«Ադրբեջանում մեծ արշավ է տարվում Իրանի դեմ». Արմեն Վարդանյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

 – Պարո՛ն Վարդանյան, Իրան-Ադրբեջան հարաբերություններն այս օրերին ի՞նչ փուլում են, ու ինչո՞վ եք բացատրում, որ Ադրբեջանում Իրանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն, երեկ էլ Իրանում Ադրբեջանի դեսպանն էր կանչվել նախարարություն։

– Կողմերի միջև հարաբերությունների խնդիրն ավելի խորքային է, ու այս 30 տարիների ընթացքում նրանց հարաբերությունները մշտապես վայրիվերումներով են ընթացել։ Հիմա հերթական սրման փուլն է սկսվել, ինչը սկսվեց այն բանից հետո, երբ իրանական կողմը հստակ հայտարարեց, որ չի հանդուրժելու «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

Սրանից հետո ադրբեջանական մամուլը, այդ թվում՝ իշխանական ԶԼՄ-ները, սկսեցին մեծ արշավ տանել Իրանի դեմ, որն ակնհայտորեն ուղղորդվում է իշխանությունների կողմից։ Վերջին ամսվա ընթացքում էլ, երբ Իրանում բողոքի ակցիաներ են, ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են դրան ազգային երանգ հաղորդել, երբ զոհեր են լինում։

Հյուսիսային մասերում՝ Ատրպատականում, որտեղ էթնիկ թյուրքախոս ատրպատականցիներ են, իրենք ներկայացնում են, թե սպանվել է ադրբեջանցի այսինչը։ Ադրբեջանական «Հաքին.ազ»-ը երեկ նույնիսկ այսպիսի գլխագիր էր գրել՝ «Իրանի իշխանությունը պայքարում է ադրբեջանցի ժողովրդի դեմ»։ Բացի սրանից, ադրբեջանական լրատվամիջոցներում Ատրպատականը ներկայացվում է որպես Հարավային Ադրբեջան, բնականաբար դա Իրանի աչքից չի վրիպել, ինչի համար էլ երեկ Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվեց արտգործնախարարություն, ու բողոքի նոտա հղեցին։ Դրանից հետո էլ հակառակը՝ Ադրբեջանում Իրանի դեսպանին կանչեցին արտգործնախարարություն և բողոք ներկայացրեցին։

– Այսինքն՝ Ադրբեջանը նաև Իրանի՞ց ունի տարածքային պահանջներ։

– Այո՛, ոչ ուղղակիորեն, բայց ունի։ Այսօր էլ Սամարղանդում Ալիևն իր ելույթում նշեց, որ 40 միլիոն ադրբեջանցիներ գտնվում են երկրի սահմաններից դուրս, ու նրանց իրավունքներն ամենօրյա ռեժիմով ոտնահարվում են, որ նրանք զրկված են բոլոր իրավունքներից, բնականաբար, խոսքն ատրպատականցիների մասին էր, որոնք թյուրքախոս են, բայց դժվար է նրանց ադրբեջանցի անվանել։

– Իսկ Իրան-Ադրբեջան հարաբերությունների այս լարվածությունն ի՞նչ զարգացում է ունենալու։

– Հետևելով նրանց հարաբերությունների պատմությանը՝ կարծում եմ, որ հարաբերությունները կբարելավվեն, որովհետև այս 30 տարում անընդհատ դրանք սրվում են, հետո կարգավորվում։ Ինչ-որ մի փուլում հարաբերությունների լարվածությունը կթուլանա։

– Պարո՛ն Վարդանյան, Ադրբեջանը նման քայլերի է դիմում, որ Իրանը տարածաշրջանային զարգացումների հետ կապված իր դիրքորոշումները փոխի՞։

– Գուցե նաև դա է պատճառը, որովհետև Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունները սրվեցին այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը Թեհրանում Պուտինին ու Էրդողանին ասաց, որ Իրան-Հայաստան սահմանը հին քաղաքակրթական սահման է ու չի փոխվելու, հետո նման հայտարարություններ հնչեցին արդեն Իրանից ամենատարբեր մակարդակներով։

– Վաշինգտոնն իր պաշտպանությունն է խոստանում Ադրբեջանին, եթե Իրանը փորձի ճնշել Ադրբեջանին։ Կարծում եք, որ բանը կհասնի՞ դրան։

– Չեմ կարծում, թե բանը կհասնի ռազմական բախման, որ Վաշինգտոնն էլ Ադրբեջանին պաշտպանի, բացի դրանից՝ Ադրբեջանն իր թիկունքին ունի Թուրքիայի հովանավորությունը ու ԱՄՆ-ի պաշտպանության հույսին չի մնացել։ Բայց անկախ ամեն ինչից, գիտենք, որ Իրանը ԱՄՆ-ի ոխերիմ թշնամին է ու հակառակը, հետևաբար այս դիրքորոշումը միանշանակ սպասելի էր։

– Պարո՛ն Վարդանյան, հնդկական մամուլը տեղեկացնում է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործունեությունը շարունակվում է, որ նոր պայմանագիր է կնքվել, բայց ոմանք նշում են, որ սա իրականությանը չհամապատասխանող լուր է։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունը, ու նորմա՞լ է, որ հայկական կողմն այս մասին լռում է։

– Նորմալ է, որ ռազմական գործարքների մասին հայկական կողմը չի թմբկահարում, բայց նյութի սկզբնաղբյուրը հնդկական լրատվամիջոց է, ու արդեն տևական ժամանակ է, որ խոսվում է այդ մասին։ Չմոռանանք, որ վերջերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր Հնդկաստանում, ու ես կարծում եմ, որ, այո՛, առանց կրակի ծուխ չի լինում, ու հնդկական մամուլում արված հրապարակումները հավաստի են։ Այս համագործակցությունն իհարկե դրական է Հայաստանի համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am