Լեւոն Զուրաբյանի ներածական հայտարարությունը 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ասուլիսին

Լեւոն Զուրաբյանի ներածական հայտարարությունը 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ասուլիսին
Լեւոն Զուրաբյանի ներածական հայտարարությունը 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ասուլիսին

Հայաստանում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ: Նկատի ունեմ վերջին պաշտոնանկությունները եւ Սերժ Սարգսյանի խոստովանությունը, որ երկրի “առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան” եւ որ “կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց”:
Հատկանշական է, որ երկրի գործող ղեկավարի գնահատականներում այս աննախադեպ “պայծառացումը” տեղի է ունեցել նրա պաշտոնավարության երրորդ տարվա վերջում:
Սերժ Սարգսյանը որեւէ բացատրություն չի տալիս, թե ինչու, հակառակ իր հենց բերած օրինակի, Հայաստանում իր պաշտոնավարության օրոք, “մեր աչքի առաջ” տեղի ունեցավ լրիվ հակառակը. պետական կառավարման անխտիր բոլոր բնագավառների կրիմինալիզացիա, տնտեսության մենաշնորհացման խորացում, քրեապետական բարքերի հաստատում, պետական քաղաքական եւ տնտեսական համակարգի ենթարկում մի քանի մականունավոր քրեապետերի ապօրինի հարստացման նպատակներին:

Հարց է ծագում. ինչ է պատահել, որ Հայաստանում ստեղծված արատավոր կլանային-օլիգարխիկ այս ավազակապետական համակարգի գլխավոր ստեղծողներից մեկը եւ նրա գլխավոր հրամանատարը, որը անխնա ծառայեցրել է այդ համակարգը ժողովրդի ունեզրկման եւ սեփական հարստացման նպատակին, այսօր սկսել է այդ համակարգի քննադատությունը եւ առերեւույթ քայլեր է անում քրեապետությանն իբր  “մարդկային դեմք” հաղորդելու ուղղությամբ:

Այս ամենը ունի շատ պարզ բացատրություններ:

  1. Ռեժիմը ի դեմս Սերժ Սարգսյանի ըստ էության խոստովանում է, որ ի վիճակի չի պահպանել վարչախմբի շահերը սպասարկող այս արատավոր համակարգը, քանի որ արտաքին եւ ներքին քաղաքական իր բոլոր նախաձեռնությունների տապալման արդյունքում այլեւս սպառվել են ներկա վիճակում ռեժիմի կյանքի երկարաձգման համար անհրաժեշտ ռեսուրսները:
  2. Ճարահատյալ այս արձանագրումը պարտադրված է վարչախմբի կողմից ճգնաժամի խորության եւ սեփական իշխանության փլուզման անխուսափելիության գիտակցումով, եւ ոչ թե ռեժիմի պարագլուխների սկզբունքներով եւ համոզմունքներով: Այլապես, Սերժ Սարգսյանի վարչախումբը համարյա երեք տարի չեր վատնի համակարգի պահպանման սին հույսով, եւ հենց սկզբից կիրագործեր այն ռեֆորմները, որոնց մասին ակնարկել է իր ելույթում:
  3. Պաշտոնանկությունները եւ նոր նշանակումները ընդամենը հուսահատ քայլեր են իշխանության նկատմամբ ժողովրդի եւ հասարակության վերաբերմունքը մեղմելու ուղղությամբ: Սակայն դրանք ի վիճակի չեն  որեւէ տեւական արդյունք տալ, քանի որ հիմնված չեն արմատական համակարգային վերափոխման վրա: Համակարգային փոփոխություններ կատարելու եւ տարբեր արտոնյալ խմբավորումների դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է այնպիսի իշխանության ձեւավորում, որն ունի վստահության ահռելի պաշար եւ համաժողովրդական աջակցություն: Իսկ այպիսին կարող է լինել միայն ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը:
  4. Ժողովրդավարացման եւ եւ երկխոսության մասին խոսքերն ողղակի կեղծիք են: Հակառակ դեպքում պետք է իրականացվեին  այդ ուղղությամ անհրաժեշտ քայլերը` քաղբանտարկյալների ազատ արձակումը, մարտի 1-ի սպանությունների բացահայտումը եւ Ա1+-ի բացումը: Առանց նման քայլերի այդ խոսքերը կոպեկի արժեք չունեն:
  5. Այնուամենայնիվ, զարգացումները օբյեկտիվորեն դրական են, քանի որ ինչպես ցույց է տալիս ամբողջատիրական կան ավտորիտար բոլոր ռեժիմների պատմական փորձը, դրանց կազմալուծումը եւ ժողովրդավարական շարժումների հաղթանակները սկսում են հենց այն պահից, երբ ռեսուրսասպառ ռեժիմները ստիպողաբար փորձում են ռեֆորմներ իրականացնել: Նման ռեժիմների անցկացրած ռեֆորմները միշտ մնում են կիսաքայլեր, որոնք ի վիճակի չեն բավարարել ժողովրդի սպասելիքները, սակայն առաջացնում են ներիշխանական այնպիսի լարվածություններ եւ բարոյալքում, որոնք իվերջո պսակվում է ազատության համար պայքարող ժողովրդի հաղթանակով: