխարեն:

Մեկ այլ բրիտանացի փաստաբան Դերիք Ֆրենչը «հիմնել է երկրորդ գաղտնի պանամական հիմնադրամը՝ UF Universe Foundation անվանմամբ, «որը վերահսկում էր Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Ata Holding-ի բաժնետոմսերի մեծ մասը, հաղորդում է «Գարդիանը»: 2003 թ. հիմնադրված Ata Holding-ը պատկանում է Ադրբեջանի հարկային նախարար Ֆազիլ Մամեդովին՝ 600 միլիոն դոլար արժողությամբ ընկերության գաղտնի վերահսկիչ փաթեթով: Ata Holding-ին, Ալիևի երեք երեխաների հետ միասին, պատկանում են «երկու խոշոր բանկեր, շինարարական ընկերություններ և Բաքվի հինգաստղանի Excelsior հյուրանոցը»:

2005 թ. UF Universe Foundation-ի կառավարումն անցավ ուրիշի ձեռքը: Նախագահ Ալիևի երեք երեխաները՝ Լեյլան, Արզուն և նրանց եղբայրը՝ Հեյդարը, որն այն ժամանակ յոթ տարեկան էր, հիմնադրամում ունեին 50 տոկոս շահաբաժին: Նրանց մայրը՝ Մեհրիբանը, «հովանավորի» անանուն դերով վերահսկում էր հիմնադրամը: Մյուս «հովանավորը» Մամեդովն էր՝ իր 30 տոկոս բաժնեմասով: Ata-ի նախագահ Ահմեդ Էրենթոքը ստանում էր ընդամենը 15 տոկոս: 2007 թ. UF Universe Foundation-ը փակվեց, սակայն Լեյլա և Արզու Ալիևաները թվարկված էին որպես Ata-ի հիմնական սեփականատերեր՝ մեկ այլ պանամական ընկերության Hughson Management ձեռնարկության միջոցով: Նախագահ Ալիևի մտերիմ Ջավադ Մարանդին Ալիևա քույրերին ներկայացրել էր Child & Child իրավաբանական ընկերությանը, հայտնում է բրիտանական դատարանը: Child & Child-ի ավագ գործընկեր փաստաբան Խալիդ Շարիֆն այնուհետև երկու քույրերի անունից ստեղծել է  Exaltation Limited-ը՝ Բրիտանական Վիրջինյան կղզիների ընկերությունը:

Նախագահ Ալիևի դուստրերի կողմից Լոնդոնում 76 միլիոն դոլար արժողությամբ բնակարանի ձեռքբերման գործով բրիտանական կարգապահական դատարանը Շարիֆին տուգանել է 57 հազար դոլար և 51 հազար դոլար որպես ծախս՝ փողերի լվացման ստուգումներ չիրականացնելու և իր մասնագիտական չափանիշները չպահելու համար: 

Պայմանագիրը կնքելուց հետո, Ալիևա քույրերը սկսել են վճարել երկու լոնդոնյան բնակարանների գնման գնի վճարումները՝ փոխանցելով 13 միլիոն դոլար: Սակայն, «2016 թ. գործարքը ձախողվեց, երբ բացահայտվեց նրանց սեփականությունը»:

Զարմանալի չէ, որ «Գարդիան» թերթը բացահայտել է, որ «Միացյալ Նահանգների գաղտնազերծված դիվանագիտական հեռագրերում ենթադրվում է, որ Ադրբեջանի ամենահարուստ մարդը նախագահ Ալիևն է…»:

Հարութ Սասունյան       
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր