Կարանտինի մեղմացում. Ավստրիայում թույլատրվում է որոշ խանութների բացումը. Deutsche welle

Ավստրիան սկսել է մեղմացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված սահմանափակումները:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ փոքր խանութները, մասնագիտացված առևտրի կետերը, որտեղ վաճառվում են շինարարական և պարտեզի խնամքի պարագաներ, ապրիլի 14-ից վերսկսում են իրենց աշխատանքը: «Մենք ցանկանում ենք տնտեսական առումով հնարավորինս շուտ հաղթահարել ճգնաժամը»,-հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ գործում են մի շարք պահանջներ: Մասնավորապես, խանութներում միաժամանակ պետք է գտնվեն սահմանափակ թվով մարդիկ, այցելուները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն:

Մնացած բոլոր խանութները, առևտրի կենտրոնները, վարսավիրանոցները կբացվեն մայիսի 1-ին, ռեստորանները, հյուրանոցներն իրենց աշխատանքը կվերսկսեն մայիսի կեսից: Դպրոցները կմնան փակ և կշարունակեն հեռավար ուսուցումը մինչև մայիսի կեսերը:  

Ավստրիան Եվրամիության միակ երկիրը չէ, որն անցում է կատարել սահմանափակումների մեղմացմանը: Իսպանիայի իշխանությունները թույլ են տվել ապրիլի 13-ից վերսկսել աշխատանքները շինարարական ոլորտում և առանձին արդյունաբերական հատվածներում: Դանիայում ապրիլի 15-ին իրենց դռները կբացեն մանկապարտեզներն ու տարրական դպրոցները: