Ընդդեմ մոլուցքի. Խաղամոլների թվի աճին զուգահեռ, օրենսդիրները առաջարկում են վերահսկողության նոր մեխանիզմներ կիրառել

Ընդդեմ մոլուցքի. Խաղամոլների թվի աճին զուգահեռ, օրենսդիրները առաջարկում են վերահսկողության նոր մեխանիզմներ կիրառել
Ընդդեմ մոլուցքի. Խաղամոլների թվի աճին զուգահեռ, օրենսդիրները առաջարկում են վերահսկողության նոր մեխանիզմներ կիրառել

Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասի բնակչուհի Անուշ Նազարյանը շատ լավ է հիշում տարիներ առաջ հարեւան բակում կատարված ողբերգական դեպքը, երբ երիտասարդ կինը իրեն նետեց բարձրահարկի 10-րդ հարկից, քանի որ խաղամոլ ամուսինը տանուլ տալով ամեն ինչ` խաղասեղանին էր դրել կնոջ մարմինը:

«Ամբողջ թաղամասը ցնցված էր, սակայն, ոչ մեկս չէր մտածում, որ մոլախաղ ասածը օրերից մի օր մեզ էլ կհասնի, կմտնի մեր տները-«Մեդիալաբին» ասում է Նազարյանը,-ամենամոտ ընկերուհուս ընտանիքը մեկ տարի առաջ ստիպված հեռացավ Հայաստանից, քանի որ եղբայրը խաղացել ու կրվել էր ամեն ինչ`տուն-տեղ,  եւ մեծ պարտքերի պատճառով ինքնասպանության փորձ արել: Ոչ մեկը չէր կարողանում մղձավանջի վերջը դնել»:

Հոգեբանական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Սամվել Խուդոյանը, ով մոլախաղերով տարված անձանց հետ աշխատելու երկարամյա փորձ ունի, նշում է, որ վերջին տարիներին խաղամոլների թիվն առնվազն տասնապատկվել է:

«Խաղում են բոլոր խավերի, տարիքի, զբաղմունքի տեր մարդիկ,-«Մեդիալաբին» ասում է Խուդոյանը,-վերջին հինգ տարիներին մոլախաղերով տարվողների թիվը տասնապատկվել է: Պատճառները տարբեր են. ստրեսային իրավիճակներ, սպասումներ, հիասթափություններ»:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է սահմանափակել խաղատներ կատարվող այցելություններն, ըստ նախաձեռնության անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ստեղծված իրավիճակում կարող է եղանակ փոխել: (Նախագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը): 

Մարուքյանը նշում է, որ օրենքում լրացումներ կատարելու միտքն առաջացել է իրական խնդրի հիման վրա, երբ բազմաթիվ ընտանիքներ դիմել են իրենց` օգնություն խնդրելով:

«Մեզ դիմել են բազմաթիվ ընտանիքներ, ովքեր մոլախաղերի հետեւանքով դժբախտության մեջ են հայտնվել եւ մենք էլ համադրելով միջազգային փորձը` աշխատել ենք եւ ներկայացրել լրացումներ, որոնք իրապես կարող են շատ ընտանիքների համար փրկություն դառնալ»,-«Մեդիալաբին» ասում է Մարուքյանը:

Եթե Խորհրդային Հայաստանում խաղատներ ու խաղասրահներ չկային եւ խաղամոլներն իրենց կրքին հագուրդ էին տալիս ընդհատակյա վայրերում`ղումար խաղալով, ապա Հայաստանի անկախացումից հետո, վառվռուն լույսերով եւ ցուցանակներով խաղատներն ու խաղասրահները ավելի լայն հնարավորություններ բացեցին:

Թեեւ օրենքի համաձայն մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված խաղասրահներն ու խաղատները  2003 թվականին քաղաքից դուրս տեղափոխվեցին, իսկ այս տարվա հունվարի 1-ից ավելի մեծ սահմանափակումների շնորհիվ,  այդ կառույցների մեծ մասը 40 միլիարդ դրամից (մոտ 100 միլիոն դոլար) ավելի ներդրումային ծրագիր չունենալու դեպքում էլ ավելի հեռու` Սեւան, Ծաղկաձոր եւ Ջերմուկ կտեղափոխվեն, այնուամենայնիվ, ըստ մասնագետների, տարբեր պատճառներով պայմանավորված, մոլախաղերով տարվողների թիվը շարունակում է աճել:

