Արցախի ԱԺ աշխատանքների մեկնարկը տրված է. առաջիկա օրերին կհայտարարվի և՛ նիստի օրակարգի, և՛ օրվա մասին. Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, Արցախի խորհրդարանի գործունեությունից ի՞նչ նորություններ կան, առաջիկայում պատրաստվո՞ւմ եք նիստ գումարել, թե՞ ոչ:

– Այս ընթացքում, բնականաբար, անսովոր պայմաններում հավաքվելը, գործունեություն ծավալելը ժամանակ է պահանջում, ու կարծես թե մեզ հաջողվեց այս ընթացքում մի քանի հանդիպում ունենալ խորհրդարանի ողջ կազմով, որտեղ քննարկեցինք խնդիրները, ի՞նչ ու ինչպե՞ս անելը: Այն, որ Ազգային ժողովի նիստ տեղի է ունենալու, դրանում ոչ մի կասկած չկա, ու որևէ մեկը դեմ չէ դրան:

Բնականաբար, ընթացակարգ, կազմակերպչական խնդիրներ՝ դրանք ժամանակատար էին, ու հիմա, ըստ կանոնակարգի պահանջների, Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը տրված է, և խմբակցությունների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահներն արդեն աշխատանքային խորհրդակցություններ անցկացրել են, քննարկել օրակարգը: Տեղի է ունեցել նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որում քննարկվել է օրակարգային հարցը, որը պետք է մտնի խորհրդարան: Առաջիկա օրերին արդեն կհայտարարվի և՛ նիստի օրակարգի, և՛ օրվա մասին: 

– Օրակարգի մասին հիմա չե՞ք բարձրաձայնելու:

– Դե, նախ տեղի կունենա նոր պատգամավորների երդմնակալության արարողությունը, իսկ բուն օրակարգային հարցի մասին հիմա տեղին չեմ համարում խոսել: 

– Իսկ վայրի մասին կասե՞ք:

– Տեղի հետ կապված խնդիր չի կարող լինել, մենք ունենք Արցախի ներկայացուցչությունը Հայաստանում, որտեղ էլ և՛ մեր հանդիպումներն են տեղի ունենում, և՛ մեր գործունեությունն ենք ծավալում: 

– Վստահ եմ՝ տեղյակ եք, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները Արցախի կառույցների գործունեությունն այստեղ նպատակահարմար չեն համարում, ավելին՝ դիտարկում են ինչ-որ առումով նաև սպառնալիք Հայաստանի համար: Հայաստանի նախագահն էլ ասել է «Արցախի կառույցներն այստեղ գործում են, ի՞նչ անեն»: Կպատասխանե՞ք այս հարցին, տիկի՛ն Հակոբյան:

– Առաջին անգամ չէ, որ նրանք նման պահվածք են դրսևորում ու նման խոսույթ ունեն, բազմիցս արձագանքել ենք դրանց, ևս մեկ անգամ կասեմ: Այն թեզերը, թե Արցախը տանք, հանգիստ ապրենք, 120 հազար հայերի զոհենք, որ երեք միլիոնին փրկենք, կեղծ էին, որոնք արագ հօդս ցնդեցին: Ընդհակառակը՝ Արցախը տալով՝ Հայաստանն ավելի թուլացավ, դարձավ անպաշտպան, իսկ այն թեզը, որ մենք էինք շրջանառում, ժամանակը ցույց տվեց, որ ավելի իրական ու ճշմարիտ էր, որ առանց Արցախի չկա Հայաստան, ու առանց Հայաստանի չկա Արցախ, որովհետև բավական էր, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանային, ու մենք ունեցանք օկուպացված Արցախ: 

Հիմա ևս նրանք կեղծ սցենարներով են առաջ շարժվում, որպեսզի ընդհանրապես կարողանան փակել Արցախի հարցը, որ կարողանան իրականացնել թշնամու հետ ունեցած համատեղ ծրագիրը: Նրանց հակառակ պետք է գործեն հայանպաստ գործունեություն ծավալողները, մասնավորապես, Արցախի խորհրդարանն ու կառավարությունը, որպեսզի կարողանանք բաց պահել Արցախի հարցը: 

Այդ կերպ իրենք ուզում են նաև այնպես անել, որ մենք մեզ մեր հայրենիքում չզգանք, բայց ի հիասթափություն իրենց ասեմ, որ մենք գիտակցում ենք, որ մեր հայրենիքի մյուս հատվածում ենք գտնվում, ու մեզ, թերևս, ավելի շատ են անհանգստացնում անվտանգային խնդիրները, որովհետև մենք շատ ավելի լավ գիտենք անվտանգության ու խաղաղության արժեքը, հետևաբար մեր ցանկացած խոսք, քայլ միտված են միայն մեկ բանի՝ Հայաստանի անվտանգությանն ու հզորացմանը, Արցախի վերադարձին: 

– Արցախի վերադարձ, Արցախ վերադարձ` որքանո՞վ եք իրատեսական համարում, երբ գործող իշխանությունն ասում է, որ Արցախի հարցն իրենց համար փակ է: Եթե չլինի համագործակցություն, միայնակ ինչի՞ կարող է հասնել Արցախի խորհրդարանը կամ Կառավարությունը:

– Նախ ասեմ, որ որևէ իշխանություն հավերժ չէ, նրանք ևս բացառություն չեն, ու ես չեմ կարծում, որ նման քաղաքականություն վարելով նրանք երկար ժամանակ են ձգելու: Գործընթացները, որոնց համար նրանք նշանակված էին, իրենց արդյունքը տալիս են, ու կարծես թե մոտենում են վերջնագծին: 

Մինչև դրան հասնելը մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, պետք է գործենք, բնականաբար, շատ դժվարությունների ենք բախվելու, բայց պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները: Շատ կարևոր է, որ այս համատարած լռության ֆոնին, երբ այլևս չի հնչում «Արցախ» անունը, մենք այդ ձայնը բարձր պահենք ու դրան համապատասխան գործունեություն ծավալենք:

– Արցախահայության խնդիրների լուծման, Հայաստանում նրանց ինտեգրմանը միտված աշխատանքները ՀՀ կառավարությունն ինչպե՞ս է իրականացնում, քաղաքացիները գո՞հ են, որովհետև շփվում եք քաղաքացիների հետ ու ծանոթ եք ներքին իրավիճակին:

– Էլի իմիտացիա է ստեղծվում, թե իբր խնդիրները լուծված են կամ լուծվում են, բավական է մտնել սոցիալական ցանցեր, ու այնտեղ կտեսնեք իրականությունը: Մարդիկ ծայրահեղ ծանր իրավիճակում են, ու ես կարծում եմ, որ դա էլ հատուկ քաղաքականություն է, որն իրականացվում է: 

Իհարկե, ամսական այդ գումարները տրվում են, բայց անգամ գյուղերում դա բավարար չէ այս պայմաններում նորմալ ապրելու համար, առավելևս, երբ մարդը վարձով է բնակվում: Դրան էլ գումարվեց արցախահայության անձնագրերի խնդիրը, թե դա ՀՀ քաղաքացու անձնագիր չէ, ինչը հիմա ևս խոչընդոտ է, ու մարդիկ ուղղակի չեն կարողանում աշխատանքի տեղավորվել, որովհետև նրանց ասվում է, թե քաղաքացիություն ստանալուց հետո միայն կարող են աշխատանքի անցնել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am