Իսկ ո՞ւր է Հայաստանը

Հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին գնալու է տեղամաս եւ քվեարկի։ Քվեարկի խղճով, քվեարկի գաղափարով, քվեարկի փողով, քվեարկի հանուն շահի, քվեարկի հանուն ապագայի․․․

Լավ, վերջինի պաթոսը շատ էր։ Մենք վաղուց չունենք գիտակցված ու ծրագրային ընտրություններ։ Մեր ընտրությունների տրամախոսությունը շատ վաղուց տատանվում է մաշկի պաշտպանության եւ «ընդդեմի» ոլորաններում։ Մեր քվեարկությունը շատ վաղուց «ինչ-որ բանի մասին է»։ Եթե Խորհրդային Միությունից անկախանալուց մենք քվեարկում էինք ու խոսում «ինչ-որ բան», ապա արդի քաղաքական պառնասում վաղուց չի ստեղծվում «ինչ-որ բան»։ 

Ամեն ինչ պտտվում է «ինչ-որ բանի մասին» սատանայական առանցքի շուրջ։ 

Սա բնորոշ է ճգնաժամային դարաշրջաններին, որում մենք այժմ ապրում ենք։ Բնահատուկ դարաշրջաններն ունեն հավատի, սիրո, ընտրության խիզախում։ 

Իսկ մեր քաղաքական ապրելափուլում ճգնաժամային դարաշրջանի խիզախումը կամ գիտական փառաբանյալ ճշմարտությունների ուրացումը չի դրսեւորվում «ինչ-որ բան» ստեղծելով։ Այն դրսեւորվում է անկամության, սիրո, երկչոտության, ընտրության վճռականության քողարկումով, որն արտահայտվում է ներքին դատարկությունը ծածկելու փորձ արվող քաղաքական կանոններով։ 

Երբ մարդիկ օտարված են խորքային մտածողության ձեւերից, երեւույթների էութենականությունը քնարերգելուց, ապա ավելի հեշտ է դառնում խոսել պարզապես ինչ-որ բանի մասին։ Այստեղ պատասխանատվությունն ավելի քիչ է կամ գրեթե բացակայում է ինչպես մեր քաղաքական ուժերի պարագային մեջ։

Մեկ քվեատուփ, երկու վեկտոր, երեք մայրաքաղաք

Հայաստանյան ընտրությունների ժամանակ միշտ քննարկվել է այս կամ այն աշխարհաքաղաքական բեւեռի ազդեցությունը կամ «ինչ-որ մեկի մարդը» լինելը։ Դա իմացել ենք լուռ, խոսել թաղային մակարդակում, քննարկել փորձագանգերի ոչինչ չասող տեքստերով ու որպես աքսիոմ արձանագրելով անցել առաջ։ 

Թրամփից հետո աշխարհաքաղաքական շահերի գաղտնի լաբիրինթոսները վերածվեցին հանրային հրապարակների, իսկ դիվանագիտական նուրբ սակարկությունները՝ զանգվածային սպառման աղմկոտ տոնավաճառի։ Լրջության եւ բարեկրթության միֆերը վերջնականորեն իրենց տեղը զիջեցին իրականությանը զուգորդվող «քուչի ուղիղ բազարին»։ Այստեղ արդեն ակամա հավատում ես Սաակաշվիլուն, երբ վերջինս պնդում էր, թե տեսախցիկներն անջատելուց հետո Պուտինը ողջունեց «ձիու կծածով» (դա մի գործողություն է, երբ մարդու ազդրի ներսի հատվածը բռնում եւ ուժգին ցավեցնում են) եւ մայր հայհոյեց։

Այդ տոնավաճառի կենտրոնական տաղավարն այսօր Հայաստանն է։ Դիվանագիտական էթիկետի սառը ժպիտներն այլեւս անցյալում են. մեծ ուժերը դադարել են թաքնվել ձեւակերպումների ետեւում եւ հայտարարում են իրենց շահերի մասին՝ առանց ավելորդ շպարի ու սեթեւեթանքի։ 

Ընտրական այդ դաժան մրցավազքի 18 մասնակիցներից առնվազն 14-ն այսօր դարձել են այդ շահերի խոնարհ սպասավորները՝ երբեմն կոպիտ ու բացահայտ ծառայություններով, երբեմն էլ՝ զանգվածներին հմտորեն մոլորեցնելով։ 

