«Անընդունելի եմ համարում». Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի աղջիկներին հարցաքննելու մասին. Տեսանյութ

«Անընդունելի եմ համարում». Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի աղջիկներին հարցաքննելու մասին. Տեսանյութ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ հրավիրելու հանգամանքը: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, թե ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ՝ 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց, ասենք, իմ համար, ես՝ որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով՝ 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,- ասաց նա:

Ծառուկյանի խոսքով՝ այս քայլերով ուժային կառույցներն «անհարմար» վիճակի մեջ են դնում երկրի վարչապետին. «Ուզում են ինչ-որ բան ցույց տալ, բայց չեն համապատասխանում իրենց պաշտոններին»: Անդրադառնալով հարցին, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության քվեարկությանը, Ծառուկյանն ասաց՝ չեն մասնակցել, քանի որ իրավական հիմք դրանում չեն տեսել:

«Տեսաք, գնաց Սահմանադրական դատարան և այնտեղից մերժեցին, դրա համար մարդկանց պետք է վատ վիճակի մեջ չդնեն, մարդիկ պետք է իրենց պաշտոնին տիրապետեն, հասկանան, իրենց թիմակիցներին անհարմար վիճակի մեջ չդնեն»,-ասաց նա: Լրագրողի հարցին, թե անձամբ Ծառուկյանը Հրայր Թովմասյանին լեգիտիմ նախագահ համարում է, նա ասաց. «Ինչի՞ համար լեգիտիմ չէ, էդ ո՞վ է ասում, թող հիմնավորումը բերեն, որ լեգիտիմ չէ, մենք էլ ասենք՝ լեգիտիմ չէ: Բայց էսօր ո՞վ է էդ հարցը բերել, դրել, ներկայացրել: Մենք ասում ենք՝ պատրաստ ենք քննարկենք, տեսնենք՝ լեգիտիմ չի, մենք նույնպես կողմ կլինենք»:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: