«Ֆիթչ»-ը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը

 «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) ՝ «BB-» – ից դարձնելով «B +»՝ կայուն հեռանկարով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ վարկանիշային կազմակերպության կայքից:

«Ֆիթչ»-ն այժմ ակնկալում է, որ պետական պարտքը կլինի շատ ավելի բարձր մակարդակի վրա: Վարկանիշային կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը ևս բացասաբար է ազդում տնտեսության վրա:  

«Ֆիթչ» – ը կանխատեսում է, որ այս տարի Հայաստանի տնտեսության անկումը կլինի  6.2 տոկոս : Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով: Վարկանիշային կազմակերպությունը կանխատեսում է, որ այս տարի բյուջեի պակասուրդը՝ ավելի շատ ծախսերով պայմանավորված, կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի 7.6 տոկոսին՝ նախորդ տարվա 0.8 տոկոսի համեմատ:

Կազմակերպությունից նշել են նաև, որ Լեռնային Ղարաբաղում վերջին լայնամասշտաբ ռազմական գործողություններն ավելի ինտենսիվ են, քան 2016-ի վերջին խոշոր առճակատումը: Իսկ Թուրքիայից Ադրբեջանին տրվող  աջակցությունը մեծացնում է անորոշությունը և ռիսկը, որ հակամարտությունն այս անգամ ավելի շատ կձգձգվի:

Հայաստանի վարկանիշների վերաբերյալ հերթական ամփոփումը պետք է հրապարակեր հոկտեմբերի 2-ին, սակայն ինչպես նշում են կազմակերպությունից՝ ստիպված են եղել հետաձգել մինչև հոկտեմբերի 5-ը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունները հաշվի առնելու հետ կապված: