Յուրաքանչյուր տարի այս օրը պետական այրերն ու մայրերը, երիտիշխանավորներն ու երեսփոխանները, մարզպետներն ու մարդպետները (ամորձատված ներքինի) և այլ՝ դեմքի լրջության մեջ պաշտոնի գիտակցումն ամփոփած անհատները, նետվում են ճառասացության գիտակցախեղ հորձանքի մեջ։
Այս գործում անշուշտ անգերազանցելի են պետական այրերը, որոնք միմյանց հերթ չտալով գերազանցում են ճոռոմաբանության բոլոր աննվաճ դիրքերը։
Երևութական ճառ, որը կարող եմ վաճառել հաջորդ տարի.
«Սիրելի Ուսուցիչներ,
Դուք գիտելիքի, կրթության անխոնջ ու անշահ դեսպաններն եք, որոնք անտրտունջ բարձրացնում են լույսի խաչը դեպի խավարի Գողգոթան,- այս հատվածից սկսում ենք ընթերցել մեկ տոն բարձր:
– Ազգային իղձերի իրականացման գործում Ձեր գիտելիքն ու վարպետությունը, ստեղծելու կարողությունն ու սրբազան առաքելությունը, ինչպես նաև հոգատարությունն ու ներողամտությունը խիստ անհրաժեշտ են նոր մարտահրավերներին դիմագրավելու ու այս փոթորկահույզ կյանքի ընթացքի մեջ մեր սաների հայ դիմագիծը պահպանելու դժվարին ու պարտավորեցնող գործում (նեղ պահերին հայրենիքը մեզ վրա գցելու մասն է):
Մանկավարժը կոչում է, որը մաքրագործում է բոլորիս հոգիները: Սա այն մասնագիտությունն է, ուր նյութական շահը ամբողջովին տեղի է տալիս հոգեկան նախանձախնդրության և գաղափարական սկզբունքայնության առջև, ուր ամեն ինչ որոշում են նվիրումն ու հոգու ջերմությունը (թարգմանվում է որպես՝ աշխատավարձ չենք կարող բարձրացնել, հույս չունենաք)։
Մանկավարժ լինելն ինքնին գոյի ճանաչումն է, պատվի գիտակցումը հայրենիքի հանդեպ, էության արտացոլանքն այս դժնդակ իրականության հրկիզող ճիրաններում…»,- այստեղ թերևս կարելի էր հնչեցնել Windows օպերացիոն համակարգի կախելու երաժշտությունը։
Բնականաբար վերոնշյալ այրերն այս ուղերձները հղում են Գոթֆրիդ Բուլոնացու դեմքի այն արտահայտությամբ, երբ վերջինս հռչակվել էր Տիրոջ Գերեզմանի պահապան։ Եթե Վերգիլիոսը բարեբախտություն ունենար կարդալ մեր այրերի և մայրերի այս բոլոր ուղերձները, ապա վստահաբար կհրաժարվեր «Էնեականը» գրելու յուր ազնիվ առաքելությունից, Տոսկանական լիրիկայի վառ ներկայացուցիչներ Դանտե դե Մայանոն, Տիբերտո Հալիցիուսը, Մեո Աբրաչավակկան և այլք անշուշտ կայրեին իրենց բալլադներն ու կդադարեցնեին պոեզիան երգերից տարանջատելու անշնորհակալ գործը։
Իսկ զուգահեռ իրականությունում, կենացներից ու կեղծիքից, սին ճոռոմաբանությունից անդին ուսուցիչն է՝ իր կենցաղի մեջ խեղդված հոգսերով, որ կարծես չի էլ նկատում այն «սրբազան առաքելությունը»՝ շնորհված վերևներից։
Ընդհանրապես, իմ խորին համոզմամբ, ուսուցչությունն աշխատանք է երախտամոռության մասին, և հենց այստեղ արդեն բարեգործությունն է։ Իսկ եթե վերանանք նաև իմ կիսապաթոսային ձևակերպումից, ապա տակը մնալու է իրականությունը։
Խնդիրն օրվա խորհրդի, տոնի կամ դրա բնույթի մեջ չէ։ Խնդիրը մատուցման ու ձևի մեջ է, որը մեզանում խեղված է։ Իրականությունից հեռացած, խնդիրները կոծկող, վատի աչքերի մեջ նայելու քաջությունը բացառող։ Ընդհանրապես տոներն ունենում են տարբեր բաղադրիչներ՝ ծիսական, մասնակցային (սոցիալական), խաղային և այլն։
Իսկ եթե հավատանք Դյուրկհայմին և Էլիադենին, ապա տոնը պետք է լինի մարդկային գոյության սրբազան ու աշխարհիկ առանցքների անմիջական շփման շրջան։ Օրվա մեջ այս ամենը, գումարած սոցիալականը, վերանում է՝ փաթեթավորված մի քանի ծաղկով ու ճոռոմ ճառով։
Իրականում կարիք կար այս օրը խոսել խնդրից, քննարկել արածն ու չարածը, վերհանել խանգարողը, մտածել, թե ինչպես կարելի է անել, որ ուսուցիչն արժանապատիվ վարձատրվի, սոցիալապես պաշտպանված լինի, իրավունքը գերակայի, մասնագիտորեն աճի, այլ ոչ թե օրվա հացի հարց լուծելու ճանապարհին ստիպված լինի հանդուրժել տարատեսակ մանր ու միջին չինովնիկների մուննաթը և նրանց ինքնահաստատման բարդույթի կապանքներին բավություն պարգևի։
Վահրամ Թոքմաջյան
MediaLab.am