Քռասնին ջրի լուրջ խնդիր ունի. համայնքի ղեկավար

Պատերազմից հետո Քռասնի գյուղի բոլոր բնակիչները վերադարձել են գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ բնակիչները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով:

«Մինչ պատերազմը գյուղն ուներ 240 բնակիչ, պատերազմից հետո այդ թիվը դարձել է 306. դպրոցը վերաբացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից. այստեղ սովորում է 41 աշակերտ: Մանկապարտեզ չունենք: Սպասում ենք, որ պետությունը աջակցի այդ հարցում:

Համայնքապետարանի շենը գտնվում է բարվոք վիճակում.երկու տարի առաջ է վերանորոգվել: Ունենք ակումբ, հանդիսությունների սրահ, որոնք գործում են համայնքապետարանի շենքում: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի շատ լուրջ խնդիր. ոչ խմելու ջուր ունենք, ոչ էլ՝ ոռոգման:Գյուղամիջյան ճանապարհներից 500 մ սալապատվել է, մնացած մասը գտնվում է անմխիթար վիճակում»,- տեղեկացրել է համայնքապետը:

Բնութագրությունը հասանալի չէ

Պատերազմական գործողություններից հետո գյուղում տասներկու ընտանիք է վերաբնակեցվել: Նրանցից հինգի համար այս պահի դրությամբ տներ են վերանորոգվում։ Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Կ. Գրիգորյանը նշել է, որ այսօր ջրի խնդրի պատճառով գյուղացիները դադարել են զբաղվել անասնապահությամբ, քանի որ անասուններին հնարավոր չէ պահել առանց ջրի:

Այդ խնդրի պատճառով տուժել է նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը. գյուղացին այլևս չի կարողանում մշակել իր այգին, նրա ապրուստի միակ միջոցն այսօր պետության կողմից տրվող վարձավճարներն են: