Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հանդիպման ընթացքում հնչեցվել է դժգոհություն և իրանական կողմին է ներկայացվել Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության հետ, որը չի համապատասխանում երկու երկրների հարաբերություններին հռետորաբանությանը»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։Այս մասին հայտնում է Infocom.am-ը:

Ըստ հաղորդագրության՝ նշվել է նաև, որ Ադրբեջանում անջատողականություն հրահրող և այլ երկրներում քրեական հետապնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է։ 

Ընդգծվել է, որ անընդունելի է Իրանում նման տեղեկությունների տարածումը, հակաադրբեջանական գործունեության իրականացումը, և ակնկալվում է, որ դրանք հնարավորինս շուտ դադարեցվեն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին էլ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն էր կանչվել Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա էր փոխանցվել հակաիրանական քարոզչության համար։