Հնի ու նորի սահմանագծին. Ծյունինգ

Հնի ու նորի սահմանագծին. Ծյունինգ
Հնի ու նորի սահմանագծին. Ծյունինգ

Հայաստանի տարբեր հատվածներում, հատկապես՝ Սարդարապատում և Ապարանում, որտեղ կերտվել են Մայիսյան հաղթական հերոսամարտերը, պաշտոնյաների մասնակցությամբ նշում էին Առաջին Հանրապետության օրը: Թվում էր, թե հերթական՝ 101-րդ տարեդարձն է ու առանձնապես անդրադառնալու խնդիր չկար:

Բայց միայն թվում էր և թվում էր՝ առաջին հայացքից: Փոքրիկ էքսկուրս անենք նախորդ՝ 100-ամյա տարեդարձին, երբ ԱԺ շատ հանրապետական պատգամավորներ չէին հրավիրել տոնական միջոցառմանը: Հիշո՞ւմ եք, թե ինչ աղմուկ բարձրացավ: Այն օրերի տրամաբանության մեջ դա շատ նորմալ էր ու հանրության լայն զանգվածների կողմից բնական ընդունվեց:

Անցավ ուղիղ մեկ տարի, ու փոխվեցին խորհրդանիշները: Սկսվել է սիմվոլների փոխանցումի մի շղթա, որի մասին անգամ չէր կարող նկարագրել Հանսենյուսը: Մարդ, ով այդքան մանրամասն խոսում էր մարդու բնածին շնորհների ու նրա նախասահմանվածության մասին:

Տեսարանը, որին ականատես եղանք, չափազանց հուզիչ էր: Իր մեջ ուներ անսահման սեր, հանդուրժողականություն և նվիրում առ սահմանների վերացում: Արագածոտնի մարզպետը սպասում է Աղվան Հովսեփյանի ժամանելուն: Տեսել եք երևի պաշտոնական ընդունելությունների ժամանակ, թե ինչպես է մի այլ երկրի նախագահը կամ վարչապետն իջնում ինքնաթիռից:

Կարմիր գորգ, ժպիտներ, ներկայացուցչական խումբ, ձեռքսեղմումներ, գորովանքով ընդունելություն: Երկու բան այս անգամ պակասում էին՝ կարմիր գորգը և ինքնաթիռը: Մնացածը՝ ինչպես ֆիլմերում կամ արարողակարգային ընդունելությունների ժամանակ: Սա այն դեպքում, հիշեցնեմ, երբ նախորդ տարվա հունիսից, փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հրամանով, Աղվան Հովսեփյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Քիչ անց այս շքերթին միացավ փոխվարչապետ Ավինյանը: Հիրավի վեհաշուք տեսարան էր: Առաջին շարքում կանգնած են՝ փոխվարչապետը, Արագածոտնի մարզպետը, Աղվան Հովսեփյանը: Այո՛, ընկերնե՛ր: Հետայսու ՀՀ-ում վերացած են բոլոր տեսակի անջրպետները: Չկա հնի ու նորի սահմանագիծ: Կան սեր և համերաշխություն:

Ինչո՞վ էր կարևոր այս դրվագը: Ես չգիտեմ՝ ներկայիս պաշտոնյաների քանի՞ տոկոսն է ըմբռնել «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսի իմաստը: Դատելով վերջին շրջանի իրողություններից՝ կարող ենք փաստել, որ նրանց տոկոսն առանձնապես մեծ չէ:

Պատասխանը շատ պարզ է:

Նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններն ուղղված չէին միայն Սերժ Սարգսյանի անձի դեմ: Պարզապես Սերժ Սարգսյանը համակարգի խորհրդանիշն էր: Համակարգ, որը հետևողականորեն ձևավորվել էր Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում: Համակարգ, որից հոգաչափ զզվել էր ՀՀ քաղաքացին:

«Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը նշանակում էր հնի մերժում: Հին համակարգի, օլիգարխների, քրեականների, խոսույթի, բարքերի, փչացածության, կոռուպցիայի, անարդարության, անհավասարության մերժում: Կարգախոսը ենթադրում էր բոլոր այն մարդկանց մերժում, ովքեր կերտել են այդ համակարգը և կանգնած են եղել համակարգի ակունքներում: Երիտասարդ իշխանավորների մի զգալի մասը, կարծես, սա թյուր է ընկալել կամ չի պատկերացնում ամբողջությամբ:

Հասարակությունը բարիկադների չբաժանելը չի նշանակում խրախճանցս յուր՝ հնով համեմված: Նշանակում է իրավականություն ու նոր մշակույթի ձևավորում:

Հարգելինե՛րս, մինչ դուք կնստեք խնջույքի հերթական ճոխ սեղանի շուրջ՝ գինովցած բույրով և փառքի շղարշով դույզն-ինչ կուրացած, փափուկ գահավորակներին հարմարված ու իրականությունից կտրված, կարող է արթնանաք շատ ուշ, այն պահին, երբ այլևս իշխանություն չեք ունենա: Իսկ այստեղ խնդիրը դուք չեք: Խնդիրը ձեզանից մի քանիսի իշխանություն ունենալ-չունենալու մեջ չէ: Խնդիրը Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրն է: Իսկ դեպքերի նման շրջադարձի պարագայում այն կլինի չափազանց մշուշոտ ու խստիվ կասկածելի:

Իսկ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, բնավ ձեռնտու չէ, որ հինը դառնա ծյունինգ արած նորը:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am