Թանգարանը ցուցադրում է հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց մեկ դար անց

Թանգարանը ցուցադրում է հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց մեկ դար անց
Թանգարանը ցուցադրում է հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց մեկ դար անց

Անցյալ շաբաթ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երևանյան միջոցառումներից վերադառնալու ճանապարհին, այցելեցի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ մշակույթի նմուշների աննախադեպ ցուցահանդեսի բացման արարողությանը, որոնք ռուս ազգագրագետները Ցեղասպանության ժամանակ փրկել էին Արևմտյան Հայաստանից:

Ահա այդ բացառիկ ցուցահանդեսի անհավատալի նախապատմությունը. 1916 թվականին ռուսական ռազմական արշավների ժամանակ, երբ Արևմտյան Հայաստանը ժամանակավորապես ազատագրվեց Օսմանյան կայսրությունից, Սանկտ Պետերբուրգի Ազգագրության ռուսական թանգարանը թույլտվություն խնդրեց Նիկոլայ երկրորդ ցարից Վանի շրջան գիտական արշավախումբ ուղարկելու համար, որպեսզի հավաքեն հայ մշակույթի գործերը՝ փրկելով վերահաս կորստից: Ցարը անհապաղ տվեց իր համաձայնությունը՝ մակագրելով իր ձեռագրով. «Հաստատել: Պետք է շտապել»:

Ազգագրագետների մի փոքր խումբ՝ Ալեքսանդր Միլլերի գլխավորությամբ, 1916-ի հունիսի 10-ին, երկարատև ու վտանգավոր ճանապարհորդությունից հետո, հասավ Վան: Երկու շաբաթվա ընթացքում նրանք տեղի բնակիչներից գնեցին ընդհանուր թվով 513 առարկա՝ 396 հայկական, 110 ասորական, 5 քրդական և 2 թուրքական: Արվեստի գործերի թվում էին հայկական ազգային տարազներ, ոսկերչական զարդեր և գորգեր՝ Վան, Ալուր, Բիթլիս, Մոկս, Մուշ, Շատախ քաղաքներից և շրջակա գյուղերից: Իրենց այցելության ընթացքում գիտնականները 60 լուսանկար էին արել՝ բնապատկերների, պատմական հուշարձանների, կառույցների և որոշ բնակիչների: Այս բոլոր նյութերը տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգ ռուսական զինվորականների պաշտպանության ներքո:

Քրտնաջանորեն հավաքված այս մշակութային արժեքները, զարմանալիորեն, հարյուր տարի մնացել էին ռուսական թանգարանի նկուղում և երբեք չէին ցուցադրվել․․․ Թվում է, թե բոլորը մոռացել էին դրանց գոյության մասին մինչև երկու տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը իմացավ այս արվեստի գործերի մասին և տեղեկացրեց Հայաստանի իշխանություններին, տեղի հայ համայնքի ղեկավարներին և Հայ ոսկերիչների միությանը:

Շնորհիվ Հայ ոսկերիչների հիմնադրամի և Ռուսաստանի ազգագրության թանգարանի համատեղ վիթխարի ջանքերի՝ այդ ցուցանմուշները, որոնք մեկ դար շարունակ պահվում էին թանգարանի պահոցներում, անցյալ շաբաթ վերջապես ցուցադրվեցին Սանկտ Պետերբուրգում: Հայ ոսկերիչների հիմնադրամը և ռուսական թանգարանը լույս ընծայեցին «Արևմտյան Հայաստանի մշակութային գանձերը» խորագրով տպավորիչ պատկերագիրք, որը ներկայացնում է 1916 թվականին Վանի շրջանից հավաքված արվեստի գործերը՝ մինչև Վանի վերագրավումն ու ցեղասպանական ոչնչացումը օսմանյան թուրքական զորքերի կողմից:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 27-ին Ռուսաստանի ազգագրության թանգարանում: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Օլգա Կազանսկայան, Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, Հայ ոսկերիչների հիմնադրամի նախագահ Պիեռ Աքելյանը, Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գևորգյանը և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

Զարմանալի չէր, որ երբ հայտնի դարձավ, որ Ազգագրության ռուսական թանգարանում գտնվում են արվեստի արժեքավոր գործեր Վանի շրջանից, Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի հյուպատոսը կապվեց թանգարանի հետ՝ պնդելով, որ այդ իրերը Թուրքիայի Հանրապետության սեփականությունն են, և պահանջեց վերադարձնել դրանք: Թանգարանի տնօրինությունը մերժեց թուրքական դիմումը, քանի որ այդ առարկաները գնվել էին դրանց տերերից 1916 թվականին:

Որքան էլ տարօրինակ է, թուրք դիվանագետները հանդգնում են պահանջել հայ արվեստի գործերը՝ դրանց տերերին սպանելուց, նրանց տներն այրելուց և ունեցվածքը թալանելուց հետո… Մնում է միայն հուսալ, որ Թուրքիայի կառավարությունը անմիտ գտնվելով առաջ կգնա և հայց կներկայացնի ռուսական թանգարանի դեմ՝ փորձելով պահանջել այս ցուցանմուշները: Նման դատը հավելյալ կհրապարակայնացնի թուրքական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության, հայկական մշակութային օջախների թալանի և հայերի նախնիների հայրենիքը բռնազավթելու համար..․

Հարյուր տարի անց մեկ այլ արշավախումբ պետք է ուղարկել թուրքական թանգարաններ և գրադարաններ՝ Ցեղասպանության ժամանակ թալանված հայ մշակույթի գործերը, ձեռագրերը և այլ թանկարժեք իրեր հայտնաբերելու և վերականգնելու համար: Հայցեր պետք է ներկայացվեն թուրքական բոլոր կառույցների դեմ, որտեղ պահվում են նման հայկական արժեքներ: Եթե տեղական թուրքական դատարանները մերժեն պահանջը, ապա հայերը պետք է դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայկական մշակութային ժառանգության այս վաղակորույս և թանկագին բեկորները վերականգնելու համար: Նման իրավական ջանքերը փոխհատուցում պահանջելու ևս մեկ միջոց կհանդիսանան մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանում հայ ժողովրդի կրած վիթխարի կորուստների համար…

Պետք է Ռուսաստանի թանգարանի ուշագրավ ցուցահանդեսի շրջագայությունը կազմակերպել աշխարհի բոլոր հայկական համայնքներում. Աթենք, Բեյրութ, Բեռլին, Բոստոն, Բուենոս Այրես, Լոնդոն, Լոս Անջելես, Մոնրեալ, Մոսկվա, Նյու Յորք, Փարիզ, Թեհրան, Տորոնտո, Սան Ֆրանցիսկո, Սան Պաուլո, Սիդնեյ, ինչպես նաև Երևան ու բազմաթիվ այլ քաղաքներ: Աշխարհը թող տեսնի այս փոքր հավաքածուն, որը մաս է կազմում հսկայական մշակութային արժեքավոր ժառանգության, որ հայ ժողովուրդը կորցրեց Հայոց ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն մարդկային զոհերի հետ միասին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com