Հայաստանն ու քաղաքացին նրանց համար սոսկ թատերաբեմ են, գործիք. նրանց իրական կոչումը տառապյալ հարճի հոգեբանությամբ տիրոջը հաճոյանալն է։ Բավարարել նրան աննահանջ ու կատարյալ։ Նրանք պատրաստ են սակարկության սեղանին դնել ու վաճառել ամեն ինչ, միայն թե տիրոջ դեմքին գոհունակության սառը ժպիտ հայտնվի։ 

Նրանց տեքստերը Հայաստանի մասին չեն, հայաստանցու մասին չեն, պետության շահի մասին չեն։ Նրանց տեքստերը ծառայամտության մոլագարության մասին են։

Կրեմլյան ախորժակ

Պարտություն կրելով դիվանագիտական բոլոր ուղղություններով՝ Կրեմլն այս պահին իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Հայաստանում։ Դա անում է չափազանց բաց ու ուղիղ, ինչպես չի արել երբեք։ Նույն շանտաժներն են, ինչ նախկինում, սակայն այս անգամ առանց դիվանագիտական ստվերների, առանց ծանր վարագույրների։ Նիկոլ Փաշինյանին նրանք շանտաժի են ենթարկում նույն զինանոցով, ինչը կիրառում էին Սերժ Սարգսյանի նկատմամբ, սակայն մինուս Ղարաբաղ։

Այստեղ ինձ ավելի շատ վախեցնում է նաիրի հունանյանի ողջության սիմվոլիզմը։ Միշտ կճարվի մի նաիրի հունանյան, որը, ըստ ականատեսների, հոգեխանգարված, բայց դեռ ողջ է։

Նրանք շատ լավ գիտեն, որ այս տնտեսական եւ քաղաքական դասավորումների պարագայում Հայաստանի կորուստը լրացուցիչ բեռ է։ Ուստի հարվածները ոչ թե Հայաստանը կորցնելու համար են, այլ հունիսի 8-ին շատ թույլ Նիկոլ Փաշինյան ունենալու, որը պատրաստ կլինի նոր զիջումների։

Հայաստանը դուրս չի գալու ԵԱՏՄ-ից՝ անգամ միջնաժամկետ հեռանկարում։ Տնտեսական այդ թելերը հյուսվել են շատ երկար տարիներով, եւ մեկ կամ երկու տասնամյակն անգամ շատ քիչ է այլընտրանքների համար։

Քարոզիչների մաղձը

Հայաստանի քաղաքացին հավասարապես պետք է հեռու մնա ռուսապաշտներին վստահելուց եւ արեւմտյան դրախտ խոստացողներից։ Նրանք չեն ծառայում Հայաստանին։ Պուտինատյացության մաղձը մի կողմին, Արեւմուտքի հրեշացումը մյուս կողմին կուրացրել են։ Նրանք կորցրել են բանականությունը եւ հայտնվել կեղծ աշխարհում։ Այդ աշխարհում փոխզիջումային դուալիզմ չկա։ Կա մեկի կամ մյուսի կործանման երազանք, որի արդյունքը սակայն կարող է լինել միայն Հայաստանի վնասումը։ Միգուցե նրանք սրտի խորքում ծարավ են գիտակցության ռացիոնալիզմին, սակայն այլեւս ուժ չունեն հաղթահարելու մատուցված հավատքները՝ «ռսապաշտությունը» կամ «արեւմտահարումը»։

Ի՞նչ անել

Անկախ քաղաքական ուժերի խոսույթից, վերաբերմունքից, այս կամ այն բեւեռի տակը պառկելու բուռն մղումից՝ Հայաստանի քաղաքացին պետք է մնա սթափ։ Հայաստանի քաղաքացին պետք է իր մտքի առանցքում ունենա Հայաստանը՝ ֆիլտրելով անբովանդակ աղմուկը եւ բոսխյան մղձավանջը։ 

Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացին միայնակ է լինելու քվեախցիկում։ Հայաստանի քաղաքացին պետք ունի վերանալու այլոց շահերից, այլոց պարտադրանքներից։ Հայաստանի քաղաքացու երազանքը քվեարկության պահին դատապարտված է լինել միայն ու միայն Հայաստանը։ Հայաստանի քաղաքացին ստիպված է ազնիվ լինել Հայաստանի հանդեպ ու չվաճառել Հայաստանը։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am