«Եթե շատ երկրներում խաղատուն գնալը զվարճանք է, ապա Հայաստանում եւ երեւի թե Կովկասում ազարտի, խաղամոլության հետ է կապվում եւ հասարակության կողմից միանշանակ չի ընդունվում: Շատերը կուզենային կարողանալ վերահսկել իրենց, դրա վառ վկայությունը մեր մուտքի մոտ ամեն օր սպառվող հոգեբանի մեծ թվով այցեքարտերն են,-«Մեդիալաբին» ասում է Երեւանին մոտ գտնվող մեծ խաղատներից մեկի աշխատակիցը, ով ցանկացավ անանուն մնալ,-Օրենքի առկայության դեպքում մարդիկ ավելի պաշտպանված կլինեն»:

Էդմոն Մարուքյանը եւս հույս ունի, որ առաջիկայում սպասվելիք ԱԺ լսումներով հնարավոր կլինի լրացումները կյանքի կոչել: Նա նշում է, որ դա հնարավորություն կտա գործող մեխանիզմներ ունենալ:

«Նախ պետք է ունենալ մեխանիզմ: Այսօրվա գոծող օրենքով մինչև 21 տարեկան անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահ, բայց չունենք մեխանիզմ, որ անձնագիր ստուգեն, ճշտեն,-նշում է Մարուքյանը,- Իսկ լրացումներով մենք առաջարկում ենք այդ մեխանիզմները: Այլ կերպ օրենքն ինչպե՞ս կարող գործել: Պետք է այդ բացերը փակել»:

Օրենքի լրացումներով առաջարկվում է նաև վերահսկողության մի շարք այլ մեխանիզմներ: Օրինակ, քաղաքացին, ով չի կարողանում իրեն զսպել, կարող է իր`խաղատներ այցելությունները սահմանափակելու մասին դիմում ներկայացնել` նշելով որոշակի ժամկետ (6 ամսից մինչև 3 տարի):  Դիմումը եռօրյա ժամկետում պիտի տարածվի բոլոր խաղատներում` արգելելով դիմումատուի մուտքը տվյալ հաստատություններ:  Այս մեխանիզմը կարող է աշխատել նաեւ այն դեպքում, երբ հարզատները կարողանան համոզել մոլախաղերով տարված մարդուն նմանատիպ դիմում ստորագրել:

«Նշված կարգը կիրառվել է բազմաթիվ առաջադեմ երկրներում` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Սինգապուր, Էստոնիա և այլն և տվել իր բացառապես դրական արդյունքները»,-նշում է Մարուքյանը:

Նա նշում է, որ օրենքի մյուս լրացմամբ ընտանիքին նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու` խաղատներ կատարվող այցելությունները սահմանափալեկու կարգ կսահմանվի, որի համաձայն ըստ օրենքի` դատարանի վճռով կսահմանափակվի նրա մուտքը խաղատներ:

«Նման պրակտիկա կա, եւ Հայաստանում եւս կաշխատի, մարդիկ  գնում են խաղատներ, խաղասրահներ, քանի որ  պատկերացումներն այն է, որ գոյություն ունի բախտ, որ կարող է բերել եւ կարող է խաղալով հարստանալ»,-ասում է Սամվել Խուդոյանը` հույս հայտնելով, որ սահմնափակումների գործելու դեպքում իրավիճակ կփոխվի:

Սակայն այս կարծիքը չի կիսում հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշում է, որ արգելափակումն ու սահմանափակումները կբերեն նրան, որ մարդիկ փողոցում նարդի խախալու փոխարեն կսկսեն ղումար խաղալ եւ ամեն ինչ կտեղափոխվի ստվերային դաշտ:

«Լոտոներով էլ մարդիկ ուզում են մի տոմս գնել եւ միանգամից հարստանալ, պատահական չի, որ մեծ թվով լոտոները ի հայտ եկան սոցիալական վատ տարիներին: Մարդիկ ուզում են միանգամից հարստանալ, սակայն այդ ամենը օրենքով հսկել չի հաջողվի-«Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը,-մոլախաղի դեպքում ընտանիքը մեծ գործ ունի անելու: Ասում են չէ, ճակատագրի հետ ղուշ ու գիր մի խաղա, մեկա պատրվելու ես»:

Սակայն նրան հակադարձում է Էդմոն Մարուքյանը:

«Օրենքն ընդունվելու դեպքում` կգործի,-ասում է նա,- Եթե 10 ընտանիք էլ պաշտպանվի դրա շնորհիվ, էլի արդյունք է»